Երևանում՝ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջ նստած կինը շուրջ երեք տարի առաջ Լաչինի միջանցքը փակած ու արցախահայության շրջափակմանը սկիզբ դրած այսպես կոչված «Էկոակտիվիստներից» մեկն է:
Դիլարա Էֆենդիևային նույնականացնելու համար լրագրողներից շատ ժամանակ չպահանջվեց, 2022-ի դեկտեմբերին, երբ փակվեց Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը Էֆենդիևան առաջին շարքերում էր ու հաճախ հարցազրույցներ էր տալիս. «Մենք ամենայն պատասխանատվությամբ կարող ենք նրանց համար ազատ անցում ապահովել, մենք մեր կողմից պատրաստ ենք նրանց օգնություն տրամադրել»:
Այսպես կոչված «Էկոակտիվիստների» ակցիաներից հետո Լաչինի միջանցքն այդպես էլ չբացվեց, Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ սկսվեց, մթերքը չէր հերիքում, վառելիք չկար: 9 ամսվա շրջափակումից ջլատված ժողովուրդը 2023-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո բռնեց գաղթի ճամփան՝ Արցախում թողնելով ամեն ինչ:
Արցախի հայաթափումից հետո արդեն Էֆենդիևան Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում Բաքվի քարոզչական թեզերն են կրկնում՝ թե, իբր, քչերն են իրենց կամքով հեռացել. «Նրանք առաջին հերթին ճնշումների են ենթարկվում այդ ժամանակվա իշխանությունների կողմից, նաև նրանք խուճապի մատնվեցին, մենք թեժ գիծ ենք ստեղծել, և հայերը մինչև հիմա զանգում ու դիմում են մեզ տարբեր խնդրանքներով, որ ներկայացնենք նրանց վերաինտեգրվելու հնարավորությունները»:
Այլ երկրներում բնակվող ադրբեջանցիները, Բաքվի իշխանություններից կաշկանդված չլինելով, արձագանքելով երևանյան հանդիպմանը, սոցցանցերում հիշեցնում են՝ Ադրբեջանում քաղհասարակություն որպես այդպիսին չկա, նրանք իշխանություններին հավատարիմ հասարակական կազմակերպություններ են, որոնց զգուշորեն ընտրել ու Հայաստան են ուղարկել որպես «քաղհասարակություն» ներկայանալու համար, իսկ իրական իրավապաշտպանները կամ բանտերում են, կամ էլ փախել են Ադրբեջանից:
Ինչպե՞ս է Էֆենդիևան Երևան հասել ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջ հայտնվել: Սոցցանցերում այս հարցերն են թնդում:
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հայտնում է, որ քննարկումը նախաձեռնել են երկու երկրների փորձագետները՝ պաշտոնական կառույցների աջակցությամբ: Ըստ հաղորդագրության, նպատակը խաղաղության օրակարգի առաջմղումն է, հանդիպման ավարտին էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ նախաձեռնությունները:
Գեղամ Ստեփանյան. պատկան մարմիններն ամենևին էլ անտեղյակ չեն եղել, թե ովքեր են Հայաստան գալիս
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ Հայաստանի պատկան մարմիններն ամենևին էլ անտեղյակ չեն եղել, թե ովքեր են Երևան գալիս, պարզապես չեն ցանկացել արգելել:
«Հայաստանի իշխանությունները մեծ հաշվով թքած ունեն, թե այդ ամեն ինչի նկատմամբ ինչ զգացողություն ունեն արցախցիները: Ոչ միայն այս պարագայի մասին է խոսքը, այլ՝ բազմաթիվ այլ պարագաների: Շատ պարզ երևում է, որ մեծ հաշվով ո՛չ ապրումակցում կա այդ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ, ո՛չ զգուշավորություն կա, որ հանկարծ որևէ քայլ չնեղացնի, չվնասի կամ մարդկանց տառապանքները չխորացնի», - ասաց Ստեփանյանը՝ նշելով, - «վստահ եմ, որ պատկան մարմինները իմացել են, բոլորի մասին ինֆորմացիա ունեցել են, այլ հարց է՝ որքանով են ունակ կամ կարողացել հակադարձել, ասել, որ այդ անձը ցանկալի չէ: Ինձ համար ընդհանրապես զարմանալի չէր, որ տվյալ անձինք եկել են պտտվում են կամ նրանց մեջ կա մարդ, ով ըստ էության Արցախի էթնիկ զտման վերջին արարին է մասնակցել իր կեղծ էկոակտիվությամբ»:
Քոչինյանը պնդում է՝ պատվիրակությունների կազմերը կողմերը նախապես չեն քննարկել
Հայկական կողմից այս հանդիպմանը մասնակցել է նաև Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը, պնդում է՝ պատվիրակությունների կազմերը կողմերը նախապես չեն քննարկել:
«Հայկական կողմը քննարկել ու որոշել է իր կազմը, ադրբեջանական կողմը՝ իր կազմը, նախապես իմացել ենք, բայց իրար հետ չենք քննարկել կազմերը», - ասաց նա:
Քոչինյանն ասում է՝ հասկանում է հանրության վրդովմունքը Էֆենդիևայի այցի և ընդհանրապես Ադրբեջանի գործողությունների պատճառով, սակայն հարևանին փոխել հնարավոր չէ:
«Շատ կարճ դրան պատասխանելով կարող եմ ասել, որ ես ձեզ համար ուրիշ Ադրբեջան չունեմ, մեր հարևան Ադրբեջանը դա է... եթե ես կարողանամ ոսկե ձկնիկ բռնեմ, իմ առաջին ցանկությունը ոսկե ձկնիկին ուղղված կլինի, որ Հայաստանը էստեղից պոկենք տանենք դնենք Բելգիայի ու Նիդերլանդների միջև մի հարմար տեղ: Բայց քանի դեռ Հայաստանն այնտեղ է, որտեղ աշխարհագրորեն գտնվում է, այլ հարևան քան արևելքում Ադրբեջանը և արևմուտքում Թուրքիան, չկա: Եվ ես չեմ կարծում, թե մեր խնդիրն է փոխել Ադրբեջանը կամ Թուրքիան, մեր խնդիրն է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնալ», - ընդգծեց Արեգ Քոչինյանը:
Դիլարա Էֆենդիևայից զատ քննարկմանը մասնակցում էին ևս չորս ադրբեջանցիներ. նրանցից Ֆարհադ Մամեդովն, օրինակ, 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ կրկնում էր պաշտոնական Բաքվի թեզը, թե հակաահաբեկչական գործողություն են իրականացնում: Ողբերգական իրադարձություններից 9 ամիս առաջ էլ, ինչպես իր մյուս գործընկերները, պնդում էր, թե Լաչինի միջանցքը փակվել է «էկոլոգիական» պատճառով:
Հանդիպմանը մասնակցած Ռուսիֆ Հուսեյնովը այդ ժամանակ նույնաբովանդակ գրառումներ էր անում՝ անզեն ադրբեջանցիները պետք է անարգել մուտք ունենան Ստեփանակերտ և հարակից տարածքներ ու անթաքույց հայտարարում էր՝ Լաչինի միջանցքը հայերի գլխավերևում կախված «դամոկլյան սուր» է, որը հիշեցնում է, թե ով է տարածաշրջանում գերիշխողը:
Այցի ընթացքում ադրբեջանցիները հասցրել են նաև զբոսնել Երևանում, լուսանկարներ անել ու դրանք հրապարակել սոցցանցերում: