Մատչելիության հղումներ

Հետընտրական զարգացումները Հայաստանում

Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը

17:10 18.6.2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը երկու ամսով կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։

Ղազինյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության հոդվածով։ Նա մեղադրանքը չի ընդունում։

18:29 17.6.2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը:

17:20 17.6.2026

Թիվ 10/51, թիվ 35/65 և թիվ 12/13 տեղամասերում, որտեղ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է նշանակվեր վերաքվեարկություն, ինչը կապահովեր այդ տեղամասերի ընտրողների իրավունքի վերականգնումը, վստահ է «Անկախ դիտորդ» դաշինքը:

Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև «Բարգավաճ Հայաստան»-ի բողոքը քննող վարչական դատարանը, ընդգծում է «Անկախ դիտորդ»»-ը ընտրությունների իր նախնական գնահատականում կատարած լրացման մեջ:

Դաշինքը համարում է, որ այս տեղամասերում վերաքվեարկությունը չնշանակելը «ապօրինի է և խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը», և պատրաստվում է «հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով»:

16:08 17.6.2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու նրան ազատությունից զրկելուն, ինչի համար միջնորդություններ էր ներկայացրել Դատախազությունը:

Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նիստից հետո փոխանցեց, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը:

14:48 17.6.2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի երեք և «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու թեկնածուներին վերաբերող Դատախազության միջնորդությունները:

Բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի, Դատախազությունը մյուս չորս թեկնածուների՝ Ռուսլան Բարսեղյանի, Ասատուր Քոչարյանի, Աշոտ Եղիազարյանի և Դավիթ Ղազինյանի նկատմամբ ոչ միայն մեղադրանք առաջադրելու միջնորդություններ է ներկայացրել, այլև՝ ազատությունից զրկելու:

Քոչարյանին ի՞նչ գործով են ուզում մեղադրանք առաջադրել, օրեր շարունակ իրավապահները լռում են:

16:49 16.6.2026
Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.
Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ «ձևավորվող խորհրդարանը լեգիտիմ չէ»։

«Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի անվան Սահմանադրական դատարան դիմելը նպատակահարմար չենք համարում։ Մենք համոզված ենք, որ դատական իշխանությունը անկախ չէ և ամբողջությամբ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին» ,- «Ազատությանը» փոխանցեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ը ընտրություններում ստացել է շուրջ 7 հազար ձայն:

11:22 16.6.2026

Արդեն հինգ ընդդիմադիր ուժեր հայտարարել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին: Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքներից, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից և Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ից բացի, այսօր Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարեց նաև նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը: Կուսակցությունը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էր վիճարկել ընտրությունների արդյունքները:

Բարձրագույն դատարանը դիմումներն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

22:34 14.6.2026

««Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է»,- հայտարարել է դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը:

22:14 14.6.2026

ԿԸՀ որոշումից հետո վեց կուսակցություններ հայտարարություն տարածեցին.

«Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»:

Հայտարարության տակ ստորագրած կուսակցություններն են.

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք

«Հայաստան» կուսակցությունների դաշինք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցություն

ԿԸՀ նիստի ընթացքում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց.- «Ընտրությունների ժամանակ լիարժեք ապահովվել է ՀՀ քաղաքացիների կողմից իրենց ընտրական իրավունքի իրացումը, քաղաքացիները լիարժեք իրացրել են իրենց ընտրական իրավունքը: Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա միակ համատարած բանը, որ արձանագրվել է այս ընտրությունների ընթացքում դա մասսայական ընտրակաշառքի բաժանումն է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, նշելով.- «Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել: Սա է քաղաքական օրակարգը»:

22:13 14.6.2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանալով 58 287 քվե կամ 3.9893 տոկոս, այսպիսիով խորհրդարանում ներկայացված չի լինի:

ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է 3, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 1 մանդատ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG