Ակտիվիստ Սամվել Վարդանյանին դեռ մեկ տարի առաջ են խոշտանգել, կա քրեական գործ, բայց չկա որևէ մեղադրյալ, այսօր խորհրդարանում փաստեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Ապա ԱԺ եկած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց. «Ակնհայտորեն ծնկաչոք վիճակում նսեմացրել են իրեն, տաբատն իջեցրել են, թքել են վրան, ծեծել են, խոշտանգել են, այսինքն՝ դրա ի՞նչն էլ պիտի փորձաքննվի, դրա մասով ի՞նչ անհասկանալի բան կա, որ մինչև հիմա՝ մի տարի շարունակում, Երևանում գործող բանդիտները չեն բացահայտվում: Դա հանցախումբ է եղել ակնհայտորեն»:
Մեկ տարի առաջ 30-ամյա Վարդանյանը քաղաքային տրանսպորտում նկատել էր այն ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» էր անվանել։ Նրան անմիջապես ձերբակալել էին, ոստիկանական մեքենայով ուշ ժամի տարել Քննչական։ Ճանապարհին երիտասարդին ուղեկցող ոստիկանները մեքենան կանգնեցրել էին ու հեռացել մի կողմ, իսկ այդ ընթացքում, ինչպես պնդում է Վարդանյանը, անհայտ անձինք մոտեցել ու ծեծել էին իրեն։
Ինչո՞ւ մինչ օրս չեն գտել այդ մարդկանց, ու ինչու՞ մեղադրյալի աթոռին չեն ուղեկցող ոստիկանները, գլխավոր դատախազն ընդդիմադիր պատգամավորի այս հարցին պատասխանեց, թե դեռ պատրաստ չեն փորձաքննության արդյունքները։
«Մենք դեռևս չենք ստացել փորձաքննությունների եզրակացությունները, և այս ձգձգվող փորձաքննությունները շատ հաճախ ինձ ուղղված սուր հարցադրումների պատճառներն են, և Ձեր կողմից նշված վարույթն էլ դեռևս երկու առանցքային փորձաքննությունն կա, որի եզրակացությունը ստանալուց հետո նոր հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել և հարցադրումներին պատասխանել», - նշեց Աննա Վարդապետյանը:
Քիչ անց, սակայն, դատախազին հուշեցին, որ փորձաքննությունները կան։ Աննա Վարդապետյանն ասաց՝ թեմային կանդրադառնա դրանց ծանոթանալուց հետո։
Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն «Ազատությանն» ասաց՝ փորձաքննությունների պատասխանը ստացել են երկու ամիս առաջ՝ փետրվարին։ Եթե դատախազը չգիտեր այդ մասին, ուրեմն շատ զբաղված է, հեգնեց փաստաբանը։
«Ցավալի է, այսպիսի կարևոր դեպքի մասին գլխավոր դատախազը տեղյակ չի լինում, և 2.5 ամիս հնության տեղեկության է տիրապետում: Շատ տարբեր զբաղվածություն ունի գլխավոր դատախազը, ենթադրում եմ, որ այս ամենով պայմանավորված այսպիսի երկրորդական հարցեր, ինչպիսին է խոշտանգումը, մի քիչ վրիպել է ուշադրությունից», - նշեց Ռուբեն Մելիքյանը:
Փորձաքննությունները արդյոք տալի՞ս են գլխավոր հարցի պատասխանը՝ Սամվել Վարդանյանը խոշտանգվե՞լ է. փաստաբանը դեռ շատ մանրամասներ չհրապարակեց դրանց բովանդակության մասին. «Մեր վարկածին որևէ կերպ չհակասող, որևէ կերպ մեր վարկածը կասկածի տակ չդնող եզրակացության հետ գործ ունենք»:
Մելիքյանը համաձայն չէ գլխավոր դատախազի պնդման հետ, թե քանի դեռ չկան փորձաքննության արդյունքները, մեղադրյալներ չեն կարող լինել։ Նրա գնահատմամբ՝ հարցաքննությունները, ոստիկանների հետ առերեսումները, դեպքի վայրի զննությունը բավարար էին ոստիկաններին մեղադրանք առաջադրելու համար։ Նրանց գործն էր ձերբակալվածին ապահով տեղ հասցնել, բայց դա չեն արել։
«Թող մեզ զարմացնեն՝ բացահայտեն», - ասաց փաստաբան Մելիքյանը՝ կասկածելով, որ այդպես կլինի։ Պատճառն, ըստ նրա, այս գործի քաղաքական ենթատեքստն է. «Սա ծամծմելու, ձգձգելու գործընթաց եմ համարում»:
Վարդանյանից զատ, 2024-ին խոշտանգման տասնյակ չբացահայտված գործեր կան, ինչո՞ւ, հարցը բարձրացրեց ընդդիմադիրներից Արծվիկ Մինասյանը։
Վարդապետյանն այս հարցի պատասխանում օրինակ չբերեց, փոխարենը նշեց, որ խոշտանգման մասին ահազանգերից ոչ բոլորն են հասնում դատարան. «Անձինք, որոնք հայտարարում են իրենց նկատմամբ կիրառված խոշտանգման մասին, այդ հայտարարությունն ինքնին դատարանում հիմք է վարույթ նախաձեռնելու համար, բայց հետագայում հաստատվում է, թե չէ, արդեն քննության արդյունքում է, և դեպքերի մեծամասնությունը չի հաստատվում, որովհետև հետագայում հնարավոր չի լինում պարզել, կամ ուղղակի առկա չեն լինում այն տվյալները, որոնց մասին անձինք բարձրաձայնում են»:
Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին իրավապահները ստացել են խոշտանգման մասին 210 ահազանգ, 2023-ին՝ 261, 2024-ին՝ 330, իսկ միայն այս տարվա երեք ամիսներին՝ արդեն 57 ահազանգ։ Սակայն մի քանի հարյուր ահազանգերի դեպքում դատարան են ուղարկվել մի քանի գործեր։ Օրինակ՝ 2024-ին ստացած 330 ահազանգերից որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը։