«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը (ՄԱՍԿ) նախաձեռնի վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը: Այդ կուսակցությանն է անդամակցում նաև իշխող ուժից հեռացված մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Ասլանյանը:
«Ազատության» հետ զրույցում Հովիկ Աղազարյանը նշեց, որ ուրբաթ օրը հենց այդ հարցով կուսակցության վարչությունը նիստ է գումարելու, որտեղ էլ կհայտնեն իրենց հստակ դիրքորոշումը:
Այս պահին, ըստ Աղազարյանի, հստակ է, որ եթե Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեեռնեն խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ապա իրենք որևէ դեպքում չեն միանա: Այդ որոշումը կայացրել են դեռ իրենց կուսակցության համաժողովում, ասաց՝ այն փոփոխման ենթակա չէ:
Իսկ թե ով կլինի իրենց վարչապետի թեկնածուն, Հովիկ Աղազարյանը չցանկացավ նշել: Ասաց՝ թեկնածու ունեն, բայց այս պահին նպատակահարմար չէ այդ մասին խոսել: Աղազարյանը, սակայն, բացառում է, որ այդ թեկնածուն կարող է իշխող ՔՊ-ից լինել:
Փոխարենը չի բացառում հենց իր կամ Հակոբ Ասլայանի, կամ մեկ ուրիշի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում: