Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրական տեղամասի՝ 12/13-ի քվեարկության արդյունքները:
ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ 8-րդ համարը Ազգային ժողովրդավարական բևեռն էր:
ԿԸՀ որոշել է թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, արձանագրել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրատեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվել են զրո։
Թիվ 12/13-ի ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Հա՛մ կեղծված են, հա՛մ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում: Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել է: Փաշինյանը չի հաղթել, մենք էլ չենք հաղթել ընտրությունները», - ասաց նա:
Սամվել Կարապետյանը հայտնեց, որ դիմել են ԿԸՀ, դիմելու են նաև Սահմանադրական դատարան երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ:
«Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ճիշտ կլինի 2-րդ փուլով որոշենք՝ հաղթել են, թե չէ», - ասաց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը:
Լրագրողի հարցին՝ եթե ԿԸՀ-ն ու ՍԴ-ն մերժեն դիմումները, իրենք կգնա՞ն խորհրդարան, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Մեր հարցը խորհրդարանն ու խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, որովհետև այս երկիրը դարձրել է դուքան, ինչ ուզում են անում են: Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան»:
«Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավորի թեկնածու, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում ընդունեց, որ երկու ընտրատեղամասերում, որտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները, խախտում է եղել, բայց միևնույն ժամանակ պնդեց, որ արդյունքները չեղյալ հայտարարելուն զուգահեռ՝ ԿԸՀ-ն պետք է նաև որոշում կայացներ վերաքվեարկություն անցկացնելու մասին: Սուրենյանցը դիտավորություն է տեսնում, որ այդ մասին չի հայտարարվել հենց երեկ, և լուրջ մտավախություն ունի, որ դա չի արվելու նաև կիրակի օրը:
Պատգամավորի թեկնածուի համոզմամբ՝ ԿԸՀ-ն ընտրողաբար է գործել և խնդիր է ունեցել ԲՀԿ-ին դուրս թողնելու խորհրդարանից:
Որպես «Բարգավաճ Հայաստան»-ի պաշտոնական դիրքորոշում՝ Սուրենյանցը բացառեց որևէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի հետ և հայտարարեց, թե վարչապետի հետ քննարկում կարող է լինել միայն մեկ հարցի շուրջ՝ նրա հեռացման:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկու ընտրատեղամասերի հետ կապված, որտեղ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է վերաքվեարկություն նշանակվի:
Մաթևոսյանը վկայակոչեց իր իրավաբան գործընկերներին, որոնց հետ զրույցներում է պարզել վերոհիշյալը:
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդեց՝ իշխանության կողմից օգտագործվել է վարչական ռեսուրս, խոսեց քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի տարածման և ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների մասին:
«Ուժեղ Հայաստան»-ը կասկածելի է համարում «Քաղաքացիական պայմանագրի» առնվազն 100 հազար ձայները:
Վարդևանյանը պնդում է, որ ՔՊ-ն չի հաղթել, և պետք է լիներ երկրորդ փուլ:
ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը քննարկելու է այս կիրակի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու օրը:
Ի դեպ, այսօր ԿԸՀ ներկայացրած դիմումում «Ուժեղ Հայաստան»-ը նաև վերաքվեարկության պահանջ է ներկայացրել, որի մասով հանձնաժողովը պետք է առանձին որոշում կայացնի:
Ըստ Արամ Վարդևանյանի՝ եթե վիճարկվող ընտրատեղամասերի քվեարկությունն ազդում է ընտրությունների արդյունքի վրա, պարտավոր են վերաքվեարկություն իրականացնել:
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ կուսակցությունն «սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին»։
«Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար», - ասված է ԲՀԿ առաջնորդի հայտարարությունում:
«Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ», - հայտարարում է Գագիկ Ծառուկյանը:
«Բարգավաճ Հայաստանը» երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքը անվավեր ճանաչելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը «ուղիղ հարված» է համարում իրեն, որի նպատակն է «թույլ չտալ կուսակցությանը անցնել խորհրդարան»:
«Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ-ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է», - հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ-ն, որ նախնական արդյունքներով չի հաղթահարել խորհրդարան անցնելու 4 տոկոսի շեմը, այս օրերին փորձում է վերահաշվարկի միջոցով ստանալ պակասող 0.004 տոկոսը:
ԿԸՀ երեկ ուշ երեկոյան կայացած նիստում անվավեր ճանաչեց 35/65 և 10/51 տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ այդտեղ քվեարկողների թիվը 0 համարեց:
«Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը», - «Ֆեյսբուքում» գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, թե բողոքարկելու են ԿԸՀ-ի որոշումը:
Վիճահարույց տեղամասերում քվեարկել էին զինվորները, ընդ որում՝ քվեարկությունը տեղի էր ունեցել ժամը 20:00-ից, այսինքն տեղամասերի փակվելուց հետո: Ընդդիմությունը և դիտորդները սա խախտում էին համարել:
Արձագանքելով ընդդիմադիր ուժերի պնդումներին, որ անվավեր ճանաչելով «գողացվել են ԲՀԿ-ի քվեները», իշխող «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իր հերթին ընդդիմադիր ուժերին է մեղադրել. - «Զինվորների քվեարկությամբ պայմանավորված՝ ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։ Ցանկացած մի անգամ, երբ այս ընդդիմությունը առաջիկա հինգ տարիներին կարտասանի «բանակ» կամ «զինվոր» բառերը, նրանք պիտի հիշեն, որ հերթափոխից իջած ու քվեարկած զինվորների ձայնն անվավեր սարքելու պրոցես են գեներացրել»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում:
ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ թիվ որոշումներ էին կայացրել համապատասխանաբար թիվ10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
ԿԸՀ-ն որոշել է թիվ 10/51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 287, արձանագրել որպես տվյալ տեղամասում անճշտությունների գումարային չափ, թիվ 35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 315՝ որպես տվյալ տեղամասում անճշտությունների գումարային չափ: Երկու ընտրական տեղամասերի արձանագրությունների մյուս արդյունքները՝ բացառությամբ անճշտությունների չափերի, արձանագրվել են զրո:
Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն, ասված է հաղորդագրությունում:
Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված՝ ըստ տեղամասերի քվեարկության աղյուսակավորման, թիվ 10/51 ընտրատեղամասերում առաջատար չորս ուժերի միջև քվեները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 630 ձայն, «Ուժեղ Հայաստան»՝ 222, «Հայաստան»՝ 122, «Բարգավաճ Հայաստան»՝ 131:
Թիվ 35/65 ընտրատեղամասում պատկերը հետևյալն է՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 593, «Ուժեղ Հայաստան»՝ 306, «Հայաստան»՝ 148, «Բարգավաճ Հայաստան»՝ 82:
Ըստ այդմ՝ երկու ընտրատեղամասերի հանրագումարում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 1 223 քվե, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 528, «Հայաստան»-ը՝ 270, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 213 ձայն:
«Ուժեղ Հայաստան» դաշինքը պատրաստվում է վաղը դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելու «չեղարկել ընտրության արդյունքները և վերանայել իշխող ուժի ձայները»:
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտնել է՝ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առարկայական պատասխան չստանան, կդիմեն նաև Սահմանադրական դատարան:
Նարեկ Կարապետյանը պնդել է, թե ընտրություններում կեղծիքներ են եղել, պետական աշխատողներին, զինվորներին ուղղորդել են քվեարկել Փաշինյանի կուսակցության օգտին:
Տեղական և միջազգային դիտորդներն ընտրություններից հետո իրենց նախնական զեկույցներում նշել են, որ գրանցված խախտումները չեն ազդել ընտրության արդյունքների վրա:
Արձագանքելով «Ուժեղ Հայաստանին»՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ընտրության արդյունքները վիճարկելով՝ ընդդիմությունը ցանկանում է արդարացնել մանդատներ վերցնելը, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի խոսույթը նույնական է ռուսական հեռուստալիքների խոսույթին:
«Իսկ կարո՞ղ է դիմեք, բաժանված փողերն էլ հետ պահանջեք», - հեգնել է Սիմոնյանը՝ հավելելով. - «Բարի գալուստ Ազգային ժողով, ես տենց էլ գիտեի, որ դուք մանդատները վերցնելու եք»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. - «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ, և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում»:
«Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի», - գրել է Էրդողանը՝ Փաշինյանին մաղթելով առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն: