Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը:
Դեպքի մասին ահազանգը ոստիկանություն ստացվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին:
Գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ լրագրողներին փոխանցել է, որ մյուս սպանվածը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, ով Գրիգորյանի հետ է եղել այդ պահին, սակայն ծառայության մեջ չի եղել:
Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթանակ էր տարել ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:
Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով: