Մատչելիության հղումներ

Ալիևն ու Փաշինյանը խոսել են իրենց ձեռքբերումներից


ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Վաշինգտոնում ստորագրած համաձայնագրից օրեր անց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն այսօր խոսել են իրենց ձեռքբերումների մասին: «Հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք», - այսօր Քելբաջարում բնակիչների հետ հանդիպմանն ասել է Իլհամ Ալիևը:

«Ատելի Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն անգործունեություն էր ցուցաբերում և չէր կարող գործել։ Սակայն, իրավաբանորեն, այն գոյություն ուներ, և հիմա նրա վերջը մոտենում է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Մինսկի խմբի լուծարումը խաղաղության պայմանագիրը ստորագրելու Ալիևի նախապայմաններից էր: Հայաստանի ղեկավարը համաձայնել է դրան ու Մինսկի խմբի նախագահող երկրներից մեկում՝ Միացյալ Նահանգներում, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները դիմում գրեցին, որ այս ձևաչափը լուծարվի: Համանախագահողներից Ֆրանսիան ողջունել է, Ռուսաստանը՝ դեռ լուռ է:

Հայաստանի ղեկավարը, որի իշխանության օրոք Արցախն անցավ Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ, մինչև այս էր հայտարարել՝ դեմ է, որ Արցախյան շարժումը շարունակվի: Այսօրվա ճեպազրույցում վերահաստատեց. «Որպես վարչապետ իմ փորձառության ու վերլուծության հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը, ես այդ հայտարարությունն արել եմ 2025 թվականի մարտին, հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնոդրելու ՀՀ-ն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ալիևը պատմական հաջողություն է համարում Սյունիքով Ադրբեջանի ու Նախիջևանի ցամաքային կապը՝ իրենց ձևակերպած «Զանգեզուրի միջանցքը»: Ադրբեջանն ամբողջությամբ արդիականացնում է Նախիջևանի երկաթուղին, Հայաստանի տարածքով անցնող հատվածն էլ Հայաստանը պետք է կառուցի, ասել է Ալիևը:

Վաշինգտոնյան համաձայնագրով ենթադրվում է, որ Ադրբեջանը Նախջիևանին կապող ճանապարհի բիզնես կառավարումը 99 տարով կստանձնի ամերիկյան կողմը: Փաշինյանը ձեռքբերում է համարում, որ փաստաթղթում ամրագրվել են իր նշած հինգ սկզբունքները. - «Տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»:

Փոխադարձության սկզբունքը նաև Ադրբեջանո՞վ անցնող ճանապարհի մասին է, ինչպե՞ս է այն Հայաստանի համար գործելու: Մաքսային ու սահմանային վերահսկողությանն անդրադառնալով՝ այսօր Փաշինյանն ասաց, թե հին ձևերը չեն լինի: Ամեն ինչ կլինի պարզեցված ու տեխնիկական լուծումներով. -«Թվային տեխնոլոգիաների զարգացման տրամաբանությամբ գործում են բոլորովին այլ ընթացակարգեր, էլի եմ ասում, որ այն ձևերը, որ մարդկանց պետք է ձեռք տալ, շոշափել և այլն, այդ ձևերն արդեն բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի բոլոր սահմաններում 5,10,15 տարի հետո չեն լինելու, և մենք գնալու ենք պարզեցումների»:

Օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե խաղաղությունն արդեն իրողություն է: Թեև դեռ խաղաղության փաստաթուղթը միայն նախաստորագրվել է, Ալիևի մյուս նախապայմանը՝ Սահմանադրության փոփոխությունն էլ դեռ ուժի մեջ է, Փաշինյանը կարծում է, թե մեկ տարի անց սպասվող ընտրություններին քաղաքացիները խաղաղության ու ոչ խաղաղության միջև պետք է ընտրություն կատարեն. «Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև: Ես չեմ ուզում ասել՝ խաղաղության և պատերազմի: Ես ավելի մեղմ կասեմ՝ խաղաղության և ոչ խաղաղության միջև»:

Ալիևը պահանջում է, որ Հայաստնաի Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրին հղումը: Այստեղ հիշատակում կա Արցախի ու Հայաստանի միավորման մասին: Փաշինյանի կառավարությունը սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ աշխատում է: Վերջնաժամկետը 2027-ն են սահմանել, սահմանդրական հանրաքվեն ավելի շուտ անցկացնելն էլ Փաշինյանը չի բացառել: Իսկ եթե մարդիկ դեմ քվեարկեն, ի՞նչ ճակատագրի կարժանանա խաղաղությունը: Փաշինյանն այսօր այդ հարցին այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի այն պարագայում, եթե պարզվի, որ դա որևէ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա»:

2020-23 թվականները, որի ընթացքում Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, հայաթափվեց, ադրբեջանական զորքերը մխրճվեցին Հայաստանի սուվերեն տարածք՝ Սոթքից մինչև Սյունիք, Ջերմուկի բարձունքներ հասան, Ալիևը համարել է Ադրբեջանի ինքիշխանության լիակատար վերականգնման շրջան. «Պատմությունը կրկին ցույց է տվել, որ պատերազմի ավարտը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ճիշտ քայլ էր: Բայց միևնույն ժամանակ, այդ ժամանակ մեր հողերի մի մասը դեռևս մեր վերահսկողության տակ չէր: Այդ ժամանակից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը մեր գլխավոր նպատակը մեր երկրի ինքնիշխանության լիակատար վերականգնումն էր», - ասել է Ալիևը:

Ալիևն այսօր դարձյալ պնդել է, թե Ադրբեջանն է հեղինակել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, փաստաթղթի հիմքում ընկած են Ադրբեջանի դիրքորոշումները, իսկ դրա նախաստորագրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատմանը վերջ կդնի: Երկու շաբաթ էլ չի անցել համաձայնագրի ստորագրումից, Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ Հայաստանի ներդրումային ու տնտեսական հեղինակությունը ժամ առ ժամ աճում է:

XS
SM
MD
LG