Էջմիածնում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը սկանդալներով է մեկնարկում:
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանն ու Արմավիրի հայտնի իշխանականները Դողս գյուղում բարեգործության անվան տակ կազմակերպված խնջույքի են մասնակցել, գյուղի երեխաներին նվերներ են բաժանել: Լրագրող Լիա Սարգսյանի հրապարակած կադրերում նաև «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի երկրորդ համարը՝ Լյուդվիգ Յայլոյանն է նվերներ բաժանում:
«Ականատես» դիտորդական առաքելությունը, հղում անելով լրատվամիջոցների հրապարակումներին, նույնպես ընդգծում է՝ նվերներ բաժանել է անձամբ Յայլոյանը: «Ականատեսը» շարունակում է՝ երեխաներից մեկին 10 հազար դոլարին համարժեք գումար են տվել: Հարակից տարածքում էլ տասնյակ մետրերի հասնող լի ու լի սեղաններ են գցված, նաև համերգ է կազմակերպվել, հրապարակված կադրերում երևում է ռաբիզ երգիչ Արտաշ Ասատրյանը:
«Ականատեսը» մանրամասնում է, որ միջոցառումը ներկայացրել են որպես բարերար Ռուբեն Մանուկյանի աջակցությամբ իրականացված համայնքային բարեկարգման աշխատանքների շնորհանդես: Արմավիրի մարզպետարանի հրապարակած տեսանյութում նվերներ բաժանելու դրվագը չի երևում, ոչ էլ տեղեկացրել են առատ սեղանների մասին:
Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այս ամենը քրեորեն պատժելի է, «Ականատեսը» գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Գլխավոր դատախազությունը հաստատում է՝ ստացել են հաղորդումը և օրենքով նախատեսված կարգով ընթացք տվել:
«Իսկ ինչի՞ համար իրավունք չունեն, երբ որ ես հրավիրված եմ եղել, այնտեղ հրավիրված է եղել որպես համայնքի ղեկավար նաև պարոն Յայլոյանը; Այսինքն, մարդ, ով բարերարություն է անում իր գյուղում արդեն ավելի քան 30 տարի ու իր հերթական միջոցառումներից մեկին հրավիրել է ինձ ու պարոն Յայլոյանին, ես կարծում եմ, որ կոռեկտ չէր լինի մերժել հրավերը», - ասաց Մեխակյանը:
Չնայած Քրեական օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված է՝ թեկնածուի, կուսակցականի կողմից անձամբ կամ նրանց անունից բարեգործության անվան տակ ընտրողներին արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք տալը 3-6 տարվա ազատազրկում նախատեսող արարք է, ինքը՝ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանն իրենց գործողություններում հանցագործություն կամ խախտում չի տեսնում:
«Ընտրական որևէ պրոցես չի գնացել, արգելվում է, եթե ընտրական, նախընտրական խոստումներ կամ որևէ մարդկանց ուղղորդում դեպի ընտրություններ... բայց որ լրատվամիջոցը կամ որ լրագրողը հրապարակել է նման տեքստ, թող գեթ մեկ կադր հրապարակի, որ ես կամ պարոն Յայլոյանը ընտրական պրոցեսի կամ որևէ ընտրական ուղղորդման մասին ենք խոսում», - նշեց նա:
Առերևույթ հանցագործության մասին ահազանգող իրավապաշտպաններն ընդգծում են՝ միջոցառումը «ակնհայտորեն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ընտրություններում թեկնածուների անվան հետ»: «Ականատեսը» այս պատմության մեջ Քրեական օրենսգրքի հենց նույն հոդվածի խախտում է տեսնում:
Մեխակյանը տեղյակ է, որ իրավապաշտպանները հանցագործության մասին են բարձրաձայնում, արձագանքում է՝ թող քննություն լինի. «Ես կոչ եմ անում քաղհասարակությանը, բոլոր մտահոգ մարդկանց թող դիմեն, պատշաճ կարգով պատկան մարմինները թող քննեն, բացահայտեն: Ես համոզված եմ, որ այդտեղ ընտրախախտում, որևէ ընտրական պրոցեսների հետ փոխկապակցվածություն չկա, չի եղել, միտում էլ չի եղել, մեր մտքի ծերով էլ չի էլ անցել»:
Մինչ հանրությունը ծանոթանում էր իրավապաշտպանների գնահատականներին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին խախտումների հերթական ահազանգը տարածվեց: Լրագրող Լիա Սարգսյանը Արգիշտի Մեխակյանի պաստառների տեղադրման կադրեր հրապարակեց՝ գրելով, թե քաղաքապետարանի աշխատակիցներն են այդ գործն անում, ինչն օրենքի խախտում է, իրավապաշտպանները նաև այս դեպքով են գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:
Այս ահազանգից մի քանի ժամ էլ չանցած «Հետքը» գրեց, որ Արգիշտի Մեխակյանի քարոզչական նյութերը Վաղարշապատի բնակավայրերի պաշտոնական ֆեյսբուքյան էջերում են տարածվում, ինչը փաստում է վարչական ռեսուրսի կիրառման մասին:
Ընտրությունները Վաղարշապատում նոյեմբերի 16-ին են, ՔՊ-ից բացի ևս յոթ քաղաքական ուժ է հավակնում իշխանության գալ ավելի քան 70 հազար ընտրող ունեցող խոշորացված համայնքում: