Մատչելիության հղումներ

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել. ԹԻՀԿ


Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, հասարակական վստահությունն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ, մտահոգիչ են իշխանության՝ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, լրագրողների թիրախավորման դեպքերը։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն (ԷԻՀԿ) է այսօր այս հայտարարությունն արել՝ ընդգծելով՝ կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 և 2024 թվականներին անփոփոխ է մնացել՝ 47 միավոր։

«Մի կողմից կարելի է ասել, որ չի արվել որևէ բան, որ լինի առաջընթաց, մյուս կողմից էլ՝ բարեբախտաբար, հետընթաց չունենք», - ասաց կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը:

Հոկտանյանը հիշեցնում է՝ Փաշինյանի իշխանության գալու առաջին տարիներին այդ համաթիվն աճում էր։ Ի՞նչ պատահեց, արդյոք իշխանությունն այլևս շահագրգռված չէ՞ կոռուպցիայի դեմ պայքարով, թե՞ խնդիրն արդեն լուծված է համարում։ Հայտարարությունում հստակ պատասխան չկա, բայց կա ակնարկ վերջին տարիներին բարեփոխումների արդյունավետության պակասի մասին։ Վարուժան Հոկտանյանը նաև ընդգծում է՝ ընտրովի արդարադատությունը ևս կոռուպցիայի դեմ պայքարի մասին չէ։

«Իհարկե ողջունում ենք նախկինների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը և այլն, բայց մյուս կողմից նմանատիպ վերաբերմունքը պիտի լինի նաև ներկա պաշտոնյաների նկատմամբ: Այդ նույն ընտրովիությունը մենք կարող ենք տեսնել նաև ընտրական գործընթացներում, առայժմ միայն մենք տեսել ենք տեղական ինքնակառավարման ընտրություններում՝ վարչական ռեսուրսի չարաշահում, լուրջ հետևանքներ դա կարող է ունենալ, եթե մյուս տարի խորհրդարանական ընտրություններում նույն այդ երևույթը տեղ գտնի: Նաև ոչ թափանցիկ ֆինանսավորումը մանավանդ ընտրությունների ժամանակ», - ասաց նա:

Ընդգծելով, որ գալիք տարին վճռորոշ տարի է Հայաստանի համար՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարում է, որ կարևորագույն խնդիրները ռիսկային են դարձնում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը և դրա վերաբերյալ ընկալումները։

Այս տարի հանրության ուշադրության կենտրոնում էին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրովի կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը: Հայտարարության հեղինակները մտահոգիչ են համարում նաև «իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտությունը»։

Այս լարված մթնոլորտը, որը Հոկտանյանի խոսքով, սրում է իշխանությունը եկեղեցու դեմ, կարող է ներքին բախումների հանգեցնել. «Եթե մենք նայում ենք կոռուպցիայի տեսանկյունից, ապա այստեղ նույնպես կարող են լինել այնպիսի իրավիճակներ, օրինակ, այն եպիսկոպոսները, որոնք կանգնեցին վարչապետի կողքին, արդյոք մենք վստա՞հ ենք, որ նրանք, այսպես ասած, ներքին բարեվարքության այնպիսի մակարդակ ունեն, որ կարող են համարվել այլընտրանք ներկա եկեղեցու հերարխիային: Ի վերջո չի կարող լինել պայքար բացասական երևույթների դեմ բացասական մարդկանց միջոցով», - նշեց Վարուժան Հոկտանյանը:

«Պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանում 2018 թվականից համակարգային կոռուպցիան վերացել է ու մինչև այսօր չկա, որովհետև եթե համակարգային կոռուպցիա լիներ, ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետք է ունենայի: Ես չեմ կարա ձեզ հարցնեմ՝ ես ունե՞մ փայ, թե չունեմ, որովհետև ես գիտեմ՝ ես ունեմ փայ, թե չունեմ: Ես ձեզ ասում եմ՝ չկա, չի եղել ու չի լինելու համակարգային կոռւպցիա Հայաստանում», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը::

«Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն», - այս խոսքերի հեղինակն էլ 7 տարի առաջ իշխանության եկած Փաշինյանն է, այդուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով այսօր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը փաստացի եզրահանգում է, որ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում մեղմ ասած հաջողության չեն հասել։







XS
SM
MD
LG