«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ամենալայն տարածաշրջանի շահերին», - հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Նա նշեց, որ Հայաստանի նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները, և սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները: Վահան Կոստանյանի խոսքով՝ Սյունիքում այսօր կազմակերպված միջոցառումը դրա խոսուն վկայությունն է:
Գորիսում այսօր բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Նախքան այդ էլ կայացավ «Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ համաժողովը:
«Այս համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի և մեր անմիջական և լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը», - հավելեց նա: