Պորտուի Դրագաու ստադիոնում այսօր 2026-ի Աշխարհի Առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Պորտուգալիայի ընտրանու դեմ։ Նախախաղային ասուլիսի ընթացքում «Ազատության» հարցերին են պատասխանել հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Ազատություն». - Արթուր, Հունգարիայի հետ խաղից հետո արդյոք թիմը հասցրե՞լ է վերականգնվել, ինչպիսի՞ մարզավիճակում եք գտնվում և ինչպիսի՞ խաղ եք ակնկալում։
Արթուր Սերոբյան. - Կարծում եմ, որ ժամանակը կարճ էր, բայց բոլոր տղաները պատրաստ են խաղին։ Հունգարիայի խաղը ծանր ընթացավ, պատրաստվում ենք Պորտուգալիայի հետ խաղին, գիտենք, որ նույնպես ծանր խաղ է սպասվում, բայց, կարծում եմ, որ բոլորս պատրաստ ենք։
«Ազատություն». - Պարոն Մելիքյան, հասկանալի է, որ շատ բարդ հանդիպում է սպասվում։ Կարծում եմ, որ այդուհանդերձ, շատ մեծ ճնշում չկա հավաքականի վրա՝ հաշվի առնելով, որ թիմը զրկվել է ԱԱ եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարը շարունակելու հնարավորությունից։ Ձեզ համար ի՞նչն է կարևոր վաղվա խաղում, ինչպե՞ս եք պատրաստել թիմին և ի՞նչ խնդիր եք դրել հավաքականի առջև։
Եղիշե Մելիքյան. - «Այո, Դուք ասում եք՝ ճնշում չկա, բայց ես զգում եմ, ու մեր թիմը զգում է պատասխանատվություն։ Երբ զգում ես պատասխանատվություն, զգում ես և ճնշում, որովհետև մենք մեր երկիրը, մեր ֆուտբոլը պետք է ներկայացնենք: Սա լուրջ մրցակից է մեզ համար, այսօր մենք չենք կարող այն արդյունքին հասնենք ու հանգիստ լինենք այս թիմի դեմ, բայց այս թիմից կարելի է այն օգուտը ստանալ, որը պետք է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին։ Մենք կառուցողական աշխատանքի մեջ ենք, իսկ այս թիմը կտա մեզ լավ առիթ վերլուծել, տեսնել մեր սխալները, այս թիմը մեզ լրջագույն ճնշում կտա, և ճնշման տակ ես պետք է հասկանամ՝ թիմային, անհատական աշխատանքը ինչ մակարդակի վրա է, ինձ համար էլ է հետաքրքիր՝ առաջին խաղից հետո, վատ արդյունքից հետո ինչը փոխվեց։ Լավ քննություն է։ Մենք պատրաստ ենք, ճիշտ է, ունենք շատ կորուստներ, բայց մենք պատրաստ ենք պայքարելու ու ես՝ որպես մարզիչ, կաշխատեմ ստանալ մաքսիմումը մեր թիմից։
«Ազատություն». - Հունգարիայի հետ խաղից հետո նշում էիք, որ Պորտուգալիայի հավաքականը «գլխացավանք» է և որքան ռեսուրս ունեք, պատրաստելու եք։ Իռլանդիայի հետ խաղում Ռոնալդուն կարմիր քարտ ստանալով, բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը։ Արդյոք այս հանգամանքը որևէ կերպ կմեղմի՞ իրավիճակը։ Նաև տեսանք, որ Իռլանդիան անակնկալ 2:0 հաշվով հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ։
Եղիշե Մելիքյան. - Այո, Իռլանդիա-Պորտուգալիա խաղը ցույց տվեց, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց, տարբերությունը մեր և Պորտուգալիայի հավաքականի շատ մեծ են։ Ինչ վերաբերվում է Ռոնալդուի հարցով, ասեմ, որ Պորտուգալիայի հավաքականը այնքան ռեսուրս ունի, այնքան ֆուտբոլիստներ ունի իր երկրում, որ լավագույնների լավագույններին են հավաքում միշտ։ Ես համոզված եմ, որ իր տեղը մեկ ուրիշ լավագույն ֆուտբոլիստ կարող է փակել և չեմ կարող ուրախացած կամ հանգիստ լինել, որ Ռոնալդուն չկա։ Կա Պորտուգալիայի հավաքական, որը շատ ուժեղ է, և մենք աշխատում ենք, կաշխատենք պայքարել այս թիմի դեմ։
«Ազատություն». - Երևանյան խաղում չափազանց մեծ հարգանք կար մեր հավաքականի կողմից մրցակցի նկատմամբ. հանկարծ կոպիտ, կոշտ չխաղանք, չհպվենք…ինչը ֆուտբոլում կարծում եմ ընկալելի չէ։ Իհարկե, հարգանքը հարգանք, բայց, իմ պատկերացմամբ, դա ավարտվում է այնտեղ, երբ ոտքդ դնում ես խոտածածկին, որովհետև երկիր ես ներկայացնում։ Արդյոք Դուք դա ևս նկատե՞լ էիք, եթե՝ այո, ապա խոսե՞լ եք ֆուտբոլիստների հետ, ի՞նչ եք քննարկել, արդյոք ասե՞լ եք, որ պետք է մտնել դաշտ ու, ամեն դեպքում, ամեն մի հատվածի համար պայքարել։
Եղիշե Մելիքյան. - Անկեղծ ասած, այո, խոսել եմ։ Չեմ կարող ասել՝ ինչ, դա հանդերձարանում է եղել և այնտեղ էլ կմնա։ Բայց, որ ջղայնացած եմ եղել, այդ ամենը նկատել եմ, այո, այդպես է։ Այո, ես ինքս էլ հարգում եմ Պորտուգալիայի հավաքականին, նա արժանի է հարգանքի, բայց, այո, ճիշտ եք ասում, ֆուտբոլի օրենքն է այդպես. երբ դու մտնում ես մարզադաշտ, դու պետք է մոռանաս մրցակցի հեղինակությունը, այլ ուղղակի տեսնես, որ դիմացդ թիմ է, որի հետ պետք է պայքարես և պատերազմես ու հաղթող դուրս գաս։ Առաջին խաղն ինձ դուր չի եկել, այո, խոշոր հաշվով պարտության պատճառներից մեկը դա էր, հուսով եմ՝ հասկացել են մեզ տղաները։ Ես չեմ ուզի երկրորդ անգամ նման հարգանք տեսնեմ, ես ուզում եմ երկրորդ անգամ մրցակցություն տեսնել։
Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարային աղյուսակում 3 միավորով վերջին` չորրորդ տեղում է՝ այլևս հնարավորություն չունենալով պայքարը շարունակել Աշխարհի Առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։