«Ուժեղ Հայաստան» դաշինքի լիազորված անձը մի քանի տասնյակ տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու դիմումներ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, «Ազատությանը» փոխանցեց պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:
Իսկ հարցին՝ Սահմանադրական դատարանում պատրաստվո՞ւմ են վիճարկել հունիսի 7-ի խոհրրդարանական ընտրության արդյունքները, Մելոյանը պատասխանեց՝ որոշում կկայացնեն վերջնական արդյունքների ամփոփումից հետո:
«Բարգավաճ Հայաստան»-ի պահանջով թիվ 27/7 և թիվ 27/26 ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին կավելանա 92 ձայն:
Թիվ 27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվեց՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե միտում չի եղել , այլ ընդամենը «թվերը մուտքագրելու ժամանակ կայքի առաջին տողը թռել է, և մեկ վանդակով բոլորի թվերը շեղվել է»:
Թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո էլ պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ:
ԿԸՀ-ն, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արձանագրած անճշտությունները կուղղվեն ու արդեն արտացոլված կլինեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում, ինչպես նաև կիրակի օրը հրապարակվելիք ընտրությունների վերջնական արդյունքներում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը:
«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:
ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել, այդ թվում թիվ 27/7-ում, որտեղ, ինչպես պնդում է, 77 ձայներից 76-ը չէր հաշվարկվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ):
Ըստ ԿԸՀ-ի, ընդհանուր թվով 30 դիմում են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք և թեկնածուներ։
«Վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել», - նշվում է հայտարարությունում։
Ավելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա փոխանցմամբ՝ մոտ 2 տասնյակ ընտրատեղամասերում դիմել են վերահաշվարկի համար:
«Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմտնի Ազգային ժողով, թե ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ:
«Վերահաշվարկի արդյունքում կինանաք՝ «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը [Ազգային ժողով] մտնում է, թե չէ: Կհասկանանք՝ Ազգային ժողովում հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ ընդդիմությունն իր խոսքն ասի, որից հետո պարզ կլինի ԱԺ-ը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու ապօրինություններին, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել: ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ», - ասաց Նարեկ Կարապետյանը:
«Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին՝ խաղաղության ձգտման ճանապարհին», - շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու»՝ TRIPP-ի իրականացումը։ Մենք ակնկալում ենք միասին աշխատել՝ Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու ուղղությամբ»:
Ավելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ կվիճարկի քվեարկության արդյունքները: Նրա խոսքով՝ այս պահին հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր մյուս գործընկերների հետ: Թե ո՞ւմ մասին է խոսքը, նախկին նախագահը չի հստակեցրել:
«Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում», - նշել է Քոչարյանը:
«Ազատության» տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, նշել է.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտ ապագան։ Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական Միությանը մերձենալու գործընթացում»:
«Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան». Կոս
«Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է»,- շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ շարունակելով. - «Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը՝ հօգուտ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի»:
«Այսօր մենք նաև սկսում ենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբի շրջանակում՝ մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար»,- ընդգծել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը: