Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ա_ քարտուղարը նաև ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:

Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:

Հանդիպման երկրորդ մասում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին:

Հոկտեմբերի 21–22-ին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։

Հայկական կողմից քննարկմանը մասնակցեցին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացրել են Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան և Դիլարա Աֆանդիևան։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխանցմամբ՝ նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի։

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG