Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատեց՝ Իսրայելի հարվածների հետեւանքով սպանվել է Հետախուզական ծառայության ղեկավար Մոհամմադ Քազեմին։ Ըստ «Ազատության» իրանական ծառայության, սպանվել է նաև Քազեմիի տեղակալը՝ Հասան Մոհաղեղը, ինչպես նաեւ մեկ այլ զինվորական։
Ավելի վաղը լուրը հայտնել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Քազեմին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը ղեկավարում էր 2022 թվականից։
Իրանի առողջապահության նախարարության համաձայն, ուրբաթ օրվանից ի վեր Իսրայելի հարվածներից 224 մարդ է զոհվել ՝ այդ թվում երեխաներ։ Վիրավորների թիվն, ըստ գերատեսչության, անցնում է 1200-ից։
Նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը X-ում հրապարակած գրառման մեջ նշել է, որ զոհերի 90 տոկոսը խաղաղ բնակիչներ են։
Իսրայելի պաշտոնական աղբյուրները ավելի վաղ հայտնել էին Իրանի հարվածների հետեւանքով 13 զոհի, 380 վիրավորի մասին։
Իրանի փոխարտգործնախարար Ֆորմին Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսրայելը հարվածել է Իրանի արտգործնախարարության մասնաշենքերից մեկին, ինչի հետևանքով գերատեսչության մի խումբ աշխատակիցներ վիրավորվել են, հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը։
Իրանի արտգործնախարարի մեկ այլ տեղակալ ՝ Սայիդ Խաթիբզադեն էլ պնդել է՝ Իսրայելը դիտավորյալ է թիրախավորել Թեհրանում գտնվող արտգործնախարարության շենքը։
«Իսրայելի հանցավոր ռեժիմը դիտավորյալ և անողոք հարված է հասցրել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին», - X-ում գրել է Խաթիբզադեն՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում են ջարդված պատուհաններ և հատակին թափված բեկորներ։
«Հարձակման հետևանքով մի քանի քաղաքացիական անձինք վիրավորվել են»։
Իրանական աղբյուրները տուժած պաշտոնյաների մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդել։
Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է Հայֆայում Իրանի հրթիռային հարվածի հետեւանքով բռնկված հրդեհի մասին։ Իսրայելական աղբյուրները տուժածների մասին հաստատված տվյալներ դեռ չեն հաղորդում. Times of Israel-ը հայտնում է չորս, Jerusalem Post-ը՝ վեց վիրավորի մասին։
Նույն աղբյուրների փոխանցմամբ, հարձակումների ալիքը այս պահին ավարտվել է, բնակիչներին թույլատրել են լքել ապաստարանները։