Մատչելիության հղումներ

ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանական կարողություներին. Կոստանյան


Երևանը բարձր է գնահատում Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, հետագա ամրապնդմանը, Գորիսում ընթացող «Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ համաժողովի բացմանը հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

«Բարձր ենք գնահատում նաև երկկողմ և եվրոպական ձևաչափով ցուցաբերվող Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի պաշտպանական կարողություններին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին» ,- նշեց Կոստանյանը:

Փոխարտգործնախարարը հավելեց, որ այս համաժողովի կազմակերպումը Գորիսում բնական և սպասելի է՝ հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների և դրանց թվում առաջնահերթ Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման նպատակը:

«Այս հստակ քաղաքական կամքի մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացումը»,- հայտարարեց փոխարտգործնախարարը:

Վահան Կոստանյանը հույս հայտնեց, որ համաձայն երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Սյունիքում մոտ ապագայում կտեսնեն ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում:

Նախորդ շաբաթ Երևանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Փարիզը պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել:


XS
SM
MD
LG