Մատչելիության հղումներ

«Սա ուղիղ ճնշում է կաթողիկոսի վրա». Ներսիսյանների փաստաբանը սադրանք է որակում միջադեպը


Ամենայն հայոց կաթողիկոս Գորգին երկրորդը, արխիվ
Ամենայն հայոց կաթողիկոս Գորգին երկրորդը, արխիվ

Կաթողիկոսի մեկ ամսով կալանավորված հարազատներին Քննչականը մեղադրում է խմբի կազմում Ոսկեհատ գյուղում ընտրական գործընթացը խոչընդոտելու համար:

Սա նրանց փաստաբանը որակում է անհիմն ու շինծու մի գործ, որով, Արա Զոհրաբյանի կարծիքով, իրավապահները մեկ խնդիր են լուծում. «Այո, սա ուղիղ ճնշում է կաթողիկոսի վրա, ակնհայտ երևում է, որ սա կապ ունի հենց կաթողիկոսի հետ, այսինքն Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ ճնշումների մասին է խոսքը։ Եվ սա հակաեկեղեցական հերթական քայլն է»։

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն էր հայտարարել, թե շաբաթ օրը, երբ գյուղ էին գնացել քարոզչության, իրենց թեկնածուներից մեկն անցել էր նաև կաթողիկոսի եղբոր տան մոտով, իրազեկել էր մի քանի ժամից գյուղամիջում սպասվող հանդիպման մասին, բայց արժանացել հայհոյանքների, վիրավորանքների, նաև հորդորների՝ անհապաղ հեռանալ գյուղից:

«Իմ մոտ տպավորություն է, որ Ոսկեհատ համայնքը ամբողջությամբ Ներսիսյան ընտանիքին է պատկանում: Այնինչ իրենց իսկ կողմից հրապարակված տեսանյութի համաձայն՝ դա տեղի է ունեցել փողոցում: Որևէ մեկը նաև հաղորդագրության մեջ չի էլ նշել, որ ծեծի են ենթարկվել, ֆիզիկական բռնության են ենթարկվել: Ո՛չ, սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնալիքներ: Որտե՞ղ է ձայնը հրապարակված տեսանյութի, սա շատ կարևոր է», - նշել է Մկրտչյանը:

Կաթողիկոսի հարազատների փաստաբանը, սակայն, այսօր «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ տեսագրությունը դրսի տեսախցիկով է, ձայն չունի, հակառակ դեպքում ավելի ակնհայտ կերևային այս գործի թերությունները:

«Իրենց տան դիմաց նա է մոտեցել, այս պայմաններում մեզ թվում էր, մասնագիտական համերաշխությունն էլ հաշվի առնելով, որ առնվազն քննչական մարմինը, երբ որ տեսնում է՝ ապացույցը կա, էլ չի տանի այս մարդկանց կալանքի, որովհետև պարզ երևում է, որ այստեղ նույնիսկ հանցագործության դեպքը չկա», - ասաց Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանն էր հրապարակել տան տեսախցիկի կադրերը, դրանք ներկայացրել դատարան: 2.5 րոպեանոց տեսանյութում ընդամենը երկու, ապա երեք հոգի զրուցում են: Ըստ փաստաբանի՝ կաթողիկոսի եղբորորդին՝ Համբարձումը, «Հանրապետություն» կուսակցության անդամի հետ զրույցում հրաժարվել է մասնակցել սպասվող հավաքին, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Հայր ու որդի ցուցմունք են տվել, պատմել եղելությունը, ասում է փաստաբանն ու նկատում՝ եթե մի տղամարդը մյուսին հայհոյեր, ապա կադրում կերևար լարվածություն, քաշքշուկ, բայց նման բան չկա:

«Ես ունեմ հիմնավոր կասկած, որ դիտավորյալ է գնացել, որովհետև ուղղակի չեմ պատկերացնում, գնա այնտեղ և ինքը մոտենա այդ մարդկանց, այսինքն Համբարձումին։ Ես, իհարկե, հիմա չեմ կարող իր ցուցմունքների մասին խոսել, որովհետև դա նախաքննական տվյալ է, այդ տվյալն ինձ հասու է դարձել քննության ժամանակ, բայց միայն կարող եմ ասել, որ լուրջ հակասություններ կա իր պատմածի և տեսագրության ու նաև Համբարձում ու Գևորգ Ներսիսյանների ցուցմունքների միջև։ Իր ցուցմունքը տեսագրության հետ կապ չունի», - ընդգծեց Արա Զոհրաբյանը։

Քննիչները դատարանում պնդել են, որ Ներսիսյաններն ազատության մեջ կթաքնվեն, սա այն դեպքում, երբ նրանք անձամբ են ներկայացել քննչական՝ նկատում է փաստաբանը: Դատարանը եզրահանգել է, որ ազատության մեջ Ներսիսյանները կազդեն վկաների վրա: Ի՞նչ վկաներ, հարց է տալիս փաստաբանը, եթե մեղադրանքի հիմքում Ներսիսյանի տան մոտ կատարվածն է, գործող անձինք էլ՝ երեքն են: Ըստ քրեական գործի, այդ օրը գյուղամիջում սպասվելիք հավաքը խոչընդոտվել է Ներսիսյանների տան մոտ:

«Իրենք ասում են՝ ընտանիքի անդամների վրա կարող են ազդել, ռացիոնալ պատասխաններ չկային։ Այս գործընթացը ամբողջական իռացիոնալ մակարդակի վրա է», - ասաց Արա Զոհրաբյանը։

Փաստաբանն ահազանգում է, որ 68-ամյա Գևորգ Ներսիսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց դատարանը դա էլ հաշվի չի առել, որդին էլ հորը կալանավորելուց հետո ինքն է խնդրել իրեն էլ կալանավորեն: Զոհրաբյանը բողոքարկելու է կալանքի որոշումները:

Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը երեկ «Ազատությանն» ասել էր, որ Ներսիսյանների կողմից Ոսկեհատի գյուղամիջում տեղի ունեցած հավաքը խոչընդոտելու դրվագները գուցե արձանագրված են կադրերով, դրանք գտնելուն պես կներկայացնեն իրավապահներին: Իր ասածը ապացուցող տեսանյութն արդեն ուղարկե՞լ է քննիչներին. այս հարցին «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն այսօր նախընտրեց չպատասխանել, հորդորեց դիմել Քննչական:

Քննչականից «Ազատությանն» ասացին՝ նման կադրեր չեն ստացել:

Երեկ «Ազատության» հետ զրույցներում ոսկեհատցիները պնդում էին՝ բոլոր թեկնածուներին էլ նորմալ ընդունել, ճանապարհել են: Հարություն Մկրտչյանը, սակայն, չի բացառում, որ իրեն ու իր թիմին լավ չեն ընդունել, քանի որ ինքը ևս, ինչպես վարչապետն ու նրա թիմը, Գարեգին երկրորդի հրաժարականն է պահանջում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG