Մատչելիության հղումներ

40 տարվա «ժամանակավոր» տնակը՝ մոխիրների մեջ. Վանաձորի տնակների հարցը խոստումներից առաջ չի շարժվում


Վանաձորցի Աշոտ Խաչատրյանի մոտ 40 տարվա փայտե տնակը րոպեների ընթացքում մոխրացել է: Հեռուստացույցից մետաղի մի բարակ շերտ է մնացել, կահույքից՝ սևացած կտորները, բազմոցն ու անկողինն էլ այլևս փափուկ չեն: Փայտե տնակը վայրկյանների ընթացքում կլանած բոցերը ոչինչ, անգամ տնային բույսերը չեն խնայել:

Համայնքապետարանից ու մարզպետարանից ներկայացուցիչներ էին եկել: Մարզպետի խորհրդական Լիլյա Աբրահամյանը հրդեհից տուժած 3 ընտանիքներին առաջարկ ուներ՝ բնակարան ձեռք բերելու համար անտոկոս վարկ՝ բարեգործական կազմակերպությունից:

Այս բնակիչները դեռ 37 տարի առաջ են ժամանակավոր կացարաններ տեղափոխվել Վանաձորից ու նաև այլ համայնքներից: Շինարարների ընտանիքներ են: 88-ի երկրաշարժից հետո ուկրաինական շինարակական կազմակերպությունում գործի են անցել հենց այս թաղամասում շենքեր կառուցելու համար: Իրենց ամեն ամսվա աշխատավարձից մասհանումներ են արել՝ պայմանով, որ մի օր իրենք էլ իրենց կառուցած շենքերում բնակարան պիտի ունենան: Բայց խորհրդային միության փլուզումից հետո «Ուկրշինը» հայերի ձեռքն է անցել: Հայ շինարարները շարունակել են աշխատել արդեն հայաստանյան շինարարական ընկերությունում, ու բնակարան ստանալու պայմանը շարունակել է գործել:
Բայց 2000-ականներին պետական կազմակերպությունը լուծարվել է ու որևէ մեկը տնակներում մնացած ընտանիքների նկատմամբ պարտավորությունն իր վրա չի վերցրել:

Տուժած բնակիչներն ընդունեցին մարզպետարանի առաջարկը: Ասացին՝ թեև դեռ քաղաքապետարանի դարակներում իրենց անուններով բնակարանի հերթացուցակներ կան, բայց հոգնել են սպասելուց: 2000-ականներից մինչև մեր օրեր տարբեր իշխանություններ տարբեր առաջարկներ են արել ու խոստումներ տվել:

2018-ի հեղափոխությունից հետո նախ որոշվեց որպես սեփականություն տալ իրենց տնակների տակ եղած հողակտորները, որ անօթևան այս ընտանիքները տուն կառուցեն: մինչև այսօր հատուկենտ սեփականաշնորհումներ են արվել:

Հետո նոր խոստումներ հասան բնակիչներին, թե մի քիչ էլ համբերեք, կիսակառույց շենքերը սոցիալական բնակարաններ են դարձնելու: Այսօր սոցիալական բնակարաններ կառուցելու ուրիշ ծրագրեր են պաշտոնյաների հայտարարություններում, բայց դեռ՝ անորոշ:

Տարբեր տարիների իշխանությունները հույս են տվել, ընտրություններին քվե ստացել, բայց գոնե ոչ երկրաշարժի հետևանքով տնակներում հայտնված ընտանիքներն այդպես էլ բնակարանատեր չեն դարձել:

Մարզպետի խորհրդականն «Ազատությանն» ասաց՝ հրդեհից ամենաշատը տուժած ընտանիքին աջակցելու հարցում արդեն բարեգործական ընկերության հետ վերջնական համաձայնություն ունեն: Տուն կփնտրեն, կգնեն, իսկ բնակարան տեղափոխվող ընտանիքը կպարտավորվի 10 տարում մաս-մաս վճարել գումարը: Բայց տնակների խնդիրը դրանով չի վերանա Վանաձորում: Խաչատրյանների մյուս հարևանները, որ մոտ 40 տարի այս փտած տնակներում են ապրում, դեռ կշարունակեն մնալ անորոշության մեջ ու կասկածել, թե բոլոր իշխանությունների օրոք կոռուպցիոն գործարքներ են տեղի ունեցել ու իրենց զրկել մարդավայել տանն ապրելու իրավունքից:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG