Մատչելիության հղումներ

Երկու զոհ Մերձավանի կրակոցների հետևանքով. ինչ է հայտնի այս պահին (տեսանյութ)


Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը՝ նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վերջինս այդ պահին ծառայության մեջ չի եղել, հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը:

Դեպքի մասին ահազանգը ոստիկանություն ստացվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին:

Գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ կա նաև վիրավոր՝ Արծրուն Գալստյանը: Նա վիրահատվել է, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Սարգսյանի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով՝ մեկ դիմակավորված մարդ՝ ձեռնոցներով, մոտեցել է տեղում կանգնած երեք անձանց, կրակահերթ է արձակել:

Մերձավանում կրակոցների և սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչ Արտակ Հովհաննիսյանը լրագրողներին փոխանցել է, որ դիմակավորված անձը դեռ չի հայտնաբերվել: Նա հավելել է, որ ուսումնասիրվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ կապը այս տարի Մերձավանում գրանցված մեկ այլ միջադեպի հետ: Փետրվարին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի ղեկավար Մհեր Ախտոյանի տան դիմաց կրակոցներ էին հնչել, մեկ մարդ էր զոհվել: Մեղադրանք էր առաջադրվել 9 անձի:

Վարչապետը դատապարտել է այս միջադեպը, հայտարարելով՝ պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել, և որ այդ վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։

Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթանակ էր տարել ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:

Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով:

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը, անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավարի սպանությանը, ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ:

«Վալոդյա Գրիգորյանը սպանվել է ոստիկանության անգործության հետևանքով», - ասել է նա «Ազատության» հետ զրույցում:

«Ապրելու երկրից» Մեսրոպ Առաքելյանն էլ հույս է հայտնել, որ ժամ առաջ կբացահայտվի հանցագործությունը:

«Որևիցե լարում չկար, մի քանի օր առաջ ինքս էլ համայնքապետարանում էի», - ասաց նա:

«Ազատության» հետ զրույցում տեղացիները նշել են, որ հույսեր էին կապում համայնքապետի հետ:


XS
SM
MD
LG