Մատչելիության հղումներ

Շարունակվում է ՀԷՑ-ի և իշխանությունների վեճը՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր իջեցման շուրջ


Էլեկտրաէներգիայի սակագնի հավանական իջեցման հարցով վեճը իշխանության և ՀԷՑ-ի սեփականատերերի միջև շարունակվում է: Այսօր ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարեց, թե 2026-ի ընտրություններից առաջ իշխանությունները կդիմեն բոլոր մեթոդներին էլեկտրաէներգիայի սակագինը թեկուզ կարճաժամկետ հեռանկարում իջեցնելու համար։

«Գազից, ստեղից, ընդեղից, որտեղից ուզում է լինի՝ ինչքան գումար ուզում է ավելացած լինի, բերեն սակագինն իջացնեն, ասեն՝ տեսեք, մեր կառավարիչը եկավ, սակագինն իջավ, ընտրեք մեզ», - ասել է Ղազինյանը:

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն էր մի քանի օր առաջ պնդել, որ հոսանքի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամով. «Չնայած ՔՊ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 մլրդ դրամի ավելացած գումար ՀէՑ-ում»:

Սակագները հաստատող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից նախ հակադարձել էին՝ ասելով, թե սակագինը 3 դրամով իջեցնելու հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, հետո էլ պնդել, թե հանձնաժողովն արդեն սեպտեմբերի 15-ից սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի՝ սակագնի փոփոխություն կլինի, թե՝ ոչ:

Այսօր հանձնաժողովից «Ազատությանը» հայտնեցին, որ դեռ նորություն չունեն, դեկտեմբերին թերևս պարզ կլինի՝ հոսանքի գինը կիջնի, թե՝ ոչ։

«Իշխանություններն ընդամենը որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկիզբ այս գործընթացն անեին՝ շեշտելով որևիցե ձևով «Տաշիր կապիտալի» կամ Սամվել Կարապետյանի անունն ու վերագրեին իրենց լավ աշխատանքին: Ուղղակի չստացվեց, հաշվի առնելով, որ մենք ավելի շուտ և՛ ասել ենք, և՛ հիմա էլ պնդում ենք», - նշել է Ղազինյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 5 ամիս առաջ՝ մինչև սեփականատիրոջ կալանավորումն ու ՀԷՑ-ի ազգայնացմանը միտված գործընթացները, մերժել էր «Տաշիր կապիտալի»՝ հոսանքի գինն իջեցնելու առաջարկը։

Հանձնաժողովը պարզաբանել էր, թե 2025-ի հունիսին արված առաջարկը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և զուգահեռաբար կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը սակագնի վրա, ըստ հանձնաժողովի, ազդում է ընդամենը 0.2 դրամով։

ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը այսօր հակադարձեց՝ սխալ հաշվարկ են արել. «Դա հերթական սուտն էր մի պարզ պատճառով, որովհետև 3,6 միլիարդ առաջացել էր 5 մի քիչ ավելի ամսվա արդյունքում, այսինքն իրենք վերցրել են ընդամենը ամբողջ տարված կիլովատտով արտադրանքը բաժանել են կես տարում առաջացած շահույթի վրա: Դա մեկ դրամից ավելի էր անում միանշանակ, իսկ հաշվի առնելով, որ 2025 թվականին այս պահի դրությամբ ընդամենը 1,6 միլիարդ կիլովատտ է ծախսել ամբողջ բնակչությունը, այս պահի դրությամբ էլ մեր ասած 3,6 միլիարդը դարձել էր 7,2 միլիարդ, ընդամենը պետք է 7,2 միլիարդը բաժանել 1,6 միլիարդի վրա ու ստանալ՝ ինչքանով է հնարավոր իջեցնել բնակչության սակագինը»:

Դավիթ Ղազինյանը սուտ որակեց նաև այն պնդումը, որ «Տաշիր կապիտալը» դիմել է սակագնի իջեցման համար, բայց միաժամանակ առաջարկել 12 միլիարդ դրամի ներդրում։ Հանձնաժողովն այսպես հիմնավորում էր, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։

3 տարի է՝ մինչև 200 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը մեկ կիլովատտի համար 46.5 դրամ է, ինչքան սպառումն ավելանում է, գինը բարձրանում է։

Անցած ուրբաթ «Տաշիր» ընկերությունը Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հայտով դարձյալ դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Կառույցից այսօր չհայտնեցին՝ ինչ ընթացք են տվել այս նոր առաջարկին։

Իշխանությունները հայտարարում են, թե ՀԷՑ–ի ներսում քրեական սխեմաներ են գործել։ Այսօր Ղազինյանի հարցը հռետորական էր՝ ո՞ւր են այդ բացահայտումները, ի՞նչ բացահայտեցին այս երեք ամսում, երբ ՀԷՑ-ը ղեկավարում է ՔՊ-ական ժամանակավոր կառավարիչը:

«Կարող է գտել են ինչ-որ բաներ՝ տուգանքի ենթարկելու, տույժի, նկատողության, բայց լիցենզիայից զրկելու հիմք չեն գտել, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ: Ստիպված որոշում են կայացրել իրենց իմիջի հաշվին ևս մեկ ամիս երկարացնել՝ փորձեն էս մեկ ամսվա ընթացքում էլ ինչ-որ մեկին բռնել, մի բան էլի զրպարտող... սովոր են իրենք», - ընդգծեց Ղազինյանը:

ՀԷՑ-ի լիցենզիայի վերաբերյալ վարույթի վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մոտ մեկ ամսի առաջ էր ասել՝ կա երկու ելք՝ ՀԷՑ-ը կա՛մ կզրկվի լիցենզիայից, կա՛մ վարույթը կկարճվի։ Այլ մանրամասներ հանձնաժողովից այսօր «Ազատությանը» չփոխանցեցին։

Լիցենզիայի կասեցումը, ըստ էության, պետականացմանն ուղղված քայլերից մեկը կլինի: Ընկերությունը ազգայնացնելու մտադրության մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց նույն օրը, երբ եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով կալանավորվեց «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը:







XS
SM
MD
LG