Ընդդիմադիր «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին դատարանը երկու ամսով կալանավորեց:
Կալանքի սանկցիան, նրա փաստաբանի գնահատմամբ, իրավաչափ չէ, բողոքարկելու են:
Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց հունիսի 24-ի առավոտյան: Իրավապահները խուզարկել են նրա բնակարանն ու նրան տարել: Մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ՝ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար:
Ըստ Քննչականի՝ ընտրություններից առաջ Ավետիք Չալաբյանը հանդիպել է այլ պետության պաշտոնյաների հետ, նրանց դրդել, որ իրենց ազդեցությունն օգտագործեն ու գործարարների միջոցով նրանց կազմակերպություններում աշխատող մարդկանց ուղղորդեն գալ Հայաստան ու քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին:
Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ-ից: Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:
Ո՞վ կղեկավարի օգոստոսին ձևավորվող նոր խորհրդարանը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առանցքային պաշտոնի շուրջ ինտրիգն առաջիկա օրերին կհանգուցալուծվի:
«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ինքնառաջադրումների փուլն ավարտվել է երեկ, բայց ներկուսակցական քվեարկության հստակ օրն ու ձևաչափն այս պահին դեռ հայտնի չեն։ Պարզ չէ՝ վարչությունն ընտրությունը կատարելու է բաց, թե՞ փակ, գաղտնի քվեարկությամբ։
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով բացառել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկայում կայանալիք ընտրությունների վեճի վերաբերյալ գործի քննությանը։
Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ փաստարկները, որոնք ներկայացրել են, վերաբերում են թե Սեդա Սաֆարյանի հրապարակային ելույթներում արտահայտած «կողմնակալ դիրքորոշմանը», երբ նա շնորհակալություն էր հայտնում իշխանությանը՝ իրեն այդ պաշտոնում առաջադրելու համար, թե «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեցած բացասական ու կողմնակալ վերաբերմունքին և թե նաև այն հանգամանքին, որ 2021-ին, երբ Սեդա Սաֆարյանը դեռ դատավոր չէր, ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ընտրական ցուցակով։
Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» հայտնեց, որ դիմում են ներկայացնելու բարձր ատյան, որպեսզի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ուրբաթ մեկնարկելիք դատավարությանը ճանաչվի անհնարին՝ կողմնակալության հիմքով:
Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:
Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, իսկ 2021-ին Բաբաջանյանը Սաֆարյանի հետ նույն դաշինքում էր:
Սահմանադրական դատարանը հաղորդում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորել են և քննվելու են դատարանի նույն նիստում՝ հունիսի 26-ին:
Բարձրագույն դատարանը ««Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներիի, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա`Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը քննության է ընդունել այսօր կայացած աշխատակարգային նիստում:
«Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով», - ասված է ՍԴ հաղորդագրությունում:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին:
Ըստ Դատալեքս տեղեկատվական կայքէջի՝ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցից Կարապետյանը պահանջում է հերքել իր հասցեին արված հայտարարությունն ու զրպարտության համար վճարել մեկ դրամ:
Քաղաքացիական դատարանն օրերս վարույթ է ընդունել հայցադիմումը:
Ընդդիմադիր Կարապետյանը դիմումի մեջ հիշատակել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր հասցեին արված իրավապահների հայտարարությունը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»:
Կարապետյանը դատարանին խնդրում է քննել ու պատասխանատվության ենթարկել Քննչականին այս «զրպարտության» համար, պահանջել հերքման տեքստ հրապարակել և մեկ ամիս պահպանել Քննչականի պաշտոնական կայքէջում, Ֆեյսբուքի և Տելեգրամի հարթակներում:
Հայաստանի երկրորդ նախագահը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ռոբերտ Քոչարյանը Վարչական դատարանին խնդրում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին ԿԸՀ որոշումը:
Գլխավոր դատախազությունն էր օրերս դիմել հանձնաժողով, խնդրել համաձայնություն տալ՝ քրեական հետապնդում սկսելու երկրորդ նախագահի դեմ: Դռնփակ նիստում հանձնաժողովը տվել էր իր համաձայնությունը, ինչից հետո մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:
Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել հայցադիմումը, որում որպես երրորդ անձ է որոշվել Գլխավոր դատախազությունը: Առաջին նիստը նշանակված է հունիսի 24-ին:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է», - ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասված է Ֆիցոյի ուղերձում:
«Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է այն բանի, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը, որոնք են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։
Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը նաև հնարավորություն կընձեռի Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում Ձեր փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ», - հայ գործընկերոջը գրել է Սլովակիայի վարչապետը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է ներկայացրել՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում կրկին պնդեց, թե գործող իշխանությունը խորհրդարանական ընտրություններին «գործադրել է ողջ վարչական ռեսուրսը»:
Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Սահմանադրական դատարանից, Մինասյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ այս Սահմանադրական դատարանն ի վիճակի չէ իրականացնելու, իսկ, եթե այնքան կամք ունենա, որ բացահայտ ճշմարտություններն արձանագրելով հանդերձ՝ անվավեր ճանաչի ընտրությունները և իրականացնի մեկ այլ կարևոր առաքելություն՝ սահմանադրականություն ապահովելու համար տա հնարավորություն արգելելու այս հակաիրավական քաղաքական միավորին և նրա ղեկավարին հետագայում երկիրը կառավարելու հնարավորությունից, նշանակում է՝ ժողովուրդը կկարողանա համախմբվելով կազմակերպել և կատարել նորմալ ընտրություն»:
Իշխանությունից բազմիցս հայտարարում են՝ ընդդիմության կողմից ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մասին: Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարեց. «Այս պրոցեսներն ավարտվելուց հետո, այնուամենայնիվ, բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են ազատ թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով: Այլ է հարցը, թե մինչև ընտրություններն ինչպիսի մեծ սխեմաներ են օգտագործվել ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ինչպես նաև ընտրակաշառքների, մարդկանց բերելու, ուղղորդված ընտրություն կազմակերպելու ուղղությամբ, որը բացառապես արել է հենց ընդդիմադիր դաշտը, ոչ թե իշխանական կողմը»: