Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանին հնարավոր ընտրության կամ արտահերթ նիստերի առջև՝ դատարանի վերջին վճռից հետո


Վանաձորի ավագանու խմբակցությունները մեկը մյուսի ետևից հայտարարություններ են անում, որոնցից երևում է, որ վերաքննիչ վարչական դատարանի տասն օր առաջ կայացրած վճռից հետո հնարավոր են համարում, որ ավագանին կարող է համայնքի ղեկավար ընտրել կամ տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Հայաստանի մեծությամբ երրորդ համայնքի ավագանին ամեն տարի ընդամենը 1-2 արտահերթ նիստ է գումարել, բյուջե ու սուբվենցիոն ծրագրեր հաստատել: Այս տարի վերջին նիստը մարտին է տեղի ունեցել: Դրանից հետո նիստի որևէ նախաձեռնություն չի եղել:

Արդեն 4 տարի տարբեր պատճառներով ձգվել են դատական նիստերը: Տասն օր առաջ դարձյալ վերաքննիչ վարչական դատարանը վերջնական թվացող մի վճիռ կայացրեց: Դրանից հետո «Հայրենիք» խմբակցությունը հայտարարեց, թե դատարանի հոկտեմբերի 15-ի որոշումից հետո այլևս խոչընդոտներ ու խանգարող հանգամանքներ չկան ավագանու հերթական նիստ գումարելու, որի ժամանակ օրենքի պահանջով պետք է ընտրել քաղաքապետ:

«Այս դեպքում կա 2 ելք՝ ընտրել քաղաքապետ ավագանու գործող կազմից կամ տապալել նիստը, դրանով նախաձեռնել ավագանու լուծարում, ապա նոր ընտրությունների նշանակում», - ասված է «Հայրենիք»-ի տարածած հայտարարության մեջ:

«Մենք դեռևս չորս տարի առաջ ասել ենք, որ վանաձորցու քվեն պետք է հարգվի ու այսօր էլ մնում ենք նույն դիրքորոշմանը։ Եթե Մամիկոն Ասլանյանը, սպասվելիք նիստի ժամանակ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու և «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» խմբակցության ձայները կբավարարեն ընտրել քաղաքապետ, այդ դեպքում մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով, եթե՝ ոչ, ապա չենք մասնակցի սպասվելիք նիստին՝ դրանով կնպաստենք ավագանու լուծարմանը և նոր ընտրությունների նշանակմանը», - ասված է հայտարարությունում։

Ավագանու անդամ Վահե Դոխոյանը հայտարարության մեջ ավելացրել է, որ այս հարցի շուրջ սպասում է մյուս խմբակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ասլանյան դաշինք», «Ապրելու երկիր» և ՀԱՍԿ խմբակցությունների հրապարակային դիրքորոշմանը։

«Ապրելու երկիրն» իր հերթին ոչ թե արձագանքել է «Հայրենիք» խմբակցությանն, այլև մյուսներին քաղաքական քննարկումներ սկսելու կոչ է արել. «Վանաձորի ավագանին վերջապես կարող է իրականացնել ընտրողների կողմից իրեն վերապահված իրավունքը՝ ընտրել համայնքապետ, որի աթոռը մինչև այժմ բռնազավթված էր իշխանության կողմից։ «Ապրելու Երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է խորհրդակցություններ ընդդիմադիր ուժերի հետ համայնքապետ առաջադրելու հարցով և հանձնառու է Վանաձոր համայնքը ազատագրել ՔՊ-ական լծից ու ազդեցությունից»։

21-ի ընտրություններում ամենաշատ ձայները ստացած դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որ երկուսուկես տարվա կալանքից հետո դատապարտվեց կոռուպցիոն գործարքների համար և դուրս եկավ բանտից, դեռ չի հստակեցնում՝ կառաջադրվի՞ արդյոք, թե՞ ոչ:

Այս պահին Վանաձորում իշխանություն ունեցող ՀԱՍԿ-ն ու նրան սատարող «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես լուռ են: Նրանք մշտապես այս հարցին պատասխանելիս ասել են, որ սպասում են դատական գործի ավարտին:

Տարօրինակ նախապատմություն ունի Վանաձորի ավագանու հետ կապված դատական գործը: 2021-ի դեկտեմբերին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում 3.97 տոկոս ձայն ստացած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկել էր քվեարկության արդյունքները: Կուսակցության ստացած 1314 ձայներին ընդամենը 10 քվե պակասել էր ավագանի անցնելու համար։ «Լուսավորի» անդամները համարում էին, որ ընտրական հանձնաժողովն անարդար է եղել իրենց նկատմամբ, դատի էին տվել ու դատարանից պահանջել համայնքի ավագանու ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել:

Մի ուրիշ հայց էլ դատարան էին տարել, որով պահանջում էին դադարեցնել արդեն մանդատներ ստացած ավագանու լիազորություններն ու ավագանուն պարտավորեցնել համայնքի ղեկավար չընտրել, քանի դեռ իրենց մանդատի հարցը չի լուծվել, ինչի պատճառով այդ դատական գործը ձգվեց 2 տարի:

Իրար ետևից միջնորդություններ ու նոր բողոքներ էին հասնում դատարանի տարբեր ատյաններ: Թեև բոլոր ատյանները մերժել են այդ պահանջները, բայց դիմումների հաշվին ժամանակը ձգվել է ևս երկու տարի:

10 օր առաջ կայացված դատական որոշման մեջ նշված է, որ մեկ ամիս անց միայն ուժի մեջ կմտնի ու, որ հնարավոր է այն բողոքարկել մեկամսյա ժամկետում: Թե էլ ինչ տեքստով բողոք կստանա դատարանը, հայտնի չէ:




XS
SM
MD
LG