Բրիտանիան և ևս չորս պետություն երեքշաբթի օրը պատժամիջոցներ են սահմանել Իսրայելի ծայրահեղ աջ երկու նախարարների՝ Իթամար Բեն-Գվիրի և Բեցալել Սմոտրիչի նկատմամբ՝ մեղադրելով նրանց Արևմտյան ափում ընդդեմ պաղեստինցիների բազմիցս բռնություն հրահրելու մեջ:
Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Նորվեգիան միացել են Մեծ Բրիտանիային՝ սառեցնելով Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրի և ֆինանսների նախարար Սմոտրիչի ֆինանսական ակտիվները և արգելելով նրանց մուտքը՝ նշելով, որ երկուսն էլ բնակվում են Արևմտյան ափում։
Ի նշան անհամաձայնության իր դաշնակից Բրիտանիայի հետ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X հարթակում գրել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է այդ քայլը։ Նրա խոսքով՝ դա չի նպաստի ԱՄՆ-ի ղեկավարությամբ Գազայում հրադադարի հաստատման, պատերազմի ավարտի և պաղեստինյան «Համաս» խմբավորման կողմից 20 ամիս առաջ գերեվարված պատանդների վերադարձի գործընթացին։