Մատչելիության հղումներ

37 տարի՝ տուն ստանալու սպասումով. Վանաձորի ավելի քան 500 ընտանիքներ տնակային ավաններում են ապրում


Հայրանուշ Գրիգորյանը 88-ին փախել է Ադրբեջանից, եկել է Վանաձոր՝ տուն ստանալու խոստումներով, որ լսում է արդեն 37 տարի: Ապրում է անբարեկարգ տնակում։ Տղայի, հարսի ու երկու մանկահասակ թոռների հետ։ Տանիքը ծակ է, պատերը՝ խոնավ, հատակը՝ փտած, անպիտան՝ ապրելու համար։

Կասկած ունի՝ իր հասանելիք բնակարանը վաճառել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք։ Փորձել է լուծել հարցը։ Ինքն էլ առաջարկ ուներ՝ լավության տակ չի մնա։ Բայց առաջարկածը, հավանաբար, պաշտոնյայի սրտով չի եղել։

Հայրանուշն ու Վանաձորի ավելի քան 500 ընտանիքներ տնակային ավաններում են բնակվում: Այս թիվը դեռ 6 տարի առաջ վարչապետի որոշմամբ ձևավորված հատուկ հանձնաժողովն է արձանագրել: Մինչդեռ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը վերջերս կառավարությունում գրեթե կիսով չափ պակաս՝ 300 տնակում բնակվողների մասին հայտարարեց: Ավելին՝ ասաց՝ պետությունը նրանց նկատմամբ որևէ պարտավորություն չունի։

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը, ով տարիներ շարունակ աղետի գոտու հանձնաժողովներում է եղել, այլ կարծիք ունի. «Ամբողջը դրված է քաղաքական կամքի վրա»:

Այս ընտանիքների մեծ մասը 88-ի երկրաշարժից հետո Վանաձոր տեղափոխված գործարանային աշխատողներ են, որ ընդգրկված են եղել բնակարան ստանալու հերթացուցակներում։ Աշխատավարձից անգամ մասհանումներ են արել բնակարանային ֆոնդի հաշվին։ Բայց ԽՍՀՄ-ը փլուզվել, գործարանները փակվել ու օտարվել են, բնակարանների հերթերն էլ՝ մոռացվել։

«Այս մարդիկ համարում են, որ պետությունը պարտավորություն ունի, որովհետև գործարան լուծարողն էլ է պետությունը եղել, գործարանի տարածքը օտարողն էլ է պետությունը եղել, բայց իրենց հանդեպ ունեցած գործարանի պարտավորությունը ոչ մեկը չի վերցրել իր վրա», - նշեց իրավապաշտպանը:

2019-ին Վանաձորի երեք տնակային ավանների տարածքները բնակիչներին սեփականության իրավունքով տալու որոշում կար, որ տնակների տեղում սեփականատերերը տուն կառուցեն։
Տնակային ավանների խնդիրներն ուսումնասիրած հանձնաժողովը նաև առաջարկել էր՝ տնակների մի մասի բնակիչների համար ավարտին հասցնել 30 տարի առաջ կիսակառույց մնացած 10 շենքերը։ Հաշվարկների համաձայն՝ մոտ 6 միլիոն դոլար պետք կգար, բայց շենքերը կիսակառույց մնացին, որոշումները՝ թղթի վրա, ասում է Գևորգ Քոթանջյանը։

«Գործընթացն այնքան բարդացրած է, այդ մարդիկ 2 տարի համարյա օր չկար, որ քաղաքապետարանի դեմը չլինեին: Ամեն օր գնում գալիս էին: Ավագանին 2023 թվականին որոշումը կայացրել է, 23 ու 24 թիվն այդ մարդիկ ուղղակի անցկացրեցին քաղաքապետարանի դռների մոտ: Համայնքը եթե մտադրված լինի, փաստաթղթերն արագացված պատրաստի ու ուղարկի Կադաստր, ընդամենը ժամերի հարց է դա», - նշեց նա:

Օրինակ՝ «Ուկրշին» տնակային ավանում հատուկենտ տարածքներ են սեփականաշնորհվել: Իրավապաշտպանը շեշտում է, որ ավանը Վանաձորի մուտքի մոտ է՝ Մ6 մայրուղուն կից։ Քոթանջյանի համոզմամբ՝ սա յուղոտ տարածք է։ Չի բացառում, որ Վանաձորում ազդեցություն ունեցող շատերը հավակնություններ ունեն այս տարածքի նկատմամբ։ Դրա համար էլ շահագրգիռ չեն այն բնակիչներին սեփականության իրավունքով տալ։

Ուշագրավ է, որ այստեղ մոտ մեկ հեկտար տարածք էլ պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ Դեռ 2000-ներին սեփականացրել են եկեղեցի կառուցելու նպատակով։ Այն այդպես էլ չի կառուցվել։

Մինչ տարբեր տարիների իշխանությունները հիմնականում նախընտրական ծրագրերում են հիշում 30 տարի անօթևան մնացած ընտանիքների մասին, տնակների բնակիչներն այստեղ շարունակում են ապրել, կահավորել իրենց փտած կացարանները։

Սիրուն Ծատուրյանը դեռ անցյալ դարում է տնակ տեղափոխվել։ Մեկ շաբաթ առաջ տունը հրդեհվել էր, տանիքն ամբողջությամբ այրվել: Միևնույնն է՝ ցույց է տալիս տասնյակ պահածոների իր մառանն ու ասում՝ կյանքը շարունակում են անգամ մոխրացած տանիքի տակ:

Ավելի մանրամասն՝ ռեպորտաժում

Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG