Անցած գիշեր ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Ուկրաինային։
Բելայա Ցերկվայի վրա զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է մեկ տղամարդ։ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Միկոլա Կալաշնիկի խոսքով՝ նրա մարմինը հայտնաբերվել է ավտոտնակի կոոպերատիվում հրդեհը մարելիս։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել ձեռնարկության անգարներում և եռահարկ շենքում։ Հրդեհները մարվել են։
Սումի քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշենկոն հայտնել է, որ հարվածների հետևանքով ավերվել է առևտրի կենտրոնի տարածքը, վնասվել է չորս բնակելի շենք, կոտրվել է մոտ 50 պատուհան, կան տուժածներ։
Սումիի տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ քաղաքի Զարեչնի շրջանում տեղի է ունեցել խոշոր հրդեհ։
Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանում ռուսական զորքերը հարվածել են նավահանգստային ենթակառուցվածքներին։ «Սպառնալիքին ժամանակին արձագանքելու շնորհիվ կանխվել են զգալի ավերածություններ և մարդկային կորուստներ», - հայտնել են տեղական իշխանությունները։