Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ»-ը որոշել է չմիանալ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, արխիվ
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմիանալ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների ՔՆՆԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում», - գրել է Մամիջանյանը։

Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը դեռ ուրբաթ օրն է դիմել ընդդիմադիր խմբակցություններին ու հանդիպում խնդրել, որ քննարկեն այս հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկում են նաև խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները: Նրանց այդպիսի նախաձեռնություն սկսելու առաջարկ էր արել «Արթուն ենք» քաղաքացիական շարժումը:

Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG