Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանը Իլհամ Ալիևը նաև ամերիկյան հեռուստատեսության եթերում է հնչեցրել: Վաշինգտոնում Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից ժամեր անց Ադրբեջանի նախագահը թե՛ տեղական լրատվամիջոցների հետ զրույցում և թե՛ այսօր հրապարակված Foxnews-ի հոդվածում ասել է, որ դա Հայաստանի տնային առաջադրանքն է, հենց դա կատարվի, պայմանագիրը կստորագրվի:
Միաժամանակ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Սպիտակ տանը փաստացի վերջին քայլն է արվել խաղաղություն հաստատելու ճանապարհին. - «Շատ դժվար կլինի որևէ երկրի համար՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս, այսօրվա նվաճման մասին որևէ վատ բան ասելը»:
Foxnews-ը մեջբերում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որը մերժել է այդ պայմանը՝ պնդելով, թե Հայաստանն արդեն իսկ հանձնառու է տարածքային ամբողջականությունը հարգելուն և «տարածքային պահանջներ» չունի որևէ հարևանի նկատմամբ։ Սակայն Հայաստանի ղեկավարը ամերիկյան լրատվամիջոցին նաև ասել է, որ կառավարությունը մշակում է նոր Սահմանադրություն, բայց դա անվանել է «ներքին հարց», որը կապ չունի խաղաղության պայմանների հետ։
Ադրբեջանը տարածքային պահանջ է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
Դեռ ամիսներ առաջ Փաշինյանն ինքը կարծիք հայտնեց, որ հղումն Անկախության հռչակագրին պետք է հանվի Սահմանադրությունից՝ դա, սակայն, չկապելով Բաքվի պահանջի հետ:
«Այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել: Եթե ես սա ասում եմ, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին», - ընդգծել է վարչապետը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տարօրինակ է համարում, որ Միացյալ Նահանգները չի դիմադրել այս նախապայմանին, ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է արդեն նախաստորագրված պայմանագրի դրույթը, որով կողմերը պարտավորվել են չվկայակոչել իրենց ներպետական օրենսդրությունը՝ համաձայնագիրը չկատարելու համար:
«Եթե վաղը Հայաստանում լինի իշխանություն, որը ստեղծի ուժեղ պետություն, որը ներկայացնի ընկալելի մոտեցումներ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և ցանկություն ունենան Արցախի հարցը բերել միջազգային օրակարգ, որևէ մեկը չի նայելու՝ Սահմանադրության մեջ հղում կա, հղում չկա: Սա Ադրբեջանի համար միջոց է միգուցե որոշակիորեն ձգձգելու պրոցեսն այդ ընթացքում ստանալու այն, ինչն իր համար կարևորություն է ներկայացնելու», - ասաց Աբրահամյանը:
Եվ մինչ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարածքային պահանջներ ունենալու համար, հայաստանյան ընդդիմությունն ահազանգում է՝ արդեն նախաստորագրված պայմանագիրը չի լուծում Հայաստանի օկուպացված տարածքների հարցը:
«Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում է՝ չնայած պայմանագրում մի քանի անգամ հիշատակվում է «տարածքային ամբողջականություն» եզրույթը, շեշտվում է, որ կողմերը միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում էլ նման պահանջներ չեն առաջադրի, հիշատակվում է Ալմաթիի հռչակագիրը, իսկ սահմաններն էլ նախկին ԽՍՀՄ տարածքով են արձանագրվում, սակայն, որևէ քարտեզ այդ տողերին կից չկա:
«Առանց քարտեզ խոսել տարածքային ամբողջականության մասին, նույնն է ոնց որ հարևանդ, որի հետ տարիներ շարունակ ունեցել ես կոնֆլիկտ, ասի՝ «ես ընդունում եմ, որ դու տուն ունես», բայց թե որտեղ է այդ տունն ու ինչ տարածք է զբաղեցնում այդ տունը, ոչ ոք չգիտի: Նույնն է նաև այս համաձայնագրի դեպքում: Այո, Ադրբեջանն ասում է, որ իրենից արևմուտք կա Հայաստանի Հանրապետություն, բայց թե ինչպիսի սահման ունի այդ Հայաստանի Հանրապետությունը և որն է այն սահմանագիծը, որից ձախ՝ արևմուտք ինքը չի կարող զորքեր տեղակայել, որևէ կերպ չի ֆիքսվում», - ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Վարդանյանը նաև հիշեցնում է՝ վարչապետ Փաշինյանը հրապարակավ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրով, մինչդեռ Իլհամ Ալիևը երբեք Հայաստանի տարածքի թիվ չի ասել. - «Հիմա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զորքերը, այդպես է Ադրբեջանը հարգում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Պարբերաբար սահմանագիծ այցելող Տիգրան Աբրահամյանն էլ հավելում է, որ օկուպացրած տարածքներում Ադրբեջանն ամրանում է. - «Եթե նույնիսկ դիտարկենք, որ այս պրոցեսի շրջանակում դելիմիտացիա, դեմարկացիա պետք է լինի, որտեղ նաև զորքերի հետքաշում պետք է տեղի ունենա համապատասխան ԽՍՀՄ քարտեզների հիման վրա, ապա ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ Ադրբեջանն ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, ճանապարհներ, կենցաղն է բարելավում»:
Երևանը հայտարարում է, որ Ադրբեջանի գրաված տարածքները ուժով վերադարձնելու ծրագիր չունի՝ ակնկալելով, որ դա տեղի կունենա սահմանագծման արդյունքում: Գործընթացը տավուշյան չորս գյուղերից հետո փաստացի կանգ է առել: