Լոռու մարզի նորակառույց կրթական հաստատություններ զայրալից ստուգայցից ավելի քան մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ Լոռիում էր: Բայց ի տարբերություն անցած տարվա` այս անգամ վարչապետը մարզից գոհ է հեռացել, «Ազատությանն» ասաց մարզպետ Արամ Ղազարյանը:
Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև այն դպրոցներում, որտեղ 2024-ի տարեսկզբին տեսախցիկների առաջ պատից պոկել էր կախիչները, ստուգել ջրի ծորակներն ու մարզասարքերը: Այդ ժամանակ որակից դժգոհ վարչապետը չէր թաքցրել զայրույթն ու բացահայտ ակնարկել էր կոռուպցիոն «ատկատների» մասին:
Անցած տարվա շրջայցից անմիջապես հետո երեք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, Լոռու և Արմավիրի մարզպետները հեռացվեցին: «Կախիչների գործը» դարձավ լրատվամիջոցների թեժ թեման՝ խոստանալով փոթորիկ դառնալ շինարարական կոռուպցիայի դեմ պայքարում:
Իրավապահներն ու վերահսկողները հայտարարեցին միլիարդների հասնող շինարարությունների ստուգման մասին: Ամիսներ անց Պետական վերահսկողական ծառայությունը հաստատեց՝ վարչապետի կասկածներն անհիմն չէին: Ընդամենը 5 կրթօջախում հայտնաբերվեց պետական բյուջեից առնվազն 208 միլիոն դրամի անարդյունավետ ծախս: Հայտարարվեց՝ գները ուռճացված են, որակը՝ անհամապատասխան: Հսկողության վրա ծախսված 41 միլիոն դրամը ևս ջուրը գցված գումար դուրս եկավ՝ «տեխնիկական հսկողությունը ոչ լիարժեք և թերի» էր որակվել:
Բայց թղթերի վրա մնացած այս խախտումները հետևանքներ այդպես էլ չունեցան՝ բացի պաշտոնանկություններից:
Օրերս Ստեփանավանում, Մեդովկայում և Հագվիում նույն այս նորակառույցներում շրջելիս վարչապետը նախկինում արձանագրված թերությունների մասին հպանցիկ խոսեց՝ նշելով, թե նախորդ այցին աշխատանքները դեռ ավարտված չէին:
Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանը, ով այս պաշտոնն ստանձնել է հենց անցյալ տարվա աղմկահարույց ստուգայցից հետո, համարում է, որ շինարարական թերություններն անխուսափելի են: Նշում է, որ այս անգամ էլ որոշ թերություններ, հատկապես նոր կառուցված ավտոճանապարհներին նկատվել են, սակայն քննարկվել են դրանք շտկելու ուղիները: Թե ինչո՞ւ երկրի ղեկավարը նախորդ անգամ խիստ էր, այս անգամ ավելի մեղմ, մարզպետն ասաց՝ խստությունը տեղին է եղել:
«Այո, դիտարկումը շատ տեղին է եղել կախիչների հետ կապված, և ընդհանուր ամբողջովին վարչապետի կողմից ուսումնասիրվել են բոլորը: Ամբողջությամբ ուսումնասիրվել է, որի արդյունքում վարչապետը գոհ էր կատարված աշխատանքներից: Մշտապես ամեն այցի ժամանակ ամենայն մանրակրկիտ ձևով ուսումնասիրվում է վարչապետի կողմից», - ասաց նա:
Վարչապետի աշխատակազմի տարածած տեսանյութերում Փաշինյանն այլևս կախիչներ չէր պոկում, կրթօջախներում անբարեխիղճ շինարարությունից ու անպատասխանատվությունից չէր դժգոհում: Այս անգամ նա աշակերտների ու մանկավարժների առջև խոսում էր կրթության կարևորությունից: