Մատչելիության հղումներ

Հետընտրական զարգացումները Հայաստանում

Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը

15:33 11.6.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է որևէ պայմանավորվածություն՝ գործարք Գագիկ Ծառուկյանի հետ, որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների նախնական արդունքներով չի հաղթահարում անցողիկ շեմը ձայների չնչին տարբերությամբ:

Եթե ընդդիմադիր գործարարի նախաձեռնած վերահաշվարկների արդյունքում պակասող քվեները լրացվեն ու «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարան մտնի, մանդատներ կկորցնի «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ զգալի թուլացնելով դիրքերը Ազգային ժողովում: Փաշինյանի կուսակցությունը կկորցնի 3/5 մեծամասնությունը, ինչի հետևանքով չի կարողանա միայնակ՝ առանց ընդդիմադիրների ձայների ընդունել սահմանադրական օրենքներ, հաստատել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը:

21:53 10.6.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»։

«Ես շատ հպարտ էի աջակցելու նրան վերընտրվելու հարցում և կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության ու հաջողության այնպիսի մակարդակների, որոնք կգերազանցեն բոլորի ամենահամարձակ սպասելիքները», - գրել է Թրամփը Truth Social-ում։

12:57 10.6.2026

Այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում. ԿԸՀ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում:

«3 ուժերից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից, «Միասնության թևեր» կուսակցությունից մենք ստացել ենք վերահաշվարկի դիմումներ»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ շարունակելով.- «Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն այդպես է ցանկացել»:

Վահագն Հովակիմյանն ասաց նաև, որ 2005 տեղամասերից միայն 5-ի հետ կապված արձնագրությունները եղել են ճշգրիտ, բայց մուտքագրման ընթացքում սխալ է եղել.

«Այնտեղ, այսպես ասեմ՝ տողեր են թռցրել, մարդկային գործոն է»,- շեշտեց ԿԸՀ նախագահը:

16:03 9.6.2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի լիազորված անձը մի քանի տասնյակ տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու դիմումներ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, «Ազատությանը» փոխանցեց պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:

Իսկ հարցին՝ Սահմանադրական դատարանում պատրաստվո՞ւմ են վիճարկել հունիսի 7-ի խոհրրդարանական ընտրության արդյունքները, Մելոյանը պատասխանեց՝ որոշում կկայացնեն վերջնական արդյունքների ամփոփումից հետո:

15:30 9.6.2026

«Բարգավաճ Հայաստան»-ի պահանջով թիվ 27/7 և թիվ 27/26 ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին կավելանա 92 ձայն:

Թիվ 27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվեց՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե միտում չի եղել , այլ ընդամենը «թվերը մուտքագրելու ժամանակ կայքի առաջին տողը թռել է, և մեկ վանդակով բոլորի թվերը շեղվել է»:

Թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո էլ պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ:

ԿԸՀ-ն, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն:



15:30 9.6.2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արձանագրած անճշտությունները կուղղվեն ու արդեն արտացոլված կլինեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում, ինչպես նաև կիրակի օրը հրապարակվելիք ընտրությունների վերջնական արդյունքներում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը:

«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:

ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել, այդ թվում թիվ 27/7-ում, որտեղ, ինչպես պնդում է, 77 ձայներից 76-ը չէր հաշվարկվել:

13:33 9.6.2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ):

Ըստ ԿԸՀ-ի, ընդհանուր թվով 30 դիմում են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք և թեկնածուներ։

«Վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել», - նշվում է հայտարարությունում։

13:24 9.6.2026

Ավելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրա փոխանցմամբ՝ մոտ 2 տասնյակ ընտրատեղամասերում դիմել են վերահաշվարկի համար:

12:07 9.6.2026

«Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմտնի Ազգային ժողով, թե ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ:

«Վերահաշվարկի արդյունքում կինանաք՝ «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը [Ազգային ժողով] մտնում է, թե չէ: Կհասկանանք՝ Ազգային ժողովում հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ ընդդիմությունն իր խոսքն ասի, որից հետո պարզ կլինի ԱԺ-ը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու ապօրինություններին, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել: ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ», - ասաց Նարեկ Կարապետյանը:

09:14 9.6.2026

«Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին՝ խաղաղության ձգտման ճանապարհին», - շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու»՝ TRIPP-ի իրականացումը։ Մենք ակնկալում ենք միասին աշխատել՝ Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու ուղղությամբ»:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG