Ռուսաստանը երբեք չի առարկել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը, սակայն ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունը Մոսկվայի համար անընդունելի է, քանզի անվտանգության խնդիրներ է ստեղծում, և հենց դա էլ եղել է ուկրաինական հակամարտության առաջացման պատճառներից մեկը: Պեկինում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, դա այլ հարց է: Բայց այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման մասին է: Եվ ոչ միայն այսօր, ոչ թե միջնաժամկետ, այլ երկարաժամկետ հեռանկարում: Մեր դիրքորոշումն այս հարցում հայտնի է՝ մենք սա մեզ համար անընդունելի ենք համարում», - նշել է Պուտինը:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ հակամարտության կարգավորումից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու տարբերակներ կան, և դա ևս քննարկվել է Ալյասկայում ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը: «Կարծում եմ, որ այստեղ հնարավոր է փոխզիջման հասնել»,- ընդգծել է նա։
Պուտինը նաև ասել է, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ, որը ռուսական զորքն իր վերահսկողության տակ է վերցրել պատերազմի ընթացքում, Ռուսաստանը կարող է համագործակցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ուկրաինայի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքի անդամ պետությունների պաշտպանական ծախսերի կտրուկ աճն անխուսափելի է, քանզի Ռուսաստանից եվրոպական պետությունների համար «ուղղակի սպառնալիք» կա, հաշվի առնելով, թե ինչ հեռահարության հրթիռներ իր զինանոցում ունի Ռուսաստանը։
«Մենք բոլորս սպառնալիքի տակ ենք՝ անկախ նրանից՝ ապրում ենք Լոնդոնում, թե Տալլինում», - ասել է Մարկ Ռյուտեն։
Ուշակովը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ
Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից արդեն ավելի քան երկու շաբաթ է անցել, սակայն առ այսօր պարզ չէ՝ կկայանա՞ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մակարդակով հանդիպում, ինչի մասին Թրամփը հայտարարում էր: Ավելին, Ռուսաստանի նախագահի օգնականը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ: Ըստ Յուրի Ուշակովի՝ Ալյասկայում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բազմաթիվ հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, նաև անդրադարձել երկրների միջև ավելի բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնելու գաղափարին, սակայն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին Պուտինն ու Թրամփը չեն պայմանավորվել:
«Հիմա բոլորը խոսում են եռակողմ հանդիպման, Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպման մասին, բայց որքան գիտեմ, կոնկրետ այս մասին Պուտինի և Թրամփի միջև որևէ համաձայնություն չի եղել», - ընդգծել է Ուշակովը:
ԱՄՆ-ը կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «բոլոր հնարավոր տարբերակները»
Մինչ այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարը սպառնացել էր, որ Վաշինգտոնն այս շաբաթ կքննարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման բոլոր հնարավոր տարբերակները: Fox News-ին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթը պարզաբանել է՝ ԱՄՆ-ն այս քայլին է դիմում, քանզի Ալյասկայում նախագահների հանդիպումից հետո Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթաց չի գրանցվել, իսկ Պուտինը շարունակել է հարվածել Ուկրաինային:
«Իրականում, նա ամենանողկալի ձևով ուժեղացրեց ռմբակոծությունները։ Հետևաբար, կարծում եմ, նախագահ Թրամփի համար բոլոր տարբերակները սեղանին են, և կարծում եմ՝ այս շաբաթ շատ մանրամասն կուսումնասիրենք դրանք», - նշել է Բեսենթը։
Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցով քննարկում՝ Փարիզում
Մինչ ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնում է պատժամիջոցներով, Ուկրաինային աջակցել ցանկացող երկրները նախատեսում են հինգշաբթի Փարիզում քննարկել Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցը, ինչպես նաև այն, թե ինչպես արձագանքել Ռուսաստանին, որը հրաժարվում է դադարեցնել արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմը:
Ուկրաինայի նախագահի օգնականը հաստատել է՝ Զելենսկին քննարկմանը կմասնակցի անձամբ, ոչ թե առցանց: Եվրոպական երկրների ղեկավարներից բացի՝ քննարկմանը կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի ղեկավարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ քննարկմանը կմասնակցի առցանց: Ֆրիդրիխ Մերցը նշել է՝ կքննարկեն Ուկրինային հետագա աջակցության հարցը և կփորձեն միասին վերլուծել իրավիճակը. «Անվտանգության երաշխիքների հարցը նույնպես իր դերը կխաղա։ Սակայն անվտանգության ամենակարևոր երաշխիքը, որ այս պահին մենք կարող ենք տալ, դա ուկրաինական բանակին բավարար աջակցություն ցուցաբերելն է՝ սատարելու երկիրը պաշտպանելու նրա ջանքերին»:
Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց
Ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Սումիին, կան տուժածներ և ավերածություններ, զոհեր և վիրավորներ կան Կիևում, Խերսոնում, Դնեպրոպետրովսկում, Կուպյանսկում: Օդեսայում ռուսական զինուժը հարվածել է նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտարարել է, որ մեկ գյուղ է վերցրել Դոնեցկում:
Ուկրաինական զինուժն իր հերթին անօդաչուներով հարվածել է ռուսական բնակավայրերի: Բելգորոդում տուժել է երկու մարդ, Ռոստովում վնասվել է երկու բազմահարկ շենք, կան վիրավորներ, ավելի քան 300 մարդ տարհանվել է: Ուկրաինայի զինուժը հայտնել է, որ Դոնեցկում մեկ գյուղ է ազատագրել: