Ադրբեջանի նախագահը կիսվել է իր տպավորությամբ՝ Հայաստանի սահմանադրությունը կփոխվի: Իլհամ Ալիևը կրկին հենց այդ փոփոխություններով է պայմանավորել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը:
«Պաշտոնապես խաղաղության համաձայնագիր չստորագրվեց մեկ կոնկրետ պատճառով՝ Հայաստանի սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր։ Բայց այն փաստը, որ այս փաստաթուղթը Ադրբեջանի և Հայաստանի կողմից նախաստորագրվել է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ», - նշել է Ադրբեջանի նախագահը:
Վաշինգտոնի բանակցություններին մասնակցած Հայաստանի արտգործնախարարն այսօր պնդել է՝ Երևանը Սահմանադրություն փոխել չի պարտավորվել: Հարցազրույցը երեկոյան՝ Հանրայինով կհեռարձակվի, Արարատ Միրզոյանի այս հայտարարությունը տեղ է գտել անոնսում:
«Վաշինգտոնում Սահմանադրություն չի քննարկվել, և մենք որևէ երրորդ կողմի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք», - նշել է Միրզոյանը:
Չնայած հայկական կողմի այս պնդումներին՝ Ալիևը զերծ չի մնացել սպառնալիքներից, երբ օրերս «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում խոսում էր Հայաստանի Սահմանադրությունը չփոխելու, ապա՝ Ղարաբաղի հարցը բարձրանալու հեռանկարից:
Նա առավել քան վստահ էր՝ տարածքային նկրտումների դեպքում հաղթողն Ադրբեջանն է լինելու, ու Հայաստանի ապագա բոլոր կառավարությունները հետ չեն կանգնի Վաշինգտոնի պայմանավորվածություններից, դա, ըստ Ադրբեջանի ղեկավարի, կնշանակի ոչ միայն իրենց, այլև աշխարհին դեմ դուրս գալ:
«Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա՝ այո, կարող ենք մտածել, որ սա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը։ Եթե Հայաստանի ապագա որևէ կառավարություն, անկախ նրանից, թե երբ կգա իշխանության, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բոլոր առումներով մեր օգտին է։ Կարծում եմ՝ սա բոլորի համար ակնհայտ է, և եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համարժեք կարձագանքենք։ Սա երկու պետությունների միջև համաձայնագիր է։ Սա իմ և Փաշինյանի միջև համաձայնագիր չէ»։
Իշխանական ՔՊ-ի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սպառնալիք տեսե՞լ է Ալիևի հայտարարության մեջ. - «Որպես սպառնալիք, եթե Հայաստանն էլ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չկա: Եթե այնպիսի իշխանություններ լինեն, որոնք չեն հարգի նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում սպառնալիքներ ոնց որ պատկերացնում էր Ալիևը, ես այդ ազդակն եմ ստացել»:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչած իշխանությունը խաղաղությունը հաստատված փաստ է համարում, ընդդիմությունը Սահմանադրություն չփոխելու դեպքում պատերազմի սպառնալիք է տեսնում Ալիևի հայտարարություններում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծում է՝ Ադրբեջանի նախագահը վերջին հարցազրույցով հաստատեց իրենց պնդումները, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները չեն կապում նրա ձեռքերը նախապայմանները պնդելու, նորերն առաջ քաշելու հարցում:
«Հայտարարություններից հետո, որ տարածաշրջան է եկել դարի խաղաղությունը, ավարտված է ամեն ինչ, ավարտված է կոնֆլիկտների շրջանը, էլի ստանում ենք նախապայմանի պնդման տեսքով երկրի մայր օրենքը փոխելու պահանջը: Երբ հարցնում ենք՝ չէ՞ որ սա էլ է նախապայման, ուղիղ ասում է, և սա երկրի ներքին գործերին ուղղակի միջամտություն է, ասում են՝ չէ, մենք անկախ ենք որոշել մեր Սահմանադրությունը փոփոխել: Չնայած էլ ի՞նչ անկախ, եթե սպառնում են Սահմանադրությունը չփոփոխելու դեպքում պատերազմով: Իսկապես Ալիևին այլևս չեն հետաքրքրում Փաշինյանի հետ պայմանավորվածությունները: Ուզում է ժողովրդի հետ պայմանավորվածություն, հայ ժողովրդի կամքի արտահայտում, մենք ամեն ինչ անելու ենք մեզնից կախված, որ այդ կետին չհասնենք: Եվ մեր գործն Ալիևի սրտի ուզածը ստանալը կանխելն է», - նշեց Վարդանյանը:
Ալիևը խոսում էր նաև Սյունիքով Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող «Թրամփի ուղուց», որը նա դարձյալ «Զանգեզուրի միջանցք» է անվանել, վստահություն հայտնել՝ եթե ԱՄՆ նախագահն իր անունն է տվել «Զանգեզուրի միջանցքին», ապա այն մոտ ժամանակներս իրականություն կդառնա: Ետ նայելով՝ պնդել՝ Ադրբեջանը 44-օրյայից հետո, վերջին 5 տարիներին հեշտությամբ կարող էր ուժով վերցնել այդ հատվածը, բայց չեն արել ու Հայաստանին ասել են, որ չեն կարող խոչընդոտել Նախիջևանի հետ կապը:
Իշխանական պատգամավորն, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանն, ասում է՝ ով ինչ մեկնաբանություն ուզում է տա՝ եթե Հայաստանով անցնող ենթակառուցվածքի դեպքում հարգվում է երկրի տարածքային ամբողջականությունը, դրանք գործում են ինքնիշխանության ու իրավազորության ներքո, դա միջանցքի հականիշն է: Իսկ Ալիևի խաղաղասիրության պնդումներին, իրենց իշխանության հեռատեսությունն է հակադրում:
«Այո, մենք վտանգ տեսել ենք մեր տարածքային ամբողջականության խախտման հետ կապված, իսկ այս նախագծով հետագայում էլ կանխվում է այդ հնարավորությունը: Ձեռնտու չի լինում հարձակում գործել, որովհետև եթե ունենք փոխգործակցություն, եթե ունենք փոխշահավետություն միմյանցից, ապա ինչի համար է պետք պատերազմել», - նշեց Հասմիկ Հակոբյանը:
Իլհամ Ալիևի խոսքով՝ իրենք հավանաբար հաջորդ տարի կավարտեն Նախիջևանից դեպի Հայաստանի սահման երկաթուղու ու մայրուղիների կառուցումը, Հայաստանի տարածքում էլ, ըստ Ադրբեջանի նախագահի, երկաթգծի կառուցումը չպետք է որ ձգձգվի, քանի որ ընդամենը 42 կիլոմետրանոց է: Ալիևն ասել է՝ դա հնարավոր է անել ամերիկյան ներդրողների ներգրավմամբ։
«Մեզ համար կարևոր է, որ երկաթուղին կառուցվի ու լինեն միջազգային անվտանգության երաշխիքներ», - նշել է նա:
«Զանգեզուրի միջանցքը» կամ TRIPP-ը, ըստ Ալիևի, կդառնա Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի միջոցով կապող Միջին միջանցքի ճյուղերից մեկի այլընտրանքը, որից Հայաստանը կշահի՝ դառնալով տարանցիկ երկիր ու ստանալով տարանցման վճարներ։