Իսրայելում անցած գիշեր իրանական հրթիռների հարվածների հետևանքով չորս մարդ զոհվել է, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ մարմինները դուրս են բերվել փլատակների տակից, և փրկարարները շարունակում են որոնումները։
Մագեն Դավիդ Ադոմի շտապօգնության ծառայությունը հարվածներից վիրավորված 87 մարդու տեղափոխել է հիվանդանոցներ։ Հաղորդվում է, որ հինգ մարդ ստացել է միջին ծանրության վնասվածքներ, իսկ մնացածը՝ թեթև։
Երկուշաբթի վաղ առավոտյան իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին և Հայֆա նավահանգստային քաղաքին, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ էլ Իսրայելի ազգային արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ գիշերային հարվածների ժամանակ երկրի կենտրոնական հատվածում զոհվել է երեք մարդ, տասնյակները՝ վիրավորվել։
Հրապարակված տեսանյութում, ըստ Reuters-ի, Թել Ավիվի երկնքում երևում են հրթիռներ և պայթյուններ են լսվում այնտեղ և Երուսաղեմում։ Թել Ավիվի խիտ բնակեցված թաղամասում մի քանի բնակելի շենքեր ավերվել են հարվածի հետևանքով, ինչպես նաև կոտրվել են հյուրանոցների և մոտակա այլ տների պատուհաններ, որոնք գտնվում են ԱՄՆ դեսպանատան շենքից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Կոնտրոնական Իսրայելում իրանական հրթիռների հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է Time of Israel-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Շտապօգնության աշխատակիցները հիվանդանոցներ են տեղափոխել 74 մարդու, հինգ մարդու՝ միջին ծանրության և 68 մարդու՝ թեթև ծանրության։
Թեհրանը «ավերիչ պատասխանով» է սպառնում Իսրայելին
«Իրանի քաջարի մարտիկների կողմից ավերիչ պատասխանի մասշտաբները, անկասկած, կընդգրկեն օկուպացված տարածքների բոլոր հատվածները», - հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ, գնդապետ Ռեզա Սայադը։
«Լքեք օկուպացված տարածքները, քանի որ դրանք այլևս բնակելի չեն լինի ապագայում, ապաստարանները ևս չեն երաշխավորի անվտանգությունը», - Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է բարձրաստիճան զինվորականը։