Ավելի քան 3 տարի «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Գայանեն (անունն իր խնդրանքով փոխված է-խմբ.) հարցի պատասխանը, թե պատիժը կշարունակի կանանց գաղութո՞ւմ, թե՞ անմեղ կճանաչվի ու տուն կգնա, կստանա, երբ դատարանը վճիռ կայացնի: Մինչ այդ նա կմնա բանտում՝ կալանավորի կարգավիճակում: Իսկ կալանավորների պայմաններն ավելի խիստ են:
Ի տարբերություն դատապարտյալների՝ նրանք մի քանի հոգով 12-13 քմ-անոց խցերում են ապրում:
«Խցային պայմաններում եմ ես մեկուսարանում, մի քիչ ավելի կմեծացնեի, որ ավելի ազատ լինի: Որ շատ երկար ես մնում, այդ փակը սկսում է քեզ ճնշել»,- ասում է նա:
Կալանավորված կանայք գաղութի այլ մասնաշենքում են ապրում, որտեղ մեր մուտքն արգելված է: «Ազատությունը» նրանցից մի քանիսի հետ զրուցել է դատապարտյալների շենքում: Այս կանանցից ոչ բոլորն են կարողանում դատապարտյալների մասնաշենքում գործող դպրոցում դասերի նստել: Գայանեն այդ բացառիկներից է:
Օրենքի պահանջն է՝ կալանավորվածները պետք է մեկուսացվեն խցերում, որ չխոչընդոտեն նախաքննությանը։ Իսկ դատապարտյալները, որոնք արդեն հստակ հոդվածով են անցնում, ու պարզ է նրանց պատժաչափը, կարող են ավելի ազատ ռեժիմով ապրել կացարաններում: Դատապարտյալները նաև դասերին անարգել մասնակցելու և գաղութում աշխատելու հնարավորություն ունեն, կալանավորվածները՝ ոչ:
«Կավելացնեի ինչ-որ արհեստ, որ կալանավորված անձինք էլ կարողանային գալ, որովհետև իրենց էլ է պետք այդ զբաղվածությունն ապահովել», - ասաց նա:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն վերջերս «Աբովյան» ՔԿՀ-ի 16 կանանց հետ սոցիալական մի ծրագրի շրջանակներում հավաքել է նրանց գրավոր պատմություններն ու հրապարակել: ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանն ասում է՝ այդ 16 կանանցից միայն 3-ն էին դատապարտված, մնացած 13-ը կալանավորվածներ էին: Ասում է՝ իրենց պատմել են, որ բանտից դուրս եկած կանայք հասարակությունում ոչ միանշանակ են ընկալվում, բանտում՝ նույնպես:
«Կին է, հերիք չէ, մի հատ էլ հանցագործություն է կատարել, և դրանով պայմանավորված ավելի խորանում են կանանց վերաբերյալ ընկալումները, և նրանք ընդհանրապես սոցիալական մեկուսացման փաստի առջև են կանգնում», - ասաց Հովհաննիսյանը:
Դատապարտյալները օրվա ընթացքում միայն 1 ժամ ունեն զբոսանքի համար, բայց զբոսաբակը նույնպես սահմաններ ունի՝ 4 պատ ունի, երկինքն, իհարկե, երևում է, բայց ճաղերի արանքից:
«Դիմադրության ձայներ» գրքում բանտում գտնվող կանայք նաև պատմել են, որ հրաժարվում են այդ 1 ժամվա զբոսանքից:
«Որովհետև զբոսաբակի պայմանները որպես այդպիսին ավելի վատն են, քան իրենց խցի պայմանները և նշում են, որ մենք այդ զբոսանքը կարող ենք անել խցում, և եթե մենք զբոսաբակ պիտի գնանք մաքուր օդ շնչելու համար, այդ մաքուր օդը կարող ենք շնչել խցի պատուհանը բացելու միջոցով», - ասաց ՀԿ նախագահը:
Գրքում կանայք խոսել են նաև, թե հատկապես առաջին օրերին ինչ են զգացել ու տեսել:
«6 օր կարանտինում եմ եղել, մինչ այդ էլ ձերբակալվածների պահման վայրում էի, այնտեղ ավելի ահավոր էր, ինձ 7-8 օր պահել են, ահավորություն էր, լողանալու տեղ չկար, դուռը պիտի խփեի, որ ինձ տանեին զուգարան», - գրքում նշել է կանանցից մեկը:
«Ազատության» հետ զրուցած կալանավորված կանայք բանտում սկսել են անգամ անձրևը կարոտել. «Լիարժեք մարդ չես զգում քեզ, մենք այստեղ կարոտում ենք անձրևի հոտը, պատշգամբում մեկ գավաթ սուրճ խմելը, այնպիսի բաներ, որ դրսում չես արժևորում»:
Հայաստանի բանտերում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ
Հայաստանի բանտերում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ: Պաշտոնական վիճակագրությամբ՝ նախորդ տարի բանտում հայտնված 2686 մարդկանցից կեսից ավելին կալանավորվածներ են եղել, նույնը՝ նախորդ երկու տարիներին:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ ստացվում է, որ մարդկանց մեղքը դեռ ապացուցված չէ, բայց նրանք զրկված են ազատությունից: Հիշեցնում է՝ քրեական դատավարության օրենսգիրքը 2021 թվականից այլընտրանքային պատիժներ կիրառելու լայն հնարավորություններ է տվել դատարաններին, օրինակ՝ տնային կալանք, վարչական հսկողություն, բացակայելու արգելք և այլն: Ու չնայած այս հնարավորություններին, ըստ իրավապաշտպանի, դատարանները շարունակում են գերադասել մարդուն բանտ ուղարկել՝ ծանրաբեռնելով ոչ միայն բանտերը, այլև դատարանները:
«Քննչական գործողությունների տեսանկյունից շատ ավելի հարմար է, երբ անձը կալանքի տակ է, և քննիչները շատ հանգիստ հասանելի գնում են ՔԿՀ, կարողանում են իրականացնել ավելի արագ քննություն, և իրենց համար շատ ավելի ձեռնտու է տալ դատարաններին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը: Եվ դատարանները շատ ավելի աչալուրջ պետք է լինեն, ելնեն այն հանգամանքներից, թե անձի հետ կապված ինձ առանձնահատկություններ կան: Կալանքը պետք է կիրառվի հույժ անհրաժեշտության պարագայում», - շեշտեց իրավապաշտպանը:
«Աբովյան» ՔԿՀ-ում վերջին 4 տարիներին կանանց թիվն ավելացել է 31-ով՝ 41-ից հասնելով 72-ի, ու կրկին ճնշող մեծամասնությունը դեռ սպասում է դատարանի վճռին:
«Ազատության» հետ զրուցած դատապարտյալ կանայք ասում են՝ վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկը վերանորոգվել է, Սկայպով ընտանիքի անդամների հետ խոսելու հնարավորություն ունեն, մոր և մանկան սենյակներ կան, միջանցքում հեռախոս կա, որով կարող են դժգոհությունները պատմել ՄԻՊ-ին ու համապատասխան մյուս կառույցներին, կա դպրոց, որտեղ կարող են սովորել ու ավարտել, եթե կրթությունը կիսատ են թողել: Սնունդն էլ վատը չէ, «բայց, դե բանտ է, տուն ենք ուզում», ասում են նրանք, որոնցից շատերն ընդունում են՝ օրենք են խախտել:
Իսկ կալանավորված կանայք ամեն օր սպասում են, որ գուցե դատարանն իրենց տուն ուղարկելու որոշում կայացնի, սպասում են, քանի տարի, քանի օր, քանի ամիս, իրենք էլ չգիտեն՝ դատարանները ծանրաբեռնված են: