Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հինգշաբթի օրը կհամանախագահեն Փարիզի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է Ելիսեյան պալատ։
Ռուսաստանի երեքուկես տարվա ներխուժմանը վերջ դնելու նոր միջազգային ջանքերի շրջանակներում ձևավորված «Կամավորների կոալիցիայի» հավաքը միավորում է շուրջ երեք տասնյակ եվրոպական երկրների։
Առաջնորդները «կքննարկեն վերջին շաբաթներին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ իրականացված աշխատանքները և կգնահատեն Ռուսաստանի կողմից համառորեն մերժվող խաղաղության դիրքորոշումից բխող հետևանքները», - ասվում է Ֆրանսիայի նախագահականի հայտարարությունում։
«Ֆրանս պրես» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, նշում է, որ Փարիզի բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ու դիվանագիտական քայլերն են՝ պատերազմը վերջ դնելու ուղղությամբ: Լրատվամիջոցի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի հավաքին։
Կիևը դաշնակիցներից անվտանգության երաշխիքներ է պահանջում՝ խաղաղության հնարավոր գործարքի պարագայում։ Եվրոպական մի շարք երկրներ առաջարկում են խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում որպես անվտանգության միջոց։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը աջակցում է եվրոպական խաղաղապահ ծրագրերին, սակայն ամերիկացի զինվորներ չի տեղակայի Ուկրաինայում։ Մոսկվան հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայում արևմտյան խաղաղապահ զորքերի ցանկացած գործողության։