«Չենք պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, մեր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցու մեջ լինելը». - Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված նախկին քահանան ոստիկանների մշտական պաշտպանության ներքո շարունակում է տնօրինել Հովհաննավանքի եկեղեցական կյանքը:
«Տեսեք, որտեղ որ ժողովուրդն է, և որտեղ որ ժողովուրդը ունի իր ձայնը ասելու այդ հնարավորությունը և իրավունքը, և հնարավոր է, որ հակառակ կողմից նաև ճնշում են ժողովրդի այդ ցանկություններին և իրավունքներին, ոստիկանությունը ուղղակի պարտավոր է լինել, որպեսզի բախումներ չլինեն», - ասաց նա:
Բախումներ, միջադեպեր այսօր չեղան: Անցկացվեց մի պսակադրություն, նաև մի խումբ կանանց օրհնություն:
«Նկարվեցինք, օրհնվեցինք, շատ շնորհակալ ենք, շատ գոհ ենք Տեր Արամից լավ խոսքերի համար», - ասաց կանանցից մեկը:
«Օրհնությունը հասկանալի ձևով հասկացանք՝ բառերի իմաստը», - հավելեց մյուսը:
Ընդ որում, բոլորն էլ տեղյակ էին, որ նախկինում Տեր Արամը, որի ավազանի անունը Ստեփան Ասատրյան է, այլևս կարգալույծ է. - «Ո՞վ ա Տեր Արամին վարքաբեկում, իրավունք չունեն: Եթե եկեղեցական են, ո՞նց կարելի ա նման ձևով վարվել Տեր Արամի հետ»:
Նախկին քահանան շարունակում է պնդել՝ չի պատրաստվում լքել խորանը, շարունակելու է Աստծուն ծառայել այստեղ՝ որքան ստացվի: Հերքում է, թե փոխել է եկեղեցու դռան կողպեքը, բայց հավելում է՝ փոխել է Մայր Աթոռի տրամադրած բնակարանի կողպեքը. - «Վեհափառի տված բնակարանի կողպեքն էլ եմ փոխել, ի դեպ, որովհետև աշխատող չէր: Էստեղ չեմ փոխել»:
Հովհաննավանքում մեկ տարուց ավելի ծառայություն անցկացնող Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, սակայն, հակառակն է պնդում. - «Ափսոս ես չեմ նկարահանել էդ պահը, երբ որ միջուկը հանված էր ու միջուկի տեղը դատարկ էր: Այո, եկեղեցու դռան միջուկը, որի մեջ բանալին մտցնում և աշխատացնում ենք, և դա իրենք հանեցին, տարան, փոխեցին, բերեցին: Հիմա էն բանալին, որ կա մեզ մոտ, դա չի աշխատում»:
Տեր Սարգիսը հոգնել է այս վիճակից, Հովհաննավանքում խորան չի բարձրանում, նրան հանդիպեցինք Աշտարակի սուրբ Մարիանե եկեղեցում:
Քահանան ստիպված է իրեն դիմող հավատացյալներին այլ եկեղեցիներում հանդիպել՝ հեռու Հովհաննավանքից, հեռու՝ խնդիրներից:
«Ես չեմ գնա կատարելու, որովհետև այլևս հոգնել եմ էդ ամեն քաշքշուկների մեջ լինելուց: Ինձանից՝ որպես հոգևորականի, ինչ է հասանելի՝ ժողովրդին բացատրել, ժողովուրդը արդեն ինքն ա ընտրում՝ կուզի՞ գնա կարգալույծ արվածի մոտ, կուզի՞ գնա աշխարհիկը իրան օրհնի որպես հոգևորական, թող էթա էդ օրհնությունը վերցնի», - ասաց Տեր Սարգիսը:
Քահանան չի հիշում, որ մինչև այս եկեղեցին ոստիկանները հսկեին: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանն» այսօր փոխանցեցին՝ ոստիկաններն այնտեղ են, որ բախումներ չլինեն: Իսկ թե ինչո՞ւ է գերատեսչությունը մերժում կատարել Մայր Աթոռի դիմումում նշված խնդրանքն ու ապահովել իրեն պատկանող տարածք իր՝ օրինական քահանաների մուտքը, պետական կառույցից առաջարկեցին գրավոր դիմել:
Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռամբ անցկացված պատարագին մասնակցում էր նաև Մայր Աթոռի կողմից չարտոնված մի սարկավագ, որն իշխող կուսակցության անդամ է:
«Ուղղակի ես որ գնացի տեսա ձեռնադրված սարկավագ չկա, մտածեցի՝ կբարձրանամ խորան, վերաբերումը, Ավետարան կարդալը ես կանեմ, որը որ սարկավագի պարտականությունն ա, որ տեր հայրը չծանրաբեռնվեր՝ դա էլ ինքը աներ», - «Ազատությանը» ասաց Ռոբերտ սարկավագ Աղազարյանը:
Ութ տարի խորան չբարձրացած Ռոբերտ սարկավագը կիրակի օրը որոշել էր Լոռուց հասնել Արագածոտնի մարզ: Կադրերում նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին ծնկի է եկած՝ եկեղեցական հագուստով:
Մինչ Աղազարյանը պնդում է, թե իրավունք ունի ցանկացած եկեղեցու խորան բարձրանալ, վկայական էլ է ունեցել 2015-ից մինչև 2020 թվականների համար, Մայր Աթոռից հակադարձում են՝ սարկավագներին կարգալույծ չեն անում, բայց նա ճեմարանը կիսատ թողած, եկեղեցուց տարիներ առաջ հեռացած մեկն է, ում իրենք չեն արտոնել խորան բարձրանալ:
Նրանից քիչ այն կողմ ևս մի երիտասարդ է՝ դարձյալ հոգևորականի զգեստով: Նա էլ, ըստ համացանցում տարածված կադրերի, «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդական կառույցից է:
 
 
