Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորների պնդմամբ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իրականությունը կեղծում է, երբ խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե զինծառայության ժամկետը կես տարով կրճատելով բանակի թվաքանակը չի կրճատվում, քանի որ զինված ուժերը համալրվել են պայմանագրայիններով։
«Ժողովրդական խոսք կա, չէ՞, որ դիմացինդ սուտ է խոսում, ասում են՝ սուտը մեռնի՞: Հարցս, եթե համալրել էին, հազարավոր քաղաքացիների ամեն տարի 25-օրյա վարժական հավաք անվան տակ, նաև սահմանադրական որոշ դրույթներ խախտելով, 15 օրով ինչի՞ են հանում մարտական հերթապահության։ Եթե հազարավորները համալրել են, ապա ինչպե՞ս հասկանամ, որ ամեն ամիս Երկրապահ կամավորականների միությունը, իհարկե փառք ու պատիվ էն բոլոր տարիքն առած պապիկներին արդեն կարելի է ասել, որ նորից գնում են հայրենիքի սահմանը պաշտպանելու, ինչո՞ւ համար է հարյուրավոր երկրապահների անվան տակ այդ բոլոր կամավորականներին առաջնագիծ հանելը», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պնդումը, թե զինծառայության ժամկետը կես տարով կրճատելով բանակի թվակազմը չի կրճատվելու, կասկածի տակ է դնում նաև խորհրդարանական հանձնաժողովի մեկ այլ ընդդիմադիր անդամ՝ Տիգրան Աբրահամյանը։
«Իմ տեսածն ու իմ վերլուծությունները ցույց են տալիս, որ այս կրճատումը պարտադիր ժամկետային ծառայությունը վեց ամսով կրճատումը բերելու է բացասական բալանսի, սա մեկ։ Այո, ըստ էության բերելու է բանակի կրճատմանը», - ասաց Աբրահամյանը:
Այն, որ Հայաստանի զինված ուժերը համալրման կարիք ունեն ու նաև այդ պատճառով են վարժական հավաքների մասնակիցներին ներգրավում մարտական հերթապահության մեջ, ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանի ամբիոնից հաստատեց նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է մեկ ամսում լուծվել զինված ուժերի համալրման խնդիրը։
«Սա պարզապես երկիրը խոցելիության դաշտում պահելու ճանապարհն է»
«Ես համոզված եմ, որ այս եղած փոփոխությունը շատ ավելի մեծացնելու է այն ճեղքվածքը, որը գոյություն ունի զինված ուժերում, և բնականաբար դա բերելու է մեր երկրի խոցելիության աճը», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, թե իհարկե առաջացած ճեղքվածքը փակելու համար պաշտպանության նախարարությունը հետագայում կարող է առաջնագծում նոսրացնել պաշտպանական գծերը կամ մարտական դիրքերը, ավելի մեծ թվով պահեստազորայինների ներգրավել, ԵԿՄ անդամների թիվն ավելացնել մարտական հերթապահության մեջ, բայց եթե խոսում են բանակի մարտունակության մասին, ապա դրա հիմքում պետք է լինեն կանոնավոր զորքերը։
«Վերցնել և կարճաժամկետ կտրվածքով գնահատել պատերազմի հավանականությունը և գնալ այսպիսի փոփոխությունների, սա պարզապես երկիրը խոցելիության դաշտում պահելու ճանապարհն է»,- նշեց նա։
Աբրահամյանի կարծիքով՝ եթե պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը կայացվող որոշումների վրա իրական ազդեցություն ունենային, ապա եղած իրողությունների պայմաններում որևէ պարագայում այս քայլին չէին գնա։ Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի երեք, չորս, հինգ տարի հետո։ Եվ եթե անգամ հավատան, որ Ադրբեջանն առաջիկա մեկ-երկու տարում Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ապա ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություն լինի և համալրման կարիք առաջանա։ Ի՞նչ է անելու այդ ժամանակվա իշխանությունը։
«Մեր զինված ուժերի ղեկավարությունը այլևս դարձել է քաղաքական իշխանության կցորդը»
«Մեր զինված ուժերի ղեկավարությունը այլևս դարձել է քաղաքական իշխանության կցորդը, որտեղ ամեն գործողության համար, ոչ թե ռազմական գիտության հիման վրա որոշումներ կայացնելով է ամեն ինչ որոշվում, այլ շեֆը ի՞նչ կասի», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Ինչո՞ւ է այդ դեպքում իշխանությունը ընդդիմադիրների կողմից մատնանշված հնարավոր վտանգների պարագայում գնում այդ քայլին. «Քվե, քվե»:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս նշում է, որ 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը նախընտրական քայլ է անում։ Պատգամավորը, սակայն, միաժամանակ նշում է, թե նաև խելամիտ կասկած կա, որ Հայաստանի իշխանության այս որոշումը կարող է կապված լինել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ. «Նաև, այսպես ասած, ռևանշի չգնալու երաշխիք»։
Գեղամ Մանուկյանը նշում է, որ իհարկե հաջորդ տարի իրենց երեխաներին բանակ ճանապարհող ծնողները կուրախանան, որ երկու տարվա փոխարեն իրենց զավակները 1.5 տարի են ծառայելու, սակայն նաև զգույշուշացնում է. «Իրենց զավակը երկու տարվա փոխարեն 1.5 տարի ծառայելու ժամանակ ոչ թե 15 օր է լինելու առաջնագծում, այլ շատ ավելի երկար, այլ վեցը ութի փոխարեն են ծառայելու»։
Ի դեպ, թեև վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ժամկետային զինծառայության կրճատումը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարից, սակայն խորհրդարանում այս նախագծի շուրջ քննարկումները չեն էլ սկսվել։
«Եթե Նիկոլ Փաշինյանը առաջ ասում էր՝ «կառավարությունը ես եմ, պետությունը ես եմ», այս հայտարարությունից հետո ասաց՝ «Ազգային ժողովն էլ եմ ես», - ասաց Մանուկյանը:
Պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավորներն այսօր հրաժարվեցին անդրադառնալ այս թեմային: