Կայացել է Սերգեյ Լավրովի ու Մարկո Ռուբիոյի հանդիպումը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում երեկ հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն: Ըստ ռուսական կողմի՝ մոտ 50 րոպե տևած փակ հանդիպմանը պաշտոնյաները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ՝ Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածություններ հիման վրա։
Սերգեյ Լավրովը շեշտել է՝ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համակարգել ջանքերը՝ վերացնելու հակամարտության առաջացման հիմնապատճառները:
Մարկո Ռուբիոն էլ Մոսկվային կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը, հայտնում է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթը:
«Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ դադարեցնելու սպանությունները և ընդգծել Մոսկվայի կողմից զգալի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու համար», - նշել է Փիգոթը:
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը
ՄԱԿ-ում երեկ հանդիպել են նաև Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները: Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ քննարկել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման ու Ռուսաստանի կողմից եվրոպական երկրների օդային տարածքների խախտումների հարցերը:
Երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են նաև ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներն Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցերին:
«Ռուսաստանը ուզում է պատերազմը դարձնել նոր նորմ». Ղրիմի հարթակի 5-րդ գագաթնաժողովը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում երեկ տեղի է ունեցել նաև Ղրիմի հարթակի հինգերորդ գագաթնաժողովը: Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը շատ է ուզում պատերազմը դարձնել նոր նորմ, ինչը պետք է թույլ չտալ. աշխարհը չպետք է աչք փակի ռուսական զինուժի սպանությունների ու օկուպացիայի վրա: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չպետք է մեղմվեն կամ վերացվեն, քանի դեռ պատերազմն ու օկուպացիան շարունակվում են, ասել է նա։
«Ռուսաստանին չպետք է ներել այն ամենը, ինչ արել է 2014-ից ի վեր: Օկուպանտը պետք է պատասխանատվության ենթարկվի իր օկուպացիայի և պատերազմի ընթացքում գործած մյուս բոլոր հանցանքների համար, պատերազմը, որի համար միայն Ռուսաստանն է մեղավոր», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը դատապարտել է մարդու իրավունքների համակարգված խախտումները, որ Ռուսաստանը գործել է, հատկապես Ղրիմի բնիկ ժողովրդի՝ թաթարների նկատմամբ:
«Նրանք ամենաշատն են տառապում Ղրիմի օկուպացիայից և Ուկրաինայի դեմ ագրեսիայից, ինչպես նաև նրանք, ովքեր դիմադրում են ճնշմանը՝ պաշտպանելով անկախ լրատվամիջոցներին ու մամուլի ազատությունը», - ասել է Կարիսը:
Լատվիան խորապես հավատում է, որ հնարավոր է կառուցել այնպիսի աշխարհ, որտեղ Ուկրաինան ազատ է և ամբողջական, երկրի սահմանները հարգվում են, ժողովուրդն անվտանգ է, իսկ իր ապագան որոշում է հենց ինքը, ասել է Լատվիայի նախագահը. «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները պետք է հարգվեն և պաշտպանվեն: Ես ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ Ղրիմը Ուկրաինա է, փառք Ուկրաինային»:
Լիտվան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի կամ ուկրաինական որևէ այլ տարածքի օկուպացիան և բռնակցումը, հայտարարել է այս երկրի նախագահը: Գիտանաս Նաուսեդան կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ղրիմում ապօրինի ձերբակալված բոլոր ուկրաինացիներին, այդ թվում՝ լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպաններին, ակտիվիստներին: Միջազգային հանրությունը պետք է կանգնի այս անձանց կողքին և ապահովի, որ նրանց ձայները լսելի լինեն, հավելել է նա:
«Մեզ համար Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չեն… Ուկրաինացիների ձայնը չի լռեցվի», - հայտարարել է Նաուսեդան:
Ռուս-ուկրաինական ռազմական գործողություններ
Այս ֆոնին Ռուսաստանը հարվածել է Կիրովոգրադի, Վիննիցայի և Նիկոլաևի մարզերի էներգետիկ և այլ կարևոր ենթակառուցվածքներին։ Վիննիցայում խաթարվել է երկաթուղու աշխատանքը: Խարկովում ռուսական անօդաչուի հարվածից մեկ մարդ է սպանվել:
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Նովոռոսիյսկին, կա երկու զոհ: Ուկրաինական կողմը հայտարարել է, որ ռուսական երկու կործանիչ է խոցել: