Մատչելիության հղումներ

ՔՊ-ական տնօրենը քարոզարշավի ընթացքում բարեգործություն է անում. իրավապահներից դեռ արձագանք չկա


Վաղարշապատում ընթացող քարոզարշավին զուգահեռ Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործությամբ է զբաղված: Այս արարքը քրեորեն հետապնդելի է, շեշտում է ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը:

«Քրեական օրենսգիրքը երբ է որ նայում ենք, տառին համապատասխան հանցագործություն է», - ասաց Գրիգորյանը:

Անուշ Համբարձումյանը, ով Վաղարշապատի ընտրություններում նաև տեղամասային հանձնաժողովի նախագահ է լինելու, ոչ միայն չի հերքում, այլ նաև Ֆեյսբուքի իր էջում մանրամասն պատմել է, թե որ բնակչին ինչ է բաժանել:

Քրեական օրենսգրքով՝ քարոզարշավի ընթացում թեկնածուները, կուսակցականները, վստահված անձինքն չեն կարող բարեգործություն անել, արգելված է, խախտողներն էլ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Ինչո՞ւ է ՔՊ-ական Անուշ Համբարձումյանն անտեսել այս արգելքը և զբաղվել բարեգործությամբ ընտրություններից տասն օր առաջ: Համբարձումյանն այսօր հրաժարվեց դպրոցից դուրս գալ և պատասխանել մեր հարցին, միայն պնդեց. «Հասարակական գործունեությունը հանրօգուտ աշխատանք է, առավել ևս չվճարվող աշխատանք է»:

Դեպքն ուսումնասիրել է նաև ընտրական գործընթացներով դիտարկող «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը: Պարզել են, որ բարեգործական փաթեթները Անուշ Համբարձումյանը ստացել է մեկ այլ կազմակերպությունից: Հենց այդ կազմակերպությունն էլ, ըստ Համբարձումյանի, պահանջել է փաթեթները շուտ բաժանել:

«Անկախ դիտորդից» մինչդեռ շեշտում են՝ այս իրավիճակը չէր առաջանա, եթե անձը չհամատեղեր դպրոցի տնօրենի, հասարակական կազմակերպության ղեկավարի, կուսակցականի և ընտրական հանձնաժողովի նախագահի գործառույթները: Անընդունելի համարելով այս համատեղումը՝ կոչ են անում Քննչական կոմիտեին քննել դեպքը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ քննարկել և դադարեցնել Համբարձումյանի՝ որպես ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

Անուշ Համբարձումյանի բարեգործության առնչությամբ կա՞ հարուցված քրեական գործ, դատախազությունից առաջարկեցին հարցը գրավոր ուղարկել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ միայն ասացին՝ դեպքն ուսումնասիրում են:

Տիկին Ռուզաննան, որ Գեղակերտի հնաբնակներից է, գոհ է ոչ միայն Անուշ Համբարձումյանից, այլ նաև Վաղարշապատի ընտրություններում իշխող ուժի թեկնածու Արգիշտի Մեխակյանից. «Ես Արգիշտի Մեխակյանին եմ ընտրելու, որովհետև ինքը մեր համայնքապետն է եղել, հոգատար, բարի, ինչ չեն արել ուրիշներն, ինքը արել է»:

Վաղարշապատում քարոզարշավը հաջորդ շաբաթավերջին կավարտվի, ընտրությունները նոյեմբերի 16-ին են: Ընդդիմադիրները այս ընթացքում բարձրաձայնել են տարբեր խախտումների մասին, այսօր էլ «Հաղթանակ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Վաղարշապատի թիվ 1 դպրոցի տնօրենին Արմավիրի մարզպետը ազատել է աշխատանքից՝ պատճառաբանելով, թե նա զբաղվում է քաղաքականությամբ:

«Ենթադրում եմ, որ, բնականաբար, իրենց ասելով՝ ընդդիմադիր է, բայց ես այդ մարդուն կյանքիս մեջ մի անգամ ինչ-որ առիթի տեսած լինեմ, թե չլինեմ, ուղղակի իր բարեկամն իմ ընկերն է», - ասաց Սևակ Խաչատրյանը:

Արմավիրի մարզպետ Վահան Խաչատրյանը հաստատեց՝ ինքն է ազատել դպրոցի տնօրենին. «Քաղաքականությամբ է զբաղվել աշխատանքային ժամին, դրա համար հեռացրել է»:

Իսկ ինչո՞ւ նույն հիմքով չի հեռացրել նաև Գեղակերտի դպրոցի տնօրենին, որը աշխատանքային ժամին սոցիալական ցանցի իր էջում հրապարակում էր Արգիշտի Մեխակյանի վերաբերյալ նյութեր, մարզպետն այս հարցը թողեց անպատասխան:

Ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը Վաղարշապատի ընտրություններում քարոզարշավի ընթացքից ևս մեկ խնդրահարույց դեպք առանձնացրեց, երբ Երևանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին:

«Մենք ինչքան էլ փորձեցինք հասկանալ տվյալ միջադեպի մանրամասները, ըստ էության, համայնքում ոչ ոք դրա մասին տեղեկատվություն չի տալիս, ոչ մեկը չի համարում, որ ինչ-որ առանձնահատուկ միջադեպ է եղել, նաև հենց թեկնածուն առանձնապես տեղեկատվություն չի տրամադրում ու անհասկանալի է: Կարծում ենք՝ այն նկարագրությունը, որ ինքն է տալիս դեպքի մասին.... չենք դասակարգում դեպքն այնպիսի արտառոց իրադարձություն, որի համար արժեր մարդկանց կալանավորել», - ասաց Գրիգորյանը:

Այս դեպքով իրավապահները ժամերի ընթացքում արձագանքեցին Հարություն Մկրտչյանի ահազանգին, չանցած մեկ օր՝ Կաթողիկոսի ազգականները հայտնվեցին ճաղերի հետևում: Իսկ ՔՊ-ական տնօրենի բարեգործության մասին տեսանյութն արդեն երրորդ օրն է՝ համացանցում պտտվում է, իրավապահները դեռ լուռ են:




XS
SM
MD
LG