Վաղն առավոտյան Հայաստանի քաղհասարակության հինգ ներկայացուցիչներ պատասխան այցով Բաքու կմեկնեն՝ մասնակցելու համատեղ քննարկումներին: Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն, սակայն, նախատեսված չէ, թեև նրանք նախապես նման ցանկություն էին հայտնել.
«Ծրագրում այդպիսի բան նախատեսված չէ, դա նշանակում է, որ որ դեռ ադրբեջանական կողմը պատրաստ չի այդ հարցերին անդրադառնալ այն իմաստով, որով մենք ենք պատկերացնում: Դա չի նշանակում, որ հարցն ընդհանրապես փակված է, մենք շարունակում ենք այդ հարցը քննարկել, քանի որ եթե խոսքը գնում է փոխվստահության մասին մեր հասարակությունների միջև, պարզ է, որ դա այն գործոնն է, որը այդ փոխվստահության վրա ազդում է», - ասում է հայկական պատվիրակության անդամ, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Երկու երկրների կառավարությունների նախաձեռնությամբ ստեղծված փորձագիտական խմբերի երևանյան հանդիպումը մեկ ամիս առաջ կայացավ։ Այն սկանդալով ուղեկցվեց. պարզվեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր 2022-ի վերջին Լաչինի միջանցքը փակած ակտիվիստ կինը. աղմուկ բարձրացավ, հայկական կողմից արձագանքեցին՝ միմյանց կազմերը նախապես չեն քննարկել:
Կառավարությունը կհոգա թռիչքի ծախսերը, կեցությանը՝ ադրբեջանական կողմը
Հայկական պատվիրակությանը տեղափոխող FlyOne ավիաընկերության օդանավը, ըստ Flightradar24-ի, Բաքու կժամանի վաղն առավոտյան 10-ին։ Չարթերային թռիչքի ծախսերը Հայաստանի կառավարությունն է հոգալու, գործադիրն այսօր որոշեց 17.5 միլիոն դրամ տրամադրել, իսկ արդեն կեցության ծախսերն ադրբեջանական կողմը կիրականացի:
Կառավարությունը որոշումը շատ կարճ է հիմնավորել, որտեղ նշվում է. «Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»։
«Ես կարծում եմ՝ ծրագիրը լայն է լինելու, այսինքն՝ և՛ քննարկումներ են լինելու հինգը հինգի հետ, և՛ լինելու է հանդիպում պաշտոնական ներկայացուցչի հետ», - ասաց Բորիս Նավասարդյանը։
Ի՞նչ օրակարգ ունի վաղը մեկնարկող երկօրյա այցն ու ինչ սպասել
Հայկական պատվիրակության անդամ, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը փակագծեր է բացում. քննարկումների ընթացքում համաձայնեցվող հարցերը փորձագիտական խմբերը կառավարություններին պետք է ներկայացնեն։ Մեկ թեմայի շուրջ, օրինակ, արդեն մոտ են համաձայնությանը։ Նավասարդյանի խոսքով. - «Կարծում եմ բավականին արագ Բաքվի հանդիպումից հետո կլինեն նաև կոնկրետ գործողություններ, դա մեդիա ոլորտի և տեղեկատվական միջավայրի ուղղությամբ համագործակցությունն է։ Խոսքը և՛ այնպիսի բառապաշարի, այնպիսի եզրույթների, և՛ տեղանունների օգտագործումն է, որի չի առաջացնում փոխադարձ ջղայնություն, այսպես ասենք, և՛ փաստերի ստուգման ուղղությամբ համագործակցությունը՝ այսինքն համատեղ հայտարարություններ, եթե լրատվական դաշտում, պաշտոնական հայտարարություններում կամ քաղաքական գործիչների հայտարարություններում տեղի են ունենում փաստերի աղավաղում»։
Նավասարդյանի խոսքով Բաքվում կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանազատումը։ Հայկական կողմում կարծում են՝ առայժմ պետք չէ անկլավ - էքսկլավներին անդրադառնալ, այլ աշխատել այն հատվածներում, որտեղ հակասություններ չկան.
«Դա չի նշանակում, որ անկլավների հարցը պետք է մոռանալ, դրան զուգահեռ կարելի է մեթոդաբանության մասին խոսել, բայց դա չպետք է խանգարող հանգամանք լինի սահմանազատման գործընթացին այլ հատվածներում», - նկատում է Բորիս Նավասարդյանը։
Հայկական խմբի օրակարգում են նաև ճանապարհների ապաշրջափակման հարցերը, մասնավորապես, որ TRIPP-ին զուգահեռ որոշակիանա նաև Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնման խնդիրը: Օգոստոսի 8-ին ստորագրված վաշինգտոնյան եռակողմ հռչակագրում նախ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության մասին է գրված, ինչից հետո միայն Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելությունների։ Հայկական պատվիրակության անդամ, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով.- «Դա առավել մեծ օգուտներ կբերի հենց հայկական կողմին, որովհետև ադրբեջանականն արդեն բավականին օգուտներ է շահում Ադրբեջանի հիմնական մասից մինչև Նախիջևան։ Կարծում եմ՝ դրա շուրջ փորձագիտական մշակումներն ու առաջարկություններն ինչպես անել, որպեսզի լինեն համատեղ պլաններ այդ ուղղությամբ և հնարավորինս արագացվի գործընթացը, դրա շուրջ նույնպես կլինեն խոսակցություններ»։
Հայկական խմբի կազմում են նաև քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանն ու իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Երևանի մամուլի ակումբի նախագահը պարզաբանում է՝ այդ խմբում լինելու առաջարկը կառավարությունն է արել, որն էլ իրենք ընդունել են: