Մատչելիության հղումներ

«Արգելափակված ժողովրդավարություն». Վանաձորի ինքնակառավարման եռամյա ճգնաժամը


Վանաձորի քաղաքապետարանը, արխիվ
Վանաձորի քաղաքապետարանը, արխիվ

Փոշոտ դատական գործերի արանքում Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի բնակիչները շարունակում են սպասել՝ ե՞րբ ի վերջո կունենան ընտրովի ղեկավար: Օրերս Վարչական վերաքննիչ դատարանը դարձյալ հետաձգեց Վանաձորի գործով նիստը՝ երկարաձգելով քաղաքական անորոշությունը, որը տևում է արդեն ավելի քան երեք տարի:

Մոտ 80 հազար բնակիչ ունեցող Վանաձորում արդեն մի քանի տարի է ժամանակավոր կառավարում է՝ դատարանների սահմանած արգելանքի և դատական նիստերի անհամար հետաձգումների պատճառով:

Իսկ այս իրավիճակը ստեղծվեց, երբ Մամիկոն Ասլանյանը, ում գլխավորած դաշինքը 2021-ին ամենաշատ ձայներն էր ստացել, ընտրություններից անմիջապես հետո կալանավորվեց: Նա բանտում երկուսուկես տարի անցկացրեց ու կալանքից ազատ արձակվեց անցած ամռանը:

Հիմա Վանաձորի ավագանու գործով ամեն նիստից առաջ քաղաքում հույսեր են արթնանում, որ իրավական թնջուկը վերջապես կհանգուցալուծվի և համայնքի ավագանին կկարողանա ղեկավար ընտրել, կամ գոնե նոր ընտրություններ կնշանակվեն: Սակայն երեքամյա դատական գործը դեռ տեղում դոփում է՝ երբ դատարանը կա՛մ նիստ չի գումարում, կա՛մ դատաքննությունը հետաձգում է:

Իրավիճակը չփոխվեց նույնիսկ այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց իր՝ երեք տարի առաջ ներկայացրած հայցից: Հենց այս հայցի հիման վրա էր դատարանն արգելել Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ գումարել:

Մասնագիտությամբ իրավաբան, նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը շեշտում է՝ այս երկարամյա դատական գործը Հայաստանի օրենսդրության համաձայն պետք է լուծվեր ընդամենը հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Պնդում է, թե այս ձգձգումները խախտում են ոչ միայն իր, այլև 80 հազար վանաձորցիների իրավունքները:

«Ես աշխատում եմ էդ գործողությունների մեջ որևէ տրամաբանություն չփնտրել: Դրանք զուտ քինախնդրությամբ ուղղորդված, շատ սխալ ... և իրավական, և քաղաքական, և համայնքի շահերի տեսակետից անհասկանալի և անընդունելի որոշումներ են եղել, որոնց պտուղները դեռ կքաղեն ու քաղում են դրանց նախաձեռնողներն ու դիրիժորները»,- «Ազատությանն» ասաց նախկին քաղաքապետը, ով համոզված է, որ դատական նիստերի ձգձգումներն անհիմն են:

Ակնկալվում է, որ «Լուսավորի»՝ հայցը ետ վերցնելուց ու Վճռաբեկի որոշումից հետո Վարչական վերաքննիչը ընդամենը իր հերթին պետք է որոշի, որ արգելանքն այլևս հանված է ու Վանաձորում կարող են համայնքի ղեկավար ընտրել: Բայց նիստերի ձգձգումների պատճառները հաճախ անհասկանալի են: Հունվարի նիստն օրինակ հետաձգվել էր՝ կողմերի բացակայության պատճառով: Իսկ վերջին անգամ վերաքննիչ վարչական դատարանը պարզապես հայտարարել է, որ դատավորը «զբաղված է» և չի կարող նիստին մասնակցել:

Վանաձորի քաղաքական ուժերը, սակայն, այս իրավիճակում գերադասում են լռել: Տեղական ակտիվիստների փոքր խմբերը փորձում են ուշադրություն հրավիրել իրավիճակի վրա, սակայն առանց էական արդյունքների:

«Ավագանու անդամները նույնիսկ իրենց շահեր չեն կարողանում պաշտպանել»

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է՝ դեռ 2023-ի դեկտեմբերին, երբ Վճռաբեկ դատարանը վերջնական էր համարել տեղական ընտրությունների արդյունքներն ու իր վճիռն էլ անբեկանելի, ավագանու խմբակցությունները կարող էին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն դիմել ու համայնքի ղեկավար ընտրելու իրենց իրավունքը վերականգնել: Մինչդեռ որևէ խմբակցություն որևէ քայլ այդպես էլ չձեռնարկեց:

«Վանաձորի համայնքի բնակչությունը իր ընտրությունը կատարել է, և հիմա խոչընդոտվում է ավագանու՝ համայնքի ղեկավար ընտրելու իրավունքը: Ստացվում է, որ էն մարդիկ, ավագանու էն անդամները, որոնք պետք է պաշտպանեն համայնքի շահերը, նույնիսկ չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել: Հետևաբար, ճգնաժամը հենց էդտեղ է», - կարծում է իրավապաշտպանը:

2021-ի տեղական ընտրություններից հետո իրար հետևեցին Վանաձորի դատական գործընթացները: Խորհրդարանը օրենքում հատուկ փոփոխություն կատարեց, որպեսզի վարչապետը կարողանա այստեղ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Այս իրավիճակի հետ հաշտ ավագանու իշխանական խմբակցությունները տարվա մեջ մեկ-երկու նիստ են գումարում, որոշումներ ընդունում՝ չլուծված թողնելով քաղաքացիների հազարավոր այլ դիմումներ ու խնդիրներ: Վանաձորի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 26-ին՝ երկու ամիս անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG