Մատչելիության հղումներ

Կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսներին Մայր Աթոռը հորդորում է վերադառնալ կանոնական դաշտ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսներին Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել խոտոր ընթացքը, վերադառնալ կանոնական դաշտ։ Խիստ միջոցների կիրառումից զերծ են մնում առայժմ, այսօր է Էջմիածինը այսպիսի հայտարարություն տարածել։

«Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին Յոթ Վերք առաջնորդանիստ եկեղեցում», - ասված է հայտարարությունում։

Պատարագ բառը Մայր Աթոռը չակերտներում է գրում։ Խստորեն դատապարտում վարչապետի գլխավորությամբ իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, Սահմանադրության կոպիտ խախտումներով արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում։

Ի դեպ, այս կիրակի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում խորան էր բարձրացել ու պատարագում էր նաև Արամայիս Թախմազյանը, օրեր առաջ կարգալույծ հռչակված Տեր Թադե քահանան, Ստեփան Ասատրյանի օրինակով նա նույնպես չի ընդունում կարգալուծության վճիռը։

Օրեցօր ավելանում են եկեղեցիները, որտեղ խորան են բարձրանում աշխարհիկ մարդիկ։ Ամեն կիրակի առնվազն մի քանի պատարագներում խմբագրում են աղոթքների տեքստերը, հեռացնում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։ Վեհարանն ազատելու իշխանությունների նախաձեռնած պայքարը կանգ չի առնում։

Նիկոլ Փաշինյանն այսօր իր պատկերացումներն է շարադրել՝ ինչ է լինելու կաթողիկոսի գահը ազատելուց հետո

«Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր կանոնագրքի»։

Ըստ Փաշինյանի՝ կանոնագիրքը պիտի անդրադառնա հոգևորականի բարեվարքության, եկեղեցու ֆինանսական թափանցիկության ու ապաքաղաքական լինելու անհրաժեշտության հարցերին և այդ ամենի ապահովման երաշխիքներ սահմանի։

Սա Փաշինյանի երկրորդ փորձն է հոգևոր նորոգման ճանապարհային քարտեզ ներկայացնելու։ Նման մի բան 4,5 ամիս առաջ էր արել, միայն թե այդ դեպքում առաջին կետով կաթողիկոսից Վեհարանն ազատելն էր։ Այժմ այդ հիմնարար դրույթը չկա, թեպետ Գարեգին Երկրորդը չի հեռացել ու հեռանալու նշաններ էլ շաբաթ երեկոյի դրությամբ ցույց չտվեց։

Վարչապետն այս անգամ չի մանրամասնել, բայց նախորդ քարտեզում բացատրել էր կաթողիկոսական տեղապահ կարող է նշանակվել ամուսնացյալ բարեվարք քահանա, այնինչ եկեղեցական կանոնով քահանան տեղապահ չի կարող լինել և ընդհանրապես տեղապահ նշանակվում է, եթե կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում, երկուսն էլ ակնհայտ է՝ տեղի չի ունեցել։

Հոգևոր նորոգման փաշինյանական գաղափարները արդեն դավանաբանական ոլորտ են մտել. «Քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Այսինքն, խոսք է գնում վերին պետության մասին և պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»։

Ըստ վարչապետի՝ պատարագի մեկնարկից հինգ րոպե առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը Հայաստանի օրհներգը թող կատարեն։ Ճիշտ է այդպես, որովհետև ըստ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ 301 թվականին։

Հայ առաքելական եկեղեցին ոչ թե 301-ին՝ չորրորդ դարում է հիմնադրվել, այլ առաջին դարում Քրիստոսի երկու առաքյալների կողմից։ 301-ին քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել։ Այս ճշգրտումը երեկվանից սոցցանցային բոլոր հարթակներում է. Փաշինյանի գրառման մեկնաբանությունների դաշտից մինչև հոգևորական աստվածաբանների էջեր։

Արդարադատության նախարարը շարունակում է բացատրել, թե ինչու է այս առաջարկն անում Փաշինյանը. «Նպատակը և գաղափարը մեր պետության, պետականության գիտակցման, պետության ամրության և միասնականության գիտակցի մեջ է»։

«Պատարագի մեջ լինելը անլուրջ է, ուղղակի անլուրջ է էլի: Եթե 301-ից է ինքը խոսում, 301 թվականի հիմնը ինձ կհիշեցնի՞ ինքը որն է եղել Հայաստանի Հանրապետության», - Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանեսը ողջունում է օրհներգն առաջ մղելու Փաշինյանի գաղափարը, բայց պատարագից դուրս, ասում է՝ օրինակ, թող խորհրդարանի բոլոր նիստերը սկսվեն օրհներգը երգելով։

«Ես կուզեի նաև ինչու չէ Ազգային ժողովի պատգամավորները իրենք այդ հիմնը երգել սովորեն, չգիտեմ եթե միջոցներ ունեն մի հայտնի խմբավարի կամ դիրիժորի, չգիտեմ էլի, մեկին խնդրեն թեկուզ միաձայն, ոչ բազմաձայն Ազգային ժողովում իրենք կարողանան նիստերից առաջ հիմնը հնչեցնեն», - ասաց Տեր Վրթանեսը։

Խորհրդարանական ընդդիմությունն էլ չի ողջունում հայ եկեղեցու սրբազան յոթ խորհուրդներից երկու հազարամյա պատմություն ունեցող պատարագի ռեֆորմը. «Կարո՞ղ է մի երկու պատարագ հետո ասենք ուզենա օրինակ այլ իր սրտի մոտ երաժիշտների կամ երգիչների երաժշտությունը հնչի։ Ասենք Սուպեր Սաքոյի երաժշտությունը կարող է ասենք, որ կներեք, ասենք պատարագից առաջ Սուպեր Սաքոյի երաժշտությունը հնչի»։

Ոչ մի կիրակի առանց եկեղեցական ծեսերի նոր հասցեի, թե այս կիրակի ո՞ւր կուղևորվեն վարչապետն ու նրա հանձնարարությամբ պատարագի տեքստը խմբագրող հոգևորականները, առայժմ հայտնի չէ։ Իշխանականները կասկած չունեն, որ այս շաբաթ նախատեսված եպիսկոպոսական ժողովի տապալումը վկայություն է այն բանի, որ Վեհափառն արդեն կորցրել է լեգիտիմությունը։

Մայր Աթոռից ժողովի հետաձգումը այսպես էին բացատրել. «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումըժամանակավորապես հետաձգվում է»։

Արամ Ա-ն իշխանություններին հորդորել է հեռու մնալ «եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից»

Անթիլիասը «ոչ» է ասում եկեղեցականների հալածանքներին ու ձերբակալություններին։ Կիլիկիո կաթողիկոսն է Լիբանանից հայտարարություն տարածել։ Իրավիճակը վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով լի է համարում Արամ Առաջին կաթողիկոսը և կոչ ուղղում թե՛ իշխանությանը, թե՛ Էջմիածնին. «Հայաստանի Հանրապետությանը հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելուց և եկեղեցում զանազան միջոցներով պառակտման սերմեր ցանելու հակասահմանադրական և հետևաբար անընդունելի ու դատապարտելի քայլերից, որոնք կարող են մեր եկեղեցին, ազգն ու հայրենիքը տանել ինքնակործանման»։

Կիլիկիո կաթողիկոսը էջմիածնականներին հորդորում է միաբանական շարքերում անհամաձայնությունների դեմն առնել խոհեմությամբ ու համբերությամբ ու քննել եղած խնդիրները։



XS
SM
MD
LG