Մատչելիության հղումներ

«Տինտիրիտներ մի՛ արեք». Մարուքյանի պատասխանը Քոչարյանին և Սարգսյանին. իմփիչմենթի գործընթացը ձախողվեց


«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի բնորոշած «գեղեցիկ հեռանկարը» ձախողվեց:

«Շատ գեղեցիկ հեռանկար էր, որ մենք չունեցանք», - ասում է Աղազարյանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ»-ը Էդմոն Մարուքյանին անվանեց «Նիկոլ Փաշինյան 2» և մերժեց ոչ միայն սատարել նրա թեկնածությանը, այլև մերժեց անգամ հանդիպել Մարուքյանին:

Ընդդիմադիր խմբակցությունը, որ ավելի վաղ հայտարարել էր առանց նախապայմանների վարչապետի թեկնածուի հարցը քննարկելու ու Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու պատրաստակամության մասին, պնդել է. «Էդմոն Մարուքյանը իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը»։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետևաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում», - ասված է խմբակցության հայտարարության մեջ։

Էդմոն Մարուքյանը շուրջ 2 տարի՝ 2022-ից 2024 թվականը, Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը:

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Մարուքյանի պատասխանը չուշացավ. «Սերժ Սարգսյանն այսօր վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը»:

Մարուքյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց թալանի մեջ, հիշեցրեց նրա իշխանության օրոք «հավի բդի ու բանանի մոնոպոլիաները», ինչպես նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը. «Այսինքն՝ Էդմոն Մարուքյա՞նն է ատոմակայանը թալանել. ատոմակայանը թալանվել է Սերժ Սարգսյանի օրոք, Էդմոն Մարուքյանն է Հոկտեմբերի 27-ի ժամանակ մինիստր եղել, «Լավրովի պլանը» մերժել, Ապրիլյան պատերազմին հասցրել երկիրը»:

Ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցության առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ նախօրեին էր իմփիչմենթի թեման փակել, ասելով, որ իրեն այս պատմությունը հետաքրքիր չէ, և զրո տոկոս հավանականությամբ գործընթացում չեն ներգրավի:

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը իրեն տարբեր պատճառաբանություներով մերժող 2 -րդ և 3-րդ նախագահներին վանաձորյան հատուկ ֆոլկլորով է պատասխանել. «Մեր թաղամասում էինք ասում՝ տինտիրիտներ մի՛ արեք»:

ՔՊ-ից հեռացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հենց «Լուսավոր Հայաստանի» նախագահով էին առաջարկում փոխարինել Հայաստանն արդեն յոթ տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանին: Հովիկ Աղազարյանը համոզված է՝ եթե ընդդիմադիր ուժերը սատարեին իրենց թեկնածուին, և իմփիչմենթի գործընթացը հաջողությամբ ավարտվեր, ապա կկատարվեր ընդդիմության անցած 4 տարիների երազանքը՝ մինչև 2026-ի ընտրությունները կունենային ոչ իշխանական վարչապետ և կապահովեին ազատ ու արդար ընտրությունների անցկացումը:

Հովիկ Աղազարյանը իր այս առաջարկը հանճարեղ քայլ է որակում. «Տեխնիկական գիտությունների թեկնածու եմ, մաթեմատիկային {տիրապետում եմ} շատ լավ, երբ որ գումարեցի, տեսա՝ 34 է անում, գումարում ես 2, 36»:

Օրենքի համաձայն, սակայն, միայն ընդդիմադիր խմբակցությունների և Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի 36 ձայները բավարար չեն, Փաշինյանին անվստահություն հայտնելու համար առնվազն 54 պատգամավորի կողմ քվեարկություն է անհրաժեշտ: Արդյոք 18 իշխանական պատգամավոր կմիանա Փաշինյանի իմփիչմենթին, մաթեմատիկական այս մի հաշվարկը Աղազարյանին չի ընկճում, ասաց՝ հավանականությունը զրո չէ:



Ինչո՞ւ նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ի վերջո կանգ առան հենց Էդմոն Մարուքյանի թեկնածության վրա, արդյոք հաշվի չէին առել, որ ընդդիմադիր պատգամավորները չեն սատարի Նիկոլ Փաշինյանի նախկին դեսպանին, Աղազարյանն այս հարցին այդպես էլ չպատասխանեց, միայն ասաց, թե ունեցել են վարչապետի 7 թեկնածու, որոնցից մեկն էլ ինքն է եղել: Աղազարյանը թեև իր շանսերն ամենաբարձրն է գնահատում, բայց չառաջադրվելու իր ձևակերպումն ուներ. «Ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ»:

Նիկոլ Փաշինյանին Էդմոն Մարուքյանով փոխելու Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի առաջարկը քննադատության ենթարկվեց ոչ միայն ընդդիմադիրների, այլև իշխանության կողմից:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ անգամ հեգնել էր. «Աղազարյանի և Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ»:

Հովիկ Աղազարյանն այսօր արձագանքեց Սիմոնյանին՝ նրան «Նիկոլ Փաշինյանից ավելի շատ Նիկոլ» անվանելով:

Չնայած իրենց նախաձեռնության ձախողմանը, Հովիկ Աղազարյանը նշում է, որ այս գործընթացը չեն դադարեցնում, այն թողնում են բաց, և մինչև 2026-ի խորհրդարանական ընտրությունները որևէ ճակատագրական պահի ընդդիմադիր գործընկերները գուցե և վերանայեն և միանան իրենց նախաձեռնությանը: Ամեն դեպքում Էդմոն Մարուքյանի թեկնածությունը չեն փոխելու, իսկ ընդդիմադիր 2 խմբակցությունների վարչապետի այլ թեկնածուի էլ չեն սատարի, թեկուզ և եթե նրանք առաջարկած լինեին էլի Մարուքյանին:

XS
SM
MD
LG