Մատչելիության հղումներ

Բյուջեից մինչև սահմանային իրավիճակ. ինչի մասին խոսվեց խորհրդարանում


Խորհրդարանն այսօր ամփոփեց 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Շուրջ մեկ շաբաթ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները քննարկեցին անցած տարվա բյուջեի կատարման մանրամասները, իսկ լրագրողները, բացի այս քննարկումներին հետևելուց, նաև հնարավորություն ունեցան այս ընթացքում գործադիր մարմնի որոշ ներկայացուցչի հարցեր ուղղել նաև այլ թեմաների վերաբերյալ:

Այսօր խորհրդարանում էին նաև մարզպետները: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից հետաքրքրվեցինք, սահմանին տիրող իրավիճակից: Երկու ամիս է՝ Սյունիքի որոշ գյուղերում անդադար կրակոցներ են լսվում:

«Կրակոցներ մերթընդմերթ լսվում են, բայց գիշերային ժամերին», - ասաց մարզպետը:

Հարցին՝ կրակոցները երկա՞ր են տևում, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց. - «Կարճատև են, բայց՝ տարբեր ժամերի: Նոր որևէ բան չկա: Վերջին տեղեկատվությունը, որ ՊՆ-ն հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք: Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում և հույս ունենում, որ խաղաղություն կլինի»:

Ղուկասյանը խոսեց նաև անցած շաբաթավերջին մարզում տեղի ունեցած մի դեպքից. Տեղեկություններ տարածվեցին, որ երկու պատանիներ մոլորվել են, ԱԱԾ-ն պնդեց՝ նրանք Ադրբեջանի տարածքում են: Անգամ հայտարարություն եղավ, որ բանակցություններ են վարում նրանց հետ բերելու ուղղությամբ, բայց ինչպես պատանիներն էին բացատրել, իրենք Ադրբեջանի տարածքում չեն եղել, այսօր նաև սա հաստատեց մարզպետը:

«Ինչքանով ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը: Ես կարծում եմ, ավելի շատ սպասել են, մութն ընկնի, նոր վերադառնան: ԱԱԾ-ն ինքը ևս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը», - ասաց մարզպետը:

Լրագրողների դիտարկմանը՝ այսինքն, ինքն իրեն հերքեց, Ռոբերտ Ղուկասյանն արձագանքեց. - «Ինքը իրեն չէ, այնտեղ և՛ Պաշտպանության նախարարություն կար, և՛ տեղական ինքնակառավարում, տարբեր տեղերից տեղեկատվություն էր գալիս, հետևաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրել: Ազգային անվտանգության ծառայությունը նախ էդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում: Ցավոք սրտի, հիմնականում էսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում»:

Տավուշի մարզում տիրող իրավիճակից էլ մանրամասներ ներկայացրեց մարզպետ Հայկ Ղալումյանը. - «Տավուշում նման դեպքեր եղել են մոտ մեկ ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել՝ ոչ ուղղորդված որևէ կետի վրա, հիմա հանգիստ վիճակ է»:

Ղալումյանն անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին, պնդեց, որ մարզում այս ուղղությամբ որևէ աշխատանք չկա: Ավելի քան կես տարի է՝ սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են, թե ինչպես պետք է շարունակեն սահմանազատման աշխատանքները, սակայն կես տարվա ընթացքում գործնականում որևէ քայլ չկա:

Վերջին անգամ այս մասին գործադիրի խոսել են նաև իրավասու պաշտոնյաները և պնդել, որ հստակեցվում է մեթոդաբանությունը: Հենց այս հարցերի շուրջ են քննարկումներ և այդ քննարկումների շուրջ փոխըմբռնում ձևավորելուց հետո աշխատանքները կշարունակվեն:

«Սահմանազատման գործընթացից իմ ունեցած տեղեկատվությամբ որևէ պրոցես չկա, այս պահին, ոչ մի աշխատանք, իմ տեղեկատվությամբ, չի իրականացվում», ասաց Տավուշի մարզպետը:

Այսօրվա քննարկմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը, սակայն, իր զեկույցը ներկայացնելուց հետո, ըստ էության, հրաժարվեց ճեպազրույցից: «Ազատությունը» նրանից փորձում էր ճշտել, արդյոք ինքը ԱՆԻՖ-ի գործով որևէ հարցաքննության մասնակցե՞լ է:

Հաջորդ շաբաթ արդեն պատգամավորները գործադիրի անդամների հետ բյուջեի քննարկումները կշարունակեն լիագումար նիստերում:



XS
SM
MD
LG