Մատչելիության հղումներ

Կիսատ-պռատ է գործում. ՀԿ-ն դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վաղաժամկետ ցրել Վանաձորի ավագանին


Վանաձոր, արխիվային լուսանկար
Վանաձոր, արխիվային լուսանկար

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վաղաժամկետ ցրել Վանաձոր համայնքի ավագանին և նշանակել նոր արտահերթ ընտրություններ։

Մեկ տարի առաջ դատարանի վերջնական վճռից հետո էլ ավագանին համայնքի ղեկավար չի ընտրել և հերթական նիստեր չի գումարել։ Ավելի վաղ այս նույն ՀԿ-ն բազմաթիվ դիմումներ է գրել, պնդել՝ օրենք է խախտվում։ «Բայց կառավարությունը մատը մատին չի տվել, քայլեր չի ձեռնարկել», - ասում է դատարան դիմած կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը:

«Երեք անգամ մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի Վանաձոր համայնքի ավագանին լուծի: Կառավարության պատասխանը միշտ եղել է հետևյալը, որ դատական գործընթաց է գնում և այդ փուլում հնարավոր չէ լուծել այս խնդիրը», - ասում է Քոթանջյանը:

Դատական գործընթացների պատմությունն սկսվել է դեռ 2021-ից, երբ «Լուսավոր Հայաստանը» վիճարկել էր տեղական ընտրությունների արդյունքները: Անցած տարի արդեն Վճռաբեկ դատարանն ավարտված համարեց վեճն, իսկ ընտրությունների արդյունքները՝ վերջնական։ «Լուսավոր Հայաստանն» անգամ հրաժարվեց բողոքից, հետ վերցրեց հայցը։ Դատական գործընթացը պետք է ավարտված համարվեր, ավագանին՝ գործի անցներ։

Բայց, արի ու տես, այս տարվա հունիսին դատարանը որոշեց վերսկսել երեքուկես տարի տևած դատաքննությունը։ Այս անգամ բողոքը «Լուսավոր Հայաստանի» փոխարեն ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնականատար Արկադի Փելեշյանի «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը։ Հայցվոր կողմը՝ Արկադի Փելեշյանն, արդեն երեք տարի է ղեկավարում է երկրի մեծությամբ երրորդ քաղաքը, նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ընդ որում, Փելեշյանն «Ազատությանն» ավելի վաղ ասել էր, թե կապ չունի ՀԱՍԿ կուսակցության հետ, այն կուսակցության, որի ընտրական ցուցակը Վանաձորում գլխավորել և դարձել է ավագանու անդամ։

Տասն օրից դատարանը հերթական վճիռն է կայացնելու Վանաձորի գործով: Արդյոք այն վերջնականը կլինի, թե՞ Վանաձորում ավելի քան երեք տարի ժամանակավոր կառավարում ստանձնած Արկադի Փելեշյանի ներկայացուցիչները դարձյալ կբողոքարկեն: Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է. «Խմբակցությունը, որը միտված է և իր շահից ելնելով ինչ-որ արհեստական բողոքներ է ներկայացնում՝ դատական գործընթացը երկարաձգելու համար, ըստ էության, պետք է դիմի Վճռաբեկ դատարան, և գործընթացը ևս մի քանի ամսով, խոսքը գնում է՝ 8-9 ամսվա մասին, հնարավորություն է ստեղծելու երկարաձգել»:

Ոտնահարվել են վանաձորցու իրավունքները. Իրավապաշտպան

Անցած տարիներին Վանաձորի ժամանակավոր կառավարիչները բարձր ամբիոններից գովասանքի են արժանացել։ Նախարարներն ու վարչապետը հայտարարել են՝ համայնքում իրականացվում է աննախադեպ մասշտաբի շինարարություն, քաղաքը ծաղկում է։ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավարը հակադարձում է՝ այս բոլոր տարիներին ոտնահարվել են վանաձորցու իրավունքները։

«Օրենքն ասում է՝ եթե ավագանին չի կարողանում մի նստաշրջանի երեք ամսվա ընթացքում նիստ գումարի, այսինքն՝ ինքը չի կարող լուծել համայնքի բնակչության խնդիրները, և այդ ավագանին այլևս պետք է դադարի գործել: Իսկ մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ չորս տարվա մեջ կազմակերպվում է նույնքան նիստ, որքան մեկ նստաշրջանի ժամանակ: Այսինքն՝ այդ ավագանին ոչ միայն չի կարող լուծել համայնքի բնակչության խնդիրը, այլ մի բան էլ խոչընդոտ է հանդիսանում խնդիրները լուծելու համար», - ընդգծում է իրավապաշտպանը:

Այս տարվա միակ նիստը յոթ ամիս առաջ է եղել

Քոթանջյանը չի բացառում, որ դատարանը կարող է անգամ վարույթ չընդունել հայցը։ Բայց նշում է՝ դա լավ առիթ կլինի դիմելու ավելի բարձր ատյաններ, հետո նաև՝ Սահմանադրական դատարան։ Մինչ այդ ավագանին շարունակում է կիսատ-պռատ գործել: Ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի պայմաններում տարվա մեջ 1-2 նիստ է տեղի ունենում:

Անցած տարիներին ընդդիմությունից երեք անդամների մասնակցությամբ հնարավոր է եղել քվորում ապահովել՝ արտահերթ նիստերի համար: Այսօր, սակայն, իշխանությունն արդեն քվորում ապահովելու խնդիր ունի: Տարեվերջ է մոտենում, երբ պետք է բյուջե ու սուբվենցիոն ծրագրեր քննարկվեն, բայց ավագանու նիստի մասին խոսք չկա: Այս տարվա միակ նիստը յոթ ամիս առաջ՝ մարտին է տեղի ունեցել:

XS
SM
MD
LG