Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դռներն այսօր մոտ չորս ժամ փակ էին լրագրողների առջև՝ համալսարանականների հյուրը Հայաստանի վարչապետն էր:
Վերջին մեկ շաբաթում հոգևոր իշխանությանն ուղղված մի քանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ հարցերը Նիկոլ Փաշինյանը լսեց, բայց դրանք թողեց անպատասխան:
Կառավարության վերջին նիստում և դրանից հետո եկեղեցու ու հոգևորականների մասին Փաշինյանի գնահատականները համալսարան այցի ընթացքում նրան ուղեկցող կրթության և գիտության նախարարը հրաժարվեց մեկնաբանել: Ժաննա Անդրեասյանն ասաց՝ այդ թեմայով վարչապետի գրառումներին ավելացնելու ոչինչ չունի: Իսկ առհասարակ, ըստ նախարարի, հանրային այս խոսույթը որևէ մեկին չի կարող դուր գալ, բայց շեշտեց՝ նույն բառամթերքը հնչում է նաև այլ կողմերից, այդ թվում՝ իր հասցեին:
«Ես հասկանում եմ ձեր հարցերի տրամաբանությունը, ոճը, մոտեցումը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ, դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը: Մենք նաև առիթ ենք ունեցել խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին նաև սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր ու որևէ կերպ չեմ կարող համարել դա ընդունելի, որովհետև կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել՝ ունենալով տարաձայնություններ: Եվ դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով», - ասաց Անդրեասյանը:
Վարչապետ Փաշինյանը համալսարանում այսօր նաև ուսանողների հետ հանդիպեց: Նրա այցին ընդառաջ ոչ միայն մայր բուհ ելումուտն էր սահմանափակված, այլև հարակից տարածքում էր ուժեղացված հսկողություն: Մուտքի մոտ նրան դիմավորեց իր նախկին թիմակիցը, այժմ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Մասնագիտությամբ աստվածաբան ռեկտորը, սակայն, հրաժարվեց Փաշինյանի գրառումների վերաբերյալ դիրքորոշում հայտնել: Իսկ ինչպե՞ս են կազմել վարչապետի հետ հանդիպող ուսանողների ցուցակը:
«Ուսանողներն ազատ են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը տալու: Մենք ֆակուլտետներին դիմել ենք, ֆակուլտետները տվել են ակտիվ ուսանողների ցանկ, ու ասել ենք՝ ազատ են բոլոր տեսակի հացերի համար», - ասաց Հովհաննիսյանը:
Համալսարանի տարածքում մեզ հետ զրուցած ուսանողներն ասում էին՝ կամ հանդիպումից տեղյակ չեն եղել, կամ էլ լսել, բայց չեն հետաքրքրվել:
Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանը մասնակցած ուսանողներից շատերը հրաժարվեցին կիսվել տպավորություններով:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից ուսանողներից մեկը ոգևորված և տպավորված էր: Նրանից պարզեցինք, որ զրույցի թեման վարչապետի հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է եղել: