Մատչելիության հղումներ

«Ողբերգական թվերը կտրուկ աճում են». կալանավորը հայտնաբերվել է կոշիկի քուղով կախված


Գիշերը Նուբարաշենի բանտում 56-ամյա կալանավորը հայտնաբերվել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված։ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են՝ հիմնարկի ծառայողն է գիշերը 4:30-ի սահմաններում շրջայց կատարելիս խցի անցքից տեսել։ Նուբարաշեն հասած շտապօգնության բժիշկներն արձանագրել են՝ կալանավորված անձը արդեն մահացած է։

Հայաստանյան բանտերում այս տարի 20 հոգի է մահացել։ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ ողբերգական թվերը աճում են կտրուկ։

«Ինքնասպանության դեպքեր փաստացի անցյալ տարի չեն եղել, իսկ այս տարի մենք արդեն արձանագրում ենք ութերորդ ինքնասպանությունը, որը բավական լուրջ ահազանգ է մեզ համար՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում, ինչու են մարդիկ հասնում այնպիսի իրավիճակի, որ և՛ ինքնավնասումների թիվն է ավելանում, 30 տոկոսով արդեն իսկ ավելացել է այս տարվա ընթացքում, և՛ ոչ կենսաբանական մահերի, այլ այսինքն՝ ինքնասպանությունների», - ասաց Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդներից Զառա Հովհաննիսյանը:

Զառա Հովհաննիսյանն ընդգծում է՝ նախորդ տարի մահվան 12 դեպք է եղել, բոլորը կենսաբանական մահեր, ինքնավնասման հիմքում հայաստանյան բանտերի քրոնիկ ու չլուծվող խնդիրներն են։

«Սկսած և՛ քրեական ենթամշակույթի առկայությունից, որը բավական ծածկված է և գրեթե անտեսանելի է ու փաստացի կարծես թե պետությունը այդ պայքարը մղում է նաև քրեականացնելով, բայց միևնույն է՝ շարունակում է քրեական ենթամշակույթը ունենալ իր ազդեցությունը մարդկանց և՛ ճնշելու, և՛ այդ ամբողջ մթնոլորտը ձևավորելու վրա, միաժամանակ պահման պայմանները», - ասաց Հովհաննիսյանը:

Նուբարաշենը, որտեղ գիշերը գրանցվել է այս հերթական ողբերգությունը, ընդհանրապես մարդու համար չէ այն վաղուց պիտի փակված լիներ, շեշտում է իրավապաշտպանը, այնինչ հենց Նուբարաշենն է գերբեռնված ավելի քան 530 դատապարտյալներով ու կալանավորվածներով: Եվ եթե պայմաններն այդպիսին են, ինչո՞ւ է հենց կալանքն ընտրվում խափանման այլընտրանքային միջոցների փոխարեն, հարցնում է Զառա Հովհաննիսյանը։

«Ամբողջ պետությունը պիտի գործի համակցված, եթե այդ պահին չկա հնարավորություն պատշաճ պայմաններում, պատշաճ պահման պայմաններից սկսած մինչև բուժօգնության պայմանները կալանավորված անձանց պահպանելու։ Այդ առաջին խնդիրը, որ մարդու ազատության դեմ, որպես այդպիսին ոտնձգություն ենք կատարում նրան կալանավորելով, և երկրորդը՝ նաև հաշվի չեն առնվում այն պայմանները, որտեղ հայտնվում են մարդիկ», - ընդգծեց նա։

Նուբարաշենում արձանագրված գիշերային դեպքով քրեական գործ է հարուցվել, դատաբժշկական փորձաքննություններ են նշանակված։ Իրավապաշտպանը, սակայն, մահվան դեպքերի պատճառների բացահայտման առումով նույնպես մեծ վերապահումներ ունի։

«Բոլոր դեպքերով հարուցվում են քրեական գործեր, բնականաբար վարույթ է նախաձեռնվում, բայց ի վերջո մահվան պատճառների խորքային հանգամանքները վեր հանել և հասարակությանը ներկայացնել.... դեռևս այդպիսի նախաձեռնություն չունենք», - նշեց Զառա Հովհաննիսյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում բարելավել են դատապարտյալներին պահելու պայմանները, օրինակ, Արմավիր քրեակատարողական հիմնարկում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում, ինչը նախկինում առկա չի եղել, ցավոք սրտի: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Արթիկ, Աարդաշեն, Նուբարաշեն, Սևան և Վանաձոր քրեակատարողական հիմնարկներում», - արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաճույքով է թվարկում, թե ինչ են արել բանտային կենցաղը լավացնելու համար։ Դատապարտյալներին թանգարան ու պատկերասրահ էլ են տանում, նույնիսկ հույզերի կառավարման դասընթաց կազմակերպում։

24-ժամյա ջուր ունեցող Արմավիրի բանտում սավանով կախվեց38-ամյա դատապարտյալը։ 63-ամյա կալանավորը, փաստաբանի պնդմամբ, մահացավ այդպես էլ բուժօգնություն չստանալով։ Չկա հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է, որ պետության հռչակած փոփոխություններին զուգահեռ մարդիկ բանտերում պարաններ են փնտրում։




XS
SM
MD
LG