Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ


Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում, հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում» - հայտնում է ԱԱԾ-ն։

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքը կեսգիշերն անց է տեղի ունեցել, երբ տղաները գնացել են ձիերին բերելու։ Առևանգվել են, թե մոլորվել ու հայտնվել ադրբեջանական կողմում, Տեղում հստակ չգիտեն. արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են։

«Երկուսն էլ երիտասարդ տղաներ են, տասներկուերորդ դասարանն ավարտած։ Երեխեքը նստել են ձիերը, որ գնան իրենց ձիերի հետևից էլի՝ դիմացի պոստերի տակից բերելու։ Գնացել են ու բռնվել»,- ասաց Հովսեփյանը։

ԱԱԾ-ն հայտնում է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։

Բաքուն առայժմ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

2024-ի ապրիլին էլ Տեղ գյուղից մի հովիվ մոլորված հոտին փնտրելիս հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Միջադեպը տեղի էր ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում:

Տեղ համայնքի կազմում 7 գյուղեր են, 7-ն էլ` սահմանամերձ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG