Բրյուսելը արտահերթ նիստ է հրավիրում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը երեքշաբթի տեսակապով հանդիպման է հրավիրել դաշինքի անդամ երկրների արտգործանախարարներին՝ քննարկելու Մերձավոր Արևելքի իրադարձությունները, տեղեկացնում է ԵՄ արտգործնախարարի խոսնակը։
«Հանդիպումը հնարավորություն կտա մտքեր փոխանակել, համակարգել Թել Ավիվի և Թեհրանի հետ դիվանագիտական կապերը եւ հնարավոր հաջորդ քայլերը»,- փոխանցել է Եվրամիության պաշտոնյան։
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի հարավ-արևմուտքում մարտական պատրաստության վիճակի են բերվել , հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Մի քանի րոպե առաջ Ահվազում գտնվող մի շարք տեղանքներում ակտիվացվել են ՀՕՊ համակարգեր՝ թշնամական թիրախներին հակազդելու համար», - հայտնում է գործակալությունը։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածների ալիք է սկսել Իրանի արևմուտքում գտնվող տասնյակ հրթիռային թիրախների դեմ։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Նեթանյահու. Իրանը միջուկային 9 ռումբի համար բավարար ուրան ունի
Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո իր առաջին հեռուստատեսային հարցազրույցում վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ ըստ իսրայելական հետախուզության, Իրանն ունի բավարար քանակությամբ ուրան՝ ինը միջուկային ռումբ ստեղծելու համար։
«Մենք երկրորդ հոլոքոստ չենք ուզում՝ միջուկային հոլոքոստ», - ասել է Նեթանյահուն Fox News-ի հետ հարցազրույցում։ Իսրայելական հետախուզությունը, ըստ Նեթանյահուի, տվյալներ ունի, որ Իրանը մտադիր էր այդ միջուկային զենքը տրամադրել իր դաշնակիցներին, այդ թվում՝ հութիներին։