Մատչելիության հղումներ

«Փաշինյանի այս բառապաշարը տագնապ է առաջացնում». վարչապետի վիրավորական, քննադատական գրառումներն ու արձագանքները


Առավոտյան 8:20-ին Հայաստանի վարչապետի ֆեյսբուքայն էջի հետևորդները դեռ սուրճ էին խմում, երբ պայթեց առաջին ստատուսը. բառացիորեն այսպես. - «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Սկզբում հերքման հոգեբանական պահն էր, շատերը պարզապես չեն հավատում, որ սա երկրի առաջին դեմքն է գրում, մեկնաբանություններում կարդում են, որ փնտրում են էջը կոտրող ստահակին:

Հետո վրա հասան վարչապետի հաջորդ՝ կուսակրոնության ուխտը խախտող հոգևորականների մասին գրառումները, ու մեկնաբանություններն այլ հուն մտան. - «Ահա թե ուր է կորել դոգը։ Նրան պլաստիկ վիրահատություն են արել ու փոխել մեր հզոր վարչապետի հետ»:

Մեկնաբանություններում պարբերաբար վերադառնում է հարցը՝ էս ի՞նչ է, վստա՞հ եք, որ ինքն է գրել, և այս հարցին հետևում են վարչապետի համակիրների հիմնավորումները. - «Նա մեզանից մեկն է, նրա փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, սովորական, հասարակ հայ։ Եվ կարևորը դա չէ, ինչպես է խոսում կամ դրսևորում իրեն, կարևորը, որ իր շնորհիվ Հայաստանս ճիշտ ուղու վրա է»։

«Անամոթ խուլիգանություն է սա, փողոցային բառապաշար». քննարկումները այս աղմկոտ ստատուսի տակ դեռ շարունակվում են, թեպետ դրան այլ գրառումներ են հետևել, ավելին` վարչապետը տեսանյութեր է տեղադրել, որոնցում երեխաների հետ քաղցր հանդիպում է անցկացնում, հայհոյախառն գրառումներից հետո:

Աշխարհի ու հոգևոր իշխանությունների վատ հարաբերությունները երեկվանից վերսկսեցին եռալ՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո, թե եկեղեցիներն ու նրանց տարածքները մաքուր չեն, պահեստի են վերածվել:

Սրան կոշտ արձագանքող հոգևորականներ եղան՝ Գուգարքի թեմի առաջնորդը Փաշինյանին «երկրի գլխավոր ցավագար» անվանեց, Մայր աթոռի դիվանապետը հեգնական գրառում էր տարածել, դրան էլ հետևեցին սրբազանի ու քեռակնոջ վերաբերյալ Փաշինյանի հայհոյախառն գրառումը, ևս մի քանիսը հոգևոր վերնախավի կուսակրոնության կասկածի թեմայով և այս գործին հընթացս միացավ վարչապետի տիկինը:

«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում» - գրել է Աննա Հակոբյանը։

Եթե մանկապղծության մասին եք խոսում՝ իրավապահներին դիմե՞լ եք, այս հարցն ուղղեցինք Աննա Հակոբյանի գրասենյակին, արձագանքեցին՝ հարցերը միայն գրավոր: Տիկնոջ գրասենյակ դեռ տասն օր առաջ ենք հարցում ուղարկել նրա վերջին շաբաթների վիրավորական գրառումների առիթով ու պատասխան դեռ չենք ստացել:

Հոգևորականներին ուղղված գրառման մեջ Աննա Հակոբյանը կաթողիկոսին «Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզ» է անվանում ու հարցնում. - «Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք՝ հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն»։

Վեհափառը Բեռնում միջազգային համաժողովի էր մասնակցում ՝ Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության թեմայով. այստեղ նա խոսել է նաև արցախցիների վերադարձի իրավունքի ու հայ գերիների ազատ արձակման հարցերի մասին:

Օրվա գլխավոր շոկը, սակայն, մնում է հայհոյական բառը հանրագրում տարածած Փաշինյանի գրառումը. այն այս պահին ավելի քան 6 200 քաղաքացի է մեկնաբանել, և սա Փաշինյանի էջում մի բացառիկ գրառում է, որի ներքո քաղաքացիներն ավելի շատ զայրացել են, քան հավանել ու սրտիկել:

«Եթե Փաշինյանը կարծում էր, որ հայհոյախոսությամբ կարող է գրավել նոր համակիրների, ապա սխալվում է»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ եթե Փաշինյանը կարծում էր, որ հայհոյախոսությամբ կարող է գրավել նոր համակիրների, ապա սխալվում է. նույնիսկ տանը հայհոյանք օգտագործողը հանրային դաշտում դա անընդունելի է համարում: Ըստ Խառատյանի՝ Փաշինյանի այս բառապաշարը տագնապ է առաջացնում, որովհետև իշխանավորների խոսքը սովորաբար դրոշմ է թողնում:

«Իշխանության լեզուն կարող է կողմնորոշիչ դառնալ մարդկանց համար, կարող է թափանցել հասարակություն և դառնալ այնտեղ գերակշռող», - ընդգծեց Խառատյանը:

Ազգագրագետի տպավորությամբ՝ Փաշինյանը խոսում է իրեն հարազատ լեզվով: Ի դեպ՝ Խառատյանը ոչ մի արտառոց բան չի տեսնում, եթե եկեղեցում իրեր կան, ասում է՝ պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ է հենց եկեղեցին ապաստան դարձել հայերի համար:

Աղմկոտ այս օրվա ընթացքում Մայր աթոռից որևէ պաշտոնական հայտարարություն չեղավ: Էջմիածնի դիվանապետը մի գրառում արեց՝ անփոփոխ ոճով. - «Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ: Կրթարշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքներով և պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ...
Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա «լաց և ատամների կռճտոց»:

Արշակ սրբազանը այս գրառումը նաև վերնագրել է՝ «Համառոտագրություն մահախոսականի»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG