Մատչելիության հղումներ

Հետընտրական զարգացումները Հայաստանում

Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը

17:50 19.6.2026

Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժը» ևս դիմել է Սահմանադրական դատարան: Կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք ևս վիճարկում են ընտրությունների արդյունքները:

«Մենք քիչ առաջ մուտք արեցինք մեր դիմումը, որով ևս պահանջում ենք չեղյալ համարել ընտրությունների արդյունքները: Մի շարք դրվագներով ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մեզ մոտ խորը մտահոգություններ ու կասկածներ կան դրա արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության վերաբերյալ: Խոսքը վարչական ռեսուրսի կիրառման մասին է, հանրային ռեսուրսների, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության ոչ հավասարաչափ բաշխման մասին է, ընտրակաշառքների վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններն են, որոնք մեր կարծիքով պետք է կոնկրետ գնահատական ստանային: ի վերջո ԿԸՀ-ի կողմից հունիսի 17-ին կայացրած որոշումը՝ հրաժարվելը 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպել», - ներկայացրեց Կարապետյանը:



17:50 19.6.2026

Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմել է Սահմանադրական դատարան:

«Մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

«Հանուն Հանրապետությունը» հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում բարձրացնելու է «ընտրակաշառքի համակարգային ազդեցության հարցը՝ որպես ընտրությունների սահմանադրականության գնահատման առանցքային հիմքերից մեկը»։


16:31 19.6.2026

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից:

15:50 19.6.2026

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերը» դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։

13:58 19.6.2026

Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

ՍԴ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

12:15 19.6.2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Եղիազարյանը մի խումբ անձանց հետ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք է տվել՝ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ընտրակաշառքի չափը կազմել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին:

12:14 19.6.2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։

17:20 18.6.2026

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը չի հստակեցրել, թե արդյոք վերցնելո՞ւ են մանդատները և գնալո՞ւ են խորհրդարան, թե՝ ոչ: Միայն նշել է, որ այդ հարցը պետք է քննարկել ժողովորդի հետ՝ բաց, ուղիղ եթերում, ցույց տալով և՛ մանդատները վերցնելու, և՛ չվերցնելու մինուսներն ու պլյուսները: Ամեն դեպքում, 29 մանդատ ստացած դաշինքի առաջնորդը պնդել է՝ Փաշինյանի ցանկությունն է, որ իրենք մանդատները չվերցնեն:

Կարապետյանն ի պատասխան ընդդիմության հասեցին հնչող մեղադրանքներին, թե ընտրակաշառքով են ընտրվել, հենց Փաշինյանին է մեղադրել նույն կերպ ընտրվելու համար. - «Ով մեր կուսակացության կողմից ընտրակաշառաք թեկուզ 100 դոլար բաժանել է, նա Նիկոլ է, չկա այդպիսի բան»:

Հակադարձելով վարչապետ Փաշինյանի այն ձևակերպմանը, թե ջախջախելու է եռագլուխ ուժերին, Սամվել Կարապետյանն ասել է. - «Եռագլուխը չկա, արդեն մենք 500 հազար գլուխ ենք, ավելի ճիշտ 700 հազար գլուխ ենք, եթե հաշվենք փոքր կուսակցությունների ձայները, իրենք պետք է գործ ունենա ոչ թե 3 գլխի հետ, այլ 600-ից 700 հազար գլխի հետ: Եվ այդ գլուխները ամեն օր շատանալու են»:

17:19 18.6.2026

«Կեղծված ընտրություններն ու նոր տարածքային զիջումների կանխումը» կլինեն միավորվող ընդդիմության օրակարգային գլխավոր հարցերը, - «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ընդդիմադիր ուժերի համախմբման» գործընթացի մասին նախօրեին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,- ասել էր Կարապետյանը։

17:12 18.6.2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանին ու Ասատուր Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Աշոտ Եղիազարյանին մեղադրանք առաջադրելուն ու ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG