Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ դեռևս գործողություն չեն իրականացրել Իրանի երրորդ, ամենապաշտպանված միջուկային օբյեկտի՝ Ֆորդոյի դեմ, բայց դա չի նշանակում, որ նման գործողություն չի նախատեսվում։
Ֆորդոյի կայանը խորը ստորգետնյա ամրություններ ունի, որոնց, ըստ արևմտյան հետախուզական աղբյուրների, Իսրայելը չի կարող հասնել առանց ամերիկյան ռազմական ուժերի օժանդակության։
Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ, Նեթանյահուն մեծ ջանքեր է գործադրել՝ այս հարցում Միացյալ Նահանգների օգնությունը ստանալու համար, սակայն, մինչև այս պահը պարզ չէ՝ Վաշինգտոնը կգնա դրան, թե՝ ոչ։
Իսրայելը կրկին թիրախավորել է Իրանի հեռուստատեսության շենքը։ Սոցցանցերում տարածված նկարներում երևում է, թե ինչպես է տարածքից սև ծխի հսկայական ամպ բարձրանում։
«Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է», - այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Մեզ համար հստակ է, որ ԱՄՆ-ն աջակցում է այս պատերազմում Իսրայելին: ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին պարտվելու շեմին է: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից», - ասաց իրանցի դիվանագետը:
Արձագանքելով Իսրայելի և Իրան միջև այս պատերազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ դեսպանն ասաց, թե նման տեղեկություն չունեն. - «Հավաստի փաստեր պետք է լինեն»:
«Չունենք տվյալներ, թե Իրանից Հայաստան տեղափոխվածներ կան: Զոհված կամ վիրավորված հայերի մասին էլ տեղեկություն չունենք», - նաև ասաց իրանցի դիվանագետը:
Դեսպանը նշեց, որ միջուկային օբյեկտների ռմբակոծման հետևանքով ճառագայթման տարածման մասին տեղեկություն ևս չունեն:
Մեհդի Սոբհանիի հրապարակած տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվել է 224, վիրավորվել՝ 1200 մարդ, նրանց 90 տոկոսը շարքային քաղաքացիներ են:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Իրանի Նաթանզի հարստացման կայանի վրա Իսրայելի օդային հարվածները «ուղղակի ազդեցություն» են ունեցել կայանի ստորգետնյա ցենտրիֆուգային սրահների վրա։
Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի վերահսկող մարմինը գնահատել է Նաթանզի՝ Իրանի միջուկային ծրագրի հիմնական հարստացման կայանի ստորգետնյա հատվածներում առաջացած վնասը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական հարվածներն ավերել են կայանի վերգետնյա շինություններն ու այն աշխատեցնող էլեկտրական սարքավորումները։